
Նրանք միասին ապրել են 70 տարի ու մահացել նույն օրը: Նման բան միայն կինոնկարներում չի պատահում:
Բազում տարիներ առաջ Հելենն ու Քենեթ Ֆելումլինը նստեցին միևնույն լաստանավը, որտեղ էլ նրանք սիրահարվեցին իրար: Նրանք անմիջապես հասկացան, որ առանց իրար չեն կարող ապրել: Հետագա 70 տարիները նրանք միասին են անցկացրել: Ամեն առավոտ նրանք իրար ձեռք բռնած էին նստում նախաճաշի սեղանի շուրջ: Առանց ծնողներին մի բառ անգամ ասելու` Հելենն ու Քենեթը փախան: Այդ ժամանակ Քենեթն ընդամենը 20 տարեկան էր:

Այս մեծ սիրո պատմության մեջ չի գրանցվել որևէ այնպիսի հախուռն դեպք, որի մասին կարելի էր գրել թերթերում կամ ամսագրերում, կամ որի մասին անդադար կխոսեին հարևանները: Ամուսինների մտքով էլ չէր անցնում, որ իրենց մահից հետո իրենց սիրո պատմության մասին հրապարակվելու էր աշխարհի տարբեր երկրների ինտերնետային կայքերում: Այս ամուսնական զույգն ապրել է խաղաղ կյանքով: Հելենն ու Քենեթն իրենց երեխաների հետ միասին բնակվում էին Ամերիկայի Օհայո նահանգում գտնվող մի համեստ տնակում: Հելենը տնային տնտեսուհի էր, նրա ամուսինը՝ աշխատավոր մարդ: Իրենց համերաշխ ամուսնական կյանքի ընթացքում Հելենն ու Քենեթը ութ երեխա ունեցան: 1983 թ.-ին Քենեթը թոշակի անցավ: Այդ ժամանակ ամուսինները որոշեցին ճանապարհորդության մեկնել և առանց երկար-բարակ մտածելու միասին ավտոբուսով շրջեցին Ամերիկայի բոլոր նահանգներով:
Վերջին տարիներին Քենեթի առողջությունը կտրուկ վատացավ, և Հելենն ինքն էր նրան խնամում: Նա, իհարկե, կարող էր երեխաներից որևէ մեկին խնդրել հոգ տանել հոր մասին, սակայն նա որոշեց, որ ինքն անձամբ պետք է իր հոգատարությամբ շրջապատի ամուսնուն:

Հելենը, Քենեթը և նրանց 8 երեխաները
Այնուամենայնիվ, նա հավանաբար գերագնահատել էր իր կարողությունները: Որոշ ժամանակ անց նա ուժասպառ եղավ: Այս տարվա ապրիլի 12-ին Հելենը մահացավ: Ընդամենը 15 ժամ անց Քենեթը միացավ իր սիրելի կնոջը: Նրանց դուստրը՝ Լինդան, ծնողների մահից հետո պատմել է. «Երբ մայրս մահացավ, մենք գիտեինք, որ Քենեթը նույնպես մահանալու է: Նա պատրաստ էր գնալ մահվանը դեմ-հանդիման. չէ՞ որ նա երբեք միայնակ չէր թողել իր կնոջը»:

Հելենն ու Քենեթը ճանապարհորդության ընթացքում
Փաստորեն, Հելենն ընդամենը 15 ժամ ստիպված եղավ սպասել ամուսնուն: Այս պատմությունը հավերժական սիրո ամենավառ ապացույցներից է, սեր, որի առաջ անգամ մահն է անզոր:



