Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի դեմ որդեգրած մեր ռազմավարությունը, մեղմ ասած, կաղում է: Ինչ խոսք, անգամ ադրբեջանական մամուլի աղավաղված ու կցկտուր տեղեկատվությունից պարզ երևում է, որ մեր ամեն զոհի համար իրենք վճարում են առնվազն 3-4 անգամ ավելի շատ, բայց արդյո՞ք դա արդյունավետ է:
Մեծ հաշվով, մի քանի անգամ ավելի շատ հակառակորդ ոչնչացնելը կիսապատերազմական պայմաններում իմաստ ունի, քանի դեռ դա կանխարգելում է հակառակորդի հետագա ոտնձգությունները, բայց որքան ավելի ենք ուժեղացնում մեր հարվածները, այնքան ավելի շատ են աշխատում նրանց դիպուկահարներն ու դիվերսիոն խմբերը:
Փաստ է, որ վերջին մի ամսվա պես նման ամիս, թերևս, զինադադարի հաստատումից հետո չէր եղել: Չէին եղել նաև այսքան շատ մարտական կորուստներ՝ այսքան կարճ ժամանակահատվածում:
Սա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմը չի դիմի էլ ավելի ռադիկալ միջոցների, իսկ իրենց սպանված ասկյարների համար նրանք դարդ չեն անում, ի վերջո սառնարաններում պահել կա, տարբեր միջանձնային միջադեպերի ու պատահարների վրա բարդելով էդ դիակները ցրելու տարբերակ կա...
Ի՞նչ եմ ուզում ասել. ոչ թե պետք է ինչ-որ խաղաղարար քայլեր անել, այլ՝ ավելի սաստիկ պատասխան տալ: Այսինչ ուղղությամբ դիպուկահա՞ր աշխատեց, հարց չկա, այդինչ ուղղությամբ տեղակայված դիրքը հրետակոծվում է: Այսինչ ուղղությամբ դիվերսիոն խո՞ւմբ առաջացավ, այդինչ ուղղությամբ գտնվող մոտակա բնակավայրը հրետակոծվում է: Պատասխան հրետակոծություն եղա՞վ, այդ ուղղությամբ մի քանի կիլոմետր առաջանում ենք:
Ինձ կասեք՝ վա՜յ, պատերազմ կսկսվի՜: Հարգելիներս, պատերազմը չի էլ ավարտվել, ու հիմա էլ մենք պատերազմական վիճակում ենք, իսկ եթե ադրբեջանցիներին սաստելու արդյունավետ միջոցը այդ իրավիճակում էսկալացիա մտցնելն է, ապա ինչո՞ւ ոչ: