Չեմ հասկանում, թե այս ինչ ալիք է Յուրի Վարդանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակելու առնչությամբ բարձրացել: Ընդ որում, ի՞նչն է ծիծաղելի՝ անխղճաբար քլնգում են նրա նախարարական գործունեությունը: Ինչի՞...

Վարդանյանը գուցե լավագույն նախարարը չէր սպորտի ու երիտասարդության նախարարությունում, բայց վատագույնն էլ չի, իսկ եթե հաշվի առնենք, որ ինքը արդեն մի քանի ամիս է՝ էլ նախարար չէ, առավել քան տարօրինակ է կարդալ քլնգոցները նրա հասցեին: «Ընկածին» խփելը պատվաբեր բան չէ ոչ մեկի համար, բայց ոնց հասկանում եմ, էս հակավարդանյանական ալիքը ԲՀԿ-ից է գալիս, ուստի ուզում եմ նեցուկ լինել Յուրի Վարդանյանին:

Հասկանում եմ, որ ԲՀԿ-ի ու դրա մանկլավիկը դարձած ՀԱԿ-ի համար աններելի էր, որ Վարդանյանը փորձում էր կարգուկանոն մտցնել սպորտի ոլորտում, որտեղ ինչ-որ անհասկանալի երկիշխանություն է ու մի հատ սպորտսմեն-բարերար արդեն ինչ-որ կրոնական կուլտ ա ձևավորել իր անձի շուրջ, բայց մի՞թե դա սխալ էր: Առավել ևս, եթե հիշենք Օլիմպիադայում «սպորտսմեն-բարերարի» կադրերի գրանցած խայտառակ ձախողումները...

Բայց սա էլ մի կողմ. եթե խոսում ենք դեսպան լինելու մասին, ապա Վարդանյանը, ըստ իս, ավելի քան արժանի է դեսպան նշանակվելուն: Նա լեգենդ է՝ անկախ նրանից, թե ինչ արդյունավետություն ունեցավ նախարարի կարգավիճակում, ու պետք չէ պղծել նրա հեղինակությունը: Անգամ թմրանյութերի գործով ձերբակալված որդու պատմության մեջ նա չկորցրեց իր արժանապատվությունը, և ուզում եմ նրա մոլի քննադատներին հիշեցնել, որ, ասենք, ի տարբերություն Լիցկայի, հանցանք գործած իր որդուն չազատեց՝ օգտագործելով իր կապերն ու ռեսուրսները, չնայած որ, չեմ կարծում, որ ինքը չուներ դրանք, իսկ որդու արածն էլ թեև խիստ դատապարտելի բան էր, բայց Լիցկի տղու նման մարդասպանության հարց չէր...

Ասել կուզեմ, հանգիստ թողեք մարդուն էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել