1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նոր հուշագրությունների վաճառքի ծավալները կտրուկ նվազել են՝ գրում է The New York Times-ը՝ հղում անելով Nielsen BookScan-ին:
«Դժվարին որոշումներ» գիրքը լույս է տեսել հունիսի 10-ին: Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ՝ հուշագրությունների թողարկումը պետք է Քլինթոնին օգներ որոշում կայացնել 2016թ. անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում:
Ըստ տեղեկությունների՝ վաճառքի ծավալը կրճատվել է 43.5%-ով: Եթե առաջին շաբաթում վաճառվել է մոտ 85 հազար օրինակ, ապա երկրորդ շաբաթում՝ 48 հազար: BookScan-ի տեղեկությունը ներառում է ԱՄՆ-ում ավելի քան 80% գրավաճառներից ստացված տվյալներ: Էլեկտրոնային գրքերի վաճառքի մասին տվյալներն այս դեպքում հաշվի չեն առնվում:
Simon & Schuster-ը գրախանութներ է ուղարկել «Դժվարին որոշումների» ընդհանուր թվով 1 մլն օրինակ: Աղբյուրի խոսքով՝ վաճառքի երկրորդ շաբաթվա ցուցանիշները բարձրացնում են հավանականությունը, որ Simon & Schuster-ը չի վաճառի Քլինթոնի բավականաչափ գրքեր՝ փոխհատուցելու նրան վճարված բազմամիլիոնանոց հոնորարը: Հրատարակչատան մամլո քարտուղար Քերի Գոլդսթեյնը հրաժարվել է մեկնաբանել Քլինթոնի հոնորարը:
Իսկ վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ի սահմաններից դուրս Քլինթոնի հուշագրությունները կարող են ավելի լավ ցուցանիշներ գրանցել:



