Yerkir.am-ը գրում է.
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում համերգով հանդես եկավ տարածաշրջանի միակ հայ տերմենահարուհին` Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը: Տերմենվոքսն աշխարհում միակ երաժշտական գործիքն է, որը նվագում են օդում` առանց գործիքին դիպչելու: Սաթենիկը հպարտությամբ է նշում, որ «թիթիզանալու» կարիք չունի` նվագում է միայն հայ կոմպոզիտորների գործերը այդպիսով նպաստելով հայկական երաժշտության պրոպագանդմանը: Երաժշտի միակ աշակերտը դուստրն է, որին էլ փորձում է սովորեցնել տիրապետել գործիքին:
-Ե՞րբ բացահայտեցիր գործիքը քեզ համար և ինչո՞ւ որոշեցիր դաշնամուրից անցում կատարել տերմենվոքսին /գիտեմ սկզբում դաշնամուրային բաժինն ես ավարտել/: -Այո, սկզբում Ռոմանոս Մելիքյանում էի սովորում դաշնամուրի բաժնում, բայց դա քիչ էր, ներքուստ չէի բավարարվում, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ բան կիսատ եմ անում, ինչ-որ բան այն չէր: Ավարտական կուրսում ինձ միանգամից սկսեց հետաքրքրել կոմպոզիցիան, եղան մարդիկ, ովքեր օգնեցին ինձ, և Կոնսերվատորիա արդեն որպես կոմպոզիտոր ընդունվեցի: Այդ ժամանակ զուգահեռ երգեհոն էի սովորում: Փոքրուց սիրել եմ առանձնանալ, տարբերվել, և ինձ միշտ հետաքրքիր են եղել տարօրինակ գործիքները, սիրել եմ զբաղվել այն գործիքներով, որոնք քիչ են նվագում: Երբ դաշնամուրի էի գնում, ճնշվում էի, թե ինչո՞ւ դաշնամուր, քանի որ այն շատ տարածված էր: Կոնսերվատորիայում երգեհոնը «բացահայտեցի», և այն ինձ գրավեց, քանի որ, բացի ձեռքերից, ոտքերով էլ ես, չէ՞, նվագում: Կոնսերվատորիան ավարտեցի որպես երգեհոնահար և կոմպոզիտոր, այդ ընթացքում արդեն ամուսնացել էի, և երեխաներս ծնվեցին: Ընկերներիցս մեկը «Զանգակներ» խմբում էր նվագում և ինձ առաջարկեց միանալ իրենց, սիրով համաձայնեցի, քանի որ զանգակներ նվագելն էլ յուրօրինակ էր: Հենց այդ ժամանակ էլ ամուսինս Մարտին Ուլիխանյանը, ինտերնետով ինձ տերմենվոքսը ցույց տվեց, և միանգամից սիրահարվեցի գործիքին: Ամուսինս նկատեց դա ու ասաց կառնեմ, գործ էլ կգրեմ ու կնվագես, այսպիով` ինքը դարձավ խթանիչ ուժը: -Արդյո՞ք գործիքի խորհրդավորությունը քեզ դեպի գործիք տարավ: -Այո, իր խորհրդավորությունը, միստիկան: Գործիքի հնչողությունը շատ տիեզերական է: Կան մարդիկ, որ ասում են այն կարծես հեթանոսական շրջանից մնացած լինի: Միստիկ երանգ ունի ձայնի տեմբրը, և իզուր չէ, որ տերմենվոքսն օգտագործում են միստիկ ֆիլմերում` պահը, կադրը սրելու համար: Ինձ հետաքրքիր էր ինչպե՞ս են նվագում, քանի որ սա այն եզակի գործիքն է, որին չես դիպչում: Փոքրուց իմ մատները շատ ուժեղ են եղել, մեր բակի երեխաներն անգամ վախենում էին ինձնից: Երաժշտական դպրոցում ինձ միշտ ասում էին` ինչո՞ւ են քո մատներն այսքան չոր, անհոգի ես նվագում: Տերմենվոքսի հարցում ձեռքերս, կարծես, ճիշտ տեղում հայտնվեցին, քանի այն նվագելիս պետք են չոր ու կոպիտ, հստակ շարժումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



