Շրջելով Երևանի փողոցներով մենք տեսնում ենք տարբեր դարերի շինություններ: Այս քաղաքում կողք կողքի կտեսնեք 19-րդ 20-րդ և 21-րդ դարի բազմաթիվ շինություններ: Այս ֆոտոշարքում կներկայացնենք մեր քաղաքի ամենահին քարե բնակիչներին, որոնք կառուցվել են դեռևս 19 դարում և 20 դարասկզբին:
Շենքերից որոշները պահպանվել են, որոշները անցել են պատմության գիրկը, իսկ որոշները գտնվում են վթարային վիճակում:
Հայ ճարտարապետների կողմից ստեղծված այս շինությունները յուրօրինակ են և գրեթե չեն կրկնում մեկը մյուսին: Շինությունների ճակատային մասում առանձնահատուկ տեղ են գրավել զարդաքանդակները: 
Երևանի քաղաքապետարանի կողմից վերջերս հաստատվել է << Հին Երևան >> նախագիծը, ըստ որի այս բոլոր քանդվող շինությունները պետք է տեղափոխվեն և նույնությամբ վերակառուցվեն  Երևանի կենտրոնական մի հատվածում, որն ունենալու է շուրջ 100 քմ. տարածք և կազմված է լինելու միայն Հին Երևանի շենքերից:
Վերևի լուսանկարում պատկերված է Աֆրիկյանների պանդոկը: Ցավոք այս տարածքում այժմ կատարվում են քանդման աշխատանքներ: Կառավարության որոշմամբ այս տարածքը համարվել է բացառիկ գերակա շահ: Նշվում է, որ Աֆրիկյանների ակումբը խանգարում է փողոցի երթևեկությանը: Շենքի քարերը համարակալվել են, որպեսզի քանդելուց հետո պահվեն և այնուհետև իրենց տեղը գտնեն ապագա << Հին Երևան >> թաղամասում: Հուսանք, որ այդ ծրագիրը իրոք կյանքի կկոչվի և մենք կունենանք Երևանյան պատմական թաղամաս: Իսկ այս լուսանկարը գուցե վերջին լուսանկարներից մեկն է, որը վկայում է, որ Տերյան 11 հասցեում է գտնվել Աֆրիկյանների պանդոկը:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել