Times.am-ը գրում է.
«2013-14 ուսումնական տարում Շահումյանի շրջանում էական փոփոխություններ չեն եղել: Ինչպես եւ անցած ուսումնական տարում, այս տարի եւս ունեցել ենք շրջանավարտներ, ովքեր դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ մասնակցել միասնական քննությունների»: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի կրթության բաժնի վարիչ Խորեն Վարդանյանը:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս տարի շրջանն ունի 39 շրջանավարտ, որոնցից 13-ը մասնակցել են ընդունելության միասնական քննություններին:
«Ցավոք, որոշ աշակերտների մոտ արդյունքները գոհացուցիչ չեն, նրանք դրական շեմը չեն հաղթահարել: Մի քանիսը հաղթահարել են, եւ մնում է, որ կարողանան մրցույթն անցնել եւ ընդունվել բուհեր», նշեց պարոն Վարդանյանը:
Ըստ մեր զրուցակցի, դիմորդները դիմում են տարբեր բաժիններ: «Այժմ համակարգը թույլ է տալիս դիմել մի քանի բուհեր: Առաջին հայտով դիմում են իրավագիտական, տնտեսագիտական բաժիններ, իսկ բալերը չբավականացնելու դեպքում մասնակցում են հաջորդ հայտերով նշած բաժինների մրցույթին»:
Ինչպես տեղեկացրեց մեր զրուցակիցը, Շահումյանի շրջանից շրջանավարտները դիմում են հիմնականում Ստեփանակերտի բուհեր: Այս տարի 13 դիմորդներից երկուսն են դիմել երեւանյան բուհեր, իսկ մնացածը՝ Ստեփանակերտի բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Այս տարի ըստ նախնական տվյալների, շրջանի 16 համայնքների դպրոցներ կհաճախեն 75 առաջին դասարանցիներ: Ըստ կրթության բաժնի վարիչի, այս թիվը դեռեւս վերջնական չէ, կարող է փոփոխվել, սակայն հստակ կարելի է ասել, որ վերջին տարիներին առաջին դասարանցիների թիվը 75-80 է:
Անդրադառնալով շրջանի համայնքների դպրոցների հիմնական խնդիրներին, կրթության բաժնի վարիչն առանձնացրեց ուսուցիչների պակասը: Եկող ուսումնական տարում եւս ուսուցիչների պակաս կլինի հատկապես շրջանի ծայրամասային, շրջկենտրոնից կտրված գյուղերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ