Lurer.com-ը գրում է.

Հանրապետության ընդունելության քննությունների վիճակագրությամբ՝ դիմորդների կողմից պահանջված են այն մասնագիտությունները, որոնք աշխատաշուկայում պահանջարկ չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Մենք դիմորդներին տալիս ենք ընտրելու ազատություն: Չէ որ պետությունը, կառավարությունը, նախարարությունը որևէ կապ չունի դիմորդի այս կամ այն մասնագիտական նախասիրության հետ: Ընտրությունը կատարում է դիմորդը, նրա ընտանիքը, շրջապատի ազդեցության տակ, մանկական երազանքի սկզբունքից ելնելով: Եթե որևէ մարդ ունի ընտրելու ազատություն, ապա վստահաբար պետք է կրի այդ ընտրության պատասխանատվությունը: Նախարարությունը պատասխանատու չէ մասնագիտական ընտրության՝ վերջնական ձևավորման փուլում աշխատաշուկայում կապն ապահովելու տեսակետից»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ մենք ունենք բազմաթիվ մասնագիտություններով պահանջարկ մեր աշխատաշուկայում, բայց չունենք դիմորդների բավարար քանակ: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: «Բոլորը խոսում են, թե ինչու մենք չունենք պատշարներ և քարտաշներ, երբ ասում ես` դե արի երեխայիդ տանեմ, թող պետպատվերով սովորի, կրթաթոշակ էլ ստանա, շատ քիչ դրական արձագանք է ստացվում»,- փաստեց նախարարը:

Խոսելով ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով հեշտացված քննական կարգի մասին, Աշոտյանը նշեց, որ այն նպատակ ուներ խրախուսել դիմորդների հոսքը բուհ: «Դեռ վաղ է ամփոփել արդյունքները, քննությունների ավարտին կտեսնենք՝ արդյոք ստացվեց մեր փորձարկումը, թե ոչ»,- եզրափակեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել