Tert.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի Պաշտպանության բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ:

ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սննդից:

«Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», - ասել է վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել