Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի չորսամսյա որակազրկումը հակասական տրամադրություններ է ծնել ֆուտբոլասերների մոտ:
Մի կողմից՝ հասկանալի է, որ չի կարող անպատիժ մնալ ոչ ֆուտբոլային արարքը՝ հատկապես, երբ այն առաջին անգամ չի դրսևորվում, մյուս կողմից՝ բոլորս ենք ափսոսում, որ աշխարհի ընթացող առաջնությունը զրկվում է նման մեծության աստղից:
Հատկապես ծանր է լինելու Ուրուգվայի հավաքականի համար, որը 1/8 եզրափակչի խիստ պատասխանատու խաղից առաջ զրկվեց իր առանցքային խաղացողից:
Բայց հասկանալի չէ Ուրուգվայի ֆուտբոլային ղեկավարության մուննաթը. Սուարեսը չորս տարի ունի այս պրոբլեմը ու ավելի ճիշտ կլիներ, որպեսզի՝ նման տհաճ վիճակից խուսափելու համար, այդ երկրի պատկան մարմինները զբաղվեին տաղանդաշատ ֆուտբոլիստի հոգեբանական, գուցե նաև առողջական խնդիրներով:
Այնուամենայնիվ, այսօր Լուիսը մխիթարական լուր է ստացել Կատալոնիայից. «Բարսելոնան» համաձայնել է պայմանագիր կնքել Սուարեսի հետ՝ անկախ ՖԻՖԱ-ի այսօրվա որոշումից:



