Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:
Գույժ ազդարարող նման լրատվությունը վերջին շրջանում հաճախակի է դարձել:
Գրեթե ամեն շաբաթ երիտասարդներ են զոհվում՝ մարելով օջախների լույսեր:
Ու այսպես, դժբախտաբար, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը:
Իհարկե, փխրուն խաղաղությունը պատերազմից ավելի լավ է, բայց եթե խաղաղությունը չի ամրապնդվում կոնկրետ քայլերով, հակամարտության կարգավորման քաղաքական կամքով, միշտ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը:
Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների որակը լավատեսության հիմքեր չի ստեղծում. նրանց քաղաքական ու բարոյական հեղինակության դեֆիցիտը թույլ չի տալիս գնալ համարձակ քայլերի, որոնք թույլ կտան կարգավորել ԼՂ խնդիրը:
Կարգավորումը, առաջին հերթին, ենթադրում է փոխզիջումներ: Փոխզիջումների կարող են գնալ ուժեղ իշխանությունները, որոնք օժտված են հասարակական վստահության ռեսուրսով: Ինքնին հասկանալի է, որ երկու երկրներում էլ նման իշխանություն չկա:
Ու հաճախ ԼՂ խնդիրը դառնում է պատրվակ, որպեսզի դրա շահարկումով՝ իշխանություններն արդարացնեն իրենց անարդյունավետ կառավարումը, ընտրությունների կեղծումը կամ ռեպրեսիաները:
Ու այս ամենի արանքում զոհվում են անմեղ տղաներ, ընդհատվում է նրանց գարունը...



