Tert.am-ը գրում է.
«Հայ ազգային կոնգրես» նախկին դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը ո´չ միայն հնարավոր է համարում, այլև՝ պնդում է, թե այդ համագործակցությունն արդեն իսկ անուղղակի կամ ուղղակի գործում է։
«ՀԱԿ-ի համագործակցությունը Քոչարյանի հետ վաղուց է, ի՞նչ է` ԲՀԿ-ն Քոչարյանինը չի՞, ԲՀԿ-ն հո ինքնուրույն միավոր չէ՞։ Եթե ԲՀԿ-ին ընդունում են որպես գործընկեր, նույնիսկ քաշող հիմնական ուժ, նշանակում է` նրանք անուղղակի կամ ուղղակի ընդունել են համագործակցությունը Քոչարյան կոչված անձի հետ, ով ի դեպ, «Մարտի 1-ի» թիվ մեկ պատասխանատուն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը։
Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյան - քառյակ համագործակցությունը հնարավոր է՝ մասնավորապես նշելով. «Սա արդեն ապագայի խնդիր է: Ես կարծում եմ, որ ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»:
Իսկ թե ամեն դեպքում ուղղակի համագործակցությունը չի՞ հանգեցնի քառյակի պառակտման, նույն 2008թ-ի մարտի մեկի դեպքերը հաշվի առնելով, նախկին ՀԱԿ անդամը նշեց. «Քառյակի գոյությանը կախված է Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։ Նրանք եթե որոշեցին պահպանել՝ կպահպանեն և հավանաբար կպահպանեն մինչև 2017թ.-ը։ Եվ եթե մինչև այդ թիվն իրենց սցենարն աշխատեց և կարողացան ուրվականների հանրաքվե անցկացնել, ինչպես 2005թ.-ին և կառավարման համակարգը փոխել, այդ դեպքում 2017թ. ԱԺ ընտրության սցենարով հիմնական խաղացողները կլինեն հանրապետականներն ու «Բարգավաճը», իսկ որպես կցորդներ՝ Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը։ Այս սցենարը եթե աշխատեց, դրանից հետո այլևս այդ քառյակ ասվածն իմաստազուրկ կլինի, մինչև 17թ.-ը փորձելու են քառյակը երկուսով պահել, որ վերահսկեն ամբողջ ընդդիմադիր դաշտը»,-նշեց նա։
ՀԱԿ-ի նախկին սկզբունքներին հավատարիմ մնալը, ըստ Մակեյանի, 2001թ.-ից է փոխվել, երբ քաղաքական թիմը փոխվեց բիզնես թիմով։ «Գուցե իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ՀԱԿ-ը 2011թ.-ից հետո քաղաքական թիմը փոխեց բիզնես թիմի հետ, քաղաքական թիմը ՀԱԿ դաշինք էր, հզոր քաղաքական ուժն էր, որը փոխեց ԲՀԿ-ով։ Սա է իրականությունը, իսկ թե սրանից հետո ի՞նչ կորոշեն, արդեն, կարծում եմ, տեխնիկական խնդիր է, որովհետև այլևս քաղաքական օրակարգ թելադրողը ՀԱԿԿ-ն չի։ Երբ այն ժամանակ ՀԱԿ դաշինքը թելադրում էր քաղաքական օրակարգ, դա ուրիշ ՀԱԿ էր, հիմա, կարծում եմ, իրենցից շատ բան կախված էլ չի, իրենք հոսանքի ուղղությամբ են գնում»,-ասաց նա։
Պետրոս Մակեյանը նաև անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ Որոտանի կասկադի գործարքի հետ կապված գնահատականին. «Դա ուղղակի ապշեցուցիչ էր, որովհետև իր ժամանակ ես ԱԺ պատգամավոր էի, պարտադրանքով պատգամավորներին, հատիկ-հատիկ... հատով եմ նշում, քանի որ նրանք, ովքեր քվեարկեցին նրա հրամանով դրանք հատ են, մարդիկ չեն... նրա հրամանով կոնյակի գործարանը ջրի գնով վաճառվեց, «Էլեկտրական բաշխիչ ցանցերը» ջրի գնով վաճառվեց, «Արմենթելը» վաճառվեց, նույնիսկ ՍԴ-ի վրա ճնշում գործադրելով՝ չկատարեց Արմենթելի պայմանագիրը՝ Սահմանադրական գործերին չհամապատասխանեցրին մինչև վերջ։ Այնպես որ ինքը բարոյական որևէ իրավունք չունի նման գործարքների մասին խոսելու։ Ես չեմ արդարացնում Որոտանի գործարքը, բայց ինքը շատ ավելի վատն արեց, և նույն բանը շարունակում է»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



