88510135_large_4360286_samaritanwoman

Հասկանալով, որ հենց Հիսուսի աստվածային բնույթի մերժման կամ ընդունման մեջ է կայանում քրիստոնեության և իսլամի կարևորագույն տարբերությունը և այդ ընկալման խնդիրն է ընկած դարավոր վեճերի հիմքում՝ ցանկանում ենք նշել, որ այս նյութը հիմնված է միայն Ղուրանի, Սուննայի և մուսուլմանական ավանդույթի վրա, այսինքն՝ արտացոլում է միայն Իսլամի պատկերացումը Հիսուսի կյանքի, էության և բնույթի մասին։

Մուսուլմանական ավանդությունները մանրամասն զարգացնում են Ղուրանում բերված քրիստոնեական ավանդությունները, հատկապես ծննդյան պատմությունը։ Հատկապես պետք է նշել Իսայի (Հիսուսի) և այլ մարգարեների ծննդյան տարբերությունը, քանի որ նա չի ծնվել ինչպես հասարակ մարդիկ, և չի ընտրվել Ալլահի կողմից, որպես առաքյալ, այլ ստեղծվել է Ալլահի անմիջական ցանկությամբ. «Հիրավի, Իսան Ալլահի առջև նման է Ադամին։ Նա ստեղծեց նրան փոշուց, իսկ հետո ասաց եղիր, և նա ստեղծվեց։ Ճշմարտությունը քո Տիրոջից է , ուստի մի եղիր կասկածամիտների թվում» (Ղուրան 3։ 59)։

«Հրեշտակները ասել են. Օ՜ Մարիամ, ահա Ալլահը ուրախացնում է Նրա մասին ավետիսով, ում անունն է մեսիա Հիսուս, Մարիամի որդի, փառավոր մոտ և վերջին աշխարհում և մերձավորներից» (Ղուրան, 3:45):

Իսլամական ավանդության մեջ հատուկ նշանակություն են ձեռք բերում էսխատոլոգիկ մոտիվները որոնք Ղուրանում գրեթե արտահայտված չեն։ Աշխարհի վերջի մասին մուսուլմանական պատումներում Իսան գործում է ալ-Մահդիի հետ։ Համաձայն այդ լեգենդների Իսան գտնվում է դրախտում և կիջնի երկիր Դատաստանի օրվա նախօրյակին։ Նա կիջնի Պաղեստին, որտեղ նիզակով կսպանի ադ-Դաջջալին և աշխարհում արդարություն կտարածի։ Հետո նա կմահանա և կթաղվի Մադինայում՝ Մուհամմադի կողքին, իսկ հետո բոլորի հետ հարություն կառնի։ Մադինայի մզկիթում նույնիսկ ցույց են տալիս այն տեղը, որտեղ պետք է թաղվի Իսան։ Արդեն հետղուրանական ժամանակաշրջանում լայն տարածում է ստանում Իսայի նշանակությունը որպես ռուհուլլահ (Ալլահի հոգի) և Ալլահի խոսք (Կալիմա)։ Իսային նաև անվանում են Աբդուլլահ (Ալլահի ծառա), Ռասուլուլլահ (Ալլահի առաքյալ), Ալլահի վկա (ալ-շահիդուլլահ) (5։ 117), Դատաստանի օրվա նշան (19։21, 21։ 91), գթություն (19։21)։ 

Իսայի, Մարիամի և հրեշտակների, Իսայի և Ալլահի երկխոսությունների մասին պատմությունների գեղարվեստական ձևը վկայում են Արաբիայում 7-րդ դարում քրիստոնեական ավանդույթի լայն տարածման մասին։ 

Նշենք, որ Իսան համարվում է իսլամի 2-րդ կարևորագույն մարգարեն՝ Մուհամմադից հետո։ 

Համաձայն Ղուրանի՝ Մուհամմադի մարգարեական առաքելությունը կանխորոշվել է Իսայի կողմից. «Ես Աստծո առաքյալն եմ, որ պետք է հաստատեմ օրենքը, որը ձեր ձեռքում է գտնվում և պետք է կանխագուշակեմ առաքյալի մասին, որը գալու է ինձանից հետո, որի անունն է Ահմադ»։ Ղուրանի այս հատվածը հիմնվում է Ավետարանի այն հատվածի վրա, որտեղ Հիսուսը խոստանում է հավատացյալներին Պարակլետի գալստյան մասին։ Մուսուլմանները գտնում են, որ այստեղ Ավետարանի տեքստը խեղաթյուրվել է. Պերակլետի փոխարեն, որը նշանակում է «սփոփիչ, մխիթարիչ», պետք է լինի Պարիկլետ, որը նշանակում է «փառավոր», ինչը հոմանիշ է արաբերեն Մուհամմադ բառին։ 

Իսան որոշ մուսոլմանական ուղղությունների համար դարձել է խոնարհման առարկա և նա Ղուրանում հիշատակվոում է 15 սուրայում՝ 93 այաթների մեջ։

 

Իսայի էությունը.

Համաձայն Ղուրանի՝ Իսան ունեցել է հոգևոր բնություն: Բայց եթե Իսան չի հանդիսանում Աստծու խոսք մարմնում, ինչպես հավատում են քրիստոնյաները և եթե նա հասարակ մահկանացու չէ, ապա մուսուլմանների պատկերացմամբ ո՞րն է նրա էությունը : Ղուրանում նշվում է.
1. Իսան ավելի շատ կարևոր տիտղոսներ ունի, քան այլ կերպար
2. Նա «Խորհրդանշան» է (19:21, 21:91), «Մեծահոգություն» է (19:21) և «Վկա» (5:117)
3. Իսայի մասին Ղուրանում միշտ պատվով է խոսվում
4. Իսան ընդհանրապես չի քննադատվում
3. Նա հանդիսանում է որպես Աստծո առաքյալ, Աստծո խոսք (քալիմա), Աստծո հոգի (ռուհ) (4:171):

Ղուրանում օգտագործվող «բաշար» բառը վերաբերում է մահկանացուներին, այլ ոչ թե հոգիների աշխարհին: Մուհամմադը, ինչպես և մյուսները, հասարակ մահկանացու է (18:110, 41:6): Նույնը վերաբերում է նաև մյուս մարգարեներին: Այսպիսով տարօրինակ է, որ «բաշար» բառը չի հանդիպում կապված Իսայի հետ: Հետևաբար պետք է լրջորեն դիտարկել այս հարցը, հնարավո՞ր է արդյոք, որ Իսան իսկապես եղել է ավելին, քան հասարակ մարգարե: Հիշենք, թե ինչ է խոսվում Ղուրանում Հիսուսի մասին:
1. Իսան ծնված էր կույսից (19:20-22)
2. Իսան անարատ էր (19:19)
3. Իսան եղել է հիվանդների մեծ դարմանող (3:49, 5:110)
4. Իսան Աստծո կողմից երկինք է բարձրացվել (4:158)
5. Իսան կրկին կվերադառնա (3:45, 43:61)

Սակայն սա դեռ ամենը չէ: Ղուրանում ավելին կա գրած Իսայի մասին: Հայտնությունը ճանաչում է, որ գոյություն ունի հստակ տարբերություն Աստծուն ծառայողների միջև (2:253) և Իսան հատուկ դիրք է զբաղեցնում: Նա կոչված է բացահայտելու աստվածային խորհրդանշանները (2:253, 43:63) և Իսան Աստվածային օգնություն է ստացել Սուրբ Հոգու միջոցով (2:253): Իսան անհատականություն է, ով տիրապետում է բացառիկ արժանապատվությամբ ինչպես այս աշխարհում, այնպես էլ այն (3:45): Բոլոր մեկնաբանությունները համաձայնվում են այն փաստի հետ, որ սա ենթադրում է սրբություն և օրհնություն: Միայն Իսան է կարող անել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են «արարել» և «կյանք պարգևել» (3:49): Ղուրանում ոչ մի մարգարե չի կատարել նման գործողություններ: Այդ պատճառով Իսան վեր է կանգնած մնացած անհատականություններից՝ հասնելով մի մակարդակի, որին ոչ մի մարդ չի հասել:

Հետագա ուսումնասիրություններ.

Շատ մուսուլմաններ հավատում են այն առասպելին, որ նրանց թույլատրված է ընթերցել Ղուրանը որպես Աստվածային կարգադրության վերջին հրատարակություն: Նրանք կարծում են, որ Աստվածաշունչը («Թաուրա»՝ Մովսեսի հնգագիրք, «Զաբուր»՝ Սաղմոսարան, և Ինջիլ՝ Ավետարան) հետաքրքիր չէ: Սակայն սա հակասում է Ղուրանին, քանի որ Ղուրանի 3:61 և 3:64 այաթներում մուսուլմաններին առաջարկվում է քննարկումներ վարել Գրքի (Աստվածաշնչի) մարդկանց հետ և հետազոտել հավատքի ուղիները:

Ատ-Տաբարին (10-րդ դար) եղել է մուսուլման նշանավոր աստվածաբաններից մեկը: Նա մի շարք մեկնաբանություններ է գրել Ղուրանին: Այսպես, 28:82-ի հետ կապված ատ-Տաբարին հարցնում է. «Ինչու՞մ էր Իբրահիմը սխալ»: Եվ երեք օրինակ է բերում Իբրահիմի ստից:
1. Երբ նա ասաց, որ հիվանդ է, որպեսզի խուսափի կռապաշտությունից (37:89): Արդյո՞ք սա «սպիտակ» սուտ չէ:
2. Երբ նա ժխտում էր, որ քանդել է կուռքերի արձանները՝ պնդելով, որ դա Աստվածն է արել (21:63): Կրկին անմեղ սուտ:
3. Երբ նա ասաց, որ Սառան իր քույրն է, այլ ոչ թե կինը:
Ղուրանում չի հիշատակվում երրորդ դեպքը: Այս մասին խոսվում է Աստվածաշնչում (Ծննդոց, 12:11-13): Փաստորեն ստացվում է այնպես, որ մեծ մուսուլման աստվածաբանը Աստվածաշունչ է կարդացել, որպեսզի պատասխանի այս հարցին:

Ատ-Տաբարիի նման շատ մուսուլմաններ են Աստվածաշունչ կարդում, քանի որ այն ավելի ամբողջական գիտելիքներ են տրվում: Քանի որ Ղուրանում կոչ է արվում ուսումնասիրել և օգտագործել Ավետարանը որպես աղբյուր, ապա կարող ենք ասել, որ Ղուրանում բացարձակ ճշմարտություն է պարունակվում Իսայի մասին, նրա կյանքի ողջ պատմությունը կամ պարզ հաստատումը (2:256): Իրականում, Ղուրանը առաջարկում է քննարկել Իսային վերաբերող կրոնի կոչերը, բայց մտադրությամբ, որպեսզի խրախուսի այս թեմայի ուսումնասիրումը մարդու կողմից, այլ ոչ թե որպես տա վերջնական պատասխան: Այլ կերպ ասած, ամեն մուսուլման, ով պնդում է, որ Իսայի մասին բացարձակ ճշմարտության կրողն է, գերագնահատում է իր կարողությունները: Նույնիսկ Մուհամմադին էր կոչվա հետևել նրան, ով նրանից առաջ է ընդունել Գրությունը:
«Եթե դու կասկածում ես, թե ինչ ենք Մենք քեզ առաքել, ապա հարցրու նրանց, ովքեր գրություն են կարդում քեզանից առաջ» (10:94):

 

Սայիդ իբն ալ-Մուսայաբբի մեկ այլ հադիսում, որը լսել է Աբու Հուրայրաից, ով ասել է. «Ալլահի առաքյալն ասաց. «Երդվում եմ Նրանով, ում ձեռքերում է իմ կյանքը: Շուտով, շատ շուտով ձեզ մոտ կգա Մարիամի որդին` որպես արդար դատավոր: Նա կկոտրի խաչերը, կսպանի խոզերին, կվերացնի այլադավաններից գանձվող հարկերը և այնքան կբազմապատկի հարստությունը, որ այլևս ոչ ոք չի ցանկանա այն: Եվ կլինի այնպես, որ ծունր դնելը նախընտրելի կլինի երկրային աշխարհից և այն ամենից, ինչը գոյություն ունի նրանում»:

«... Եվ հիշեցնելով կեղծ մեսիայի գալուստի մասին` նա [Հիսուսը] ավելացրեց. “Ես կիջնեմ երկնքից և նրան կսպանեմ: Մարդիկ կվերադառնան իրենց տները, երբ Գոգի և Մագոգի ժողովուրդները կհարձակվեն չորս կողմերից և կսլանան դեպի նրանց` ագահորեն խմելով ջուրը և իրենց ճանապարհին ամայացնելով ամեն ինչ: Մարդիկ կաղաղակեն Աստծուն, և ես կկանչեմ Նրան: Աստված կոչնչացնի այդ հրեշներին, և երկիրը նրանց նեխումից կլցվի գարշահոտությամբ: Իսկ մարդիկ կրկին կաղաղակեն Աստծուն, և ես կկանչեմ Նրան: Աստված անձրևներ կուղարկի երկնքից, որոնք կքշեն կտանեն նրանց մարմինները և կլվանան դրանք ծովում: Այնուհետև լեռները կշրջվեն, և երկիրը կդառնա հարթ` ինչպես երկնակամարը: Ինձ հայտնի է, որ երբ այդ ամենը տեղի ունենա, անխուսափելիորեն կմոտենա մարդկանց ժամը` ինչպես կինը ծննդաբերության ժամանակ, որի ծնողները չգիտեն, թե երբ նա կերկնի» (Իբն Մաջա):


Աղբյուրներ՝ Ислам. Энциклопедический словарь

                       Коран. Перевод И. Ю. Крачковского
                     
                       Аль-Бухари, Сахих
                     
                       Древний мир. Энциклопедический словарь

Թարգմանեցին՝ Գ. Հակոբյանը, Ն. Գաբրիելյանը և Լ. Արզաքանցյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել