Ձեր աշխատանքը միապաղաղ ու ձանձրալի՞ է դարձել Ձեզ համար: Դուք հոգնե՞լ եք միևնույն աշխատանքը նորից ու նորից անելուց: Դուք դադարե՞լ եք նկատել Ձեր աշխատանքի լավ կողմերը: Բարեբախտաբար, կան մի քանի պարզ քայլեր, որոնք Ձեզ կօգնեն հաղթահարել Ձեր ձանձրույթը և Ձեզ ավելի աշխույժ զգալ աշխատավայրում: Այս քայլերը կբարձրացնեն ոչ միայն Ձեր տրամադրությունը, այլև Ձեր աշխատունակությունը: Դե ինչ, հետևեք մեր խորհուրդներին:
1. Ամեն ինչ սկսվում է ճիշտ տրամադրվածությունից
Առաջին ու թերևս ամենակարևոր քայլը, որ կարող եք անել աշխատավայրում ուրախ լինելու համար, ուրախ լինելու որոշում կայացնելն է: Այո, այո, պետք չէ զարմանալ: Ուրախությունը հաճախ ոչ թե կյանքի հանգամանքներից կամ բախտավորությունից է կախված, այլ հենց մեր որոշումից: Եթե գիտեք, թե ինչպես կարող եք կրկնապատկել այն փոքրիկ հաճույքները, որոնք կյանքն է պարգևում Ձեզ, Դուք ավելի երջանիկ մարդ կլինեք: Գրեթե յուրաքանչյուր աշխատանքում կա ինչ-որ դրական բան: Պարզապես փորձեք տեսնել Ձեր աշխատանքի դրական կողմերը: Աշխատավայրում փորձեք շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր դրական էմոցիաներ են փոխանցում Ձեզ:
2. Վանեք բացասական էմոցիաները

Մենք բոլորս էլ ունենք, ունեցել ենք կամ կունենանք վատատես գործընկերներ, ովքեր մշտապես բողոքում են անգամ ամենաչնչին բաներից: Նմանատիպ մարդկանցով շրջապատված լինելը կարող է հոգնեցնել Ձեզ և ստիպել Ձեզ կորցնել Ձեր դրական տրամադրվածությունը: Այսպիսով՝ շատ կարևոր է որքան հնարավոր է հեռու պահել Ձեզ եթե ոչ այս մարդկանցից, ապա գոնե նրանց բացասական լիցքերից: Եթե տեսնում եք, որ Ձեր գործընկերների խոսակցության մեջ գերիշխում է բացասականը, պարզապես փորձեք չմասնակցել այդ խոսակցությանը, իսկ մասնակցելու դեպքում՝ դրական երանգ հաղորդել դրան: Ինչպես լավատեսությունը, այնպես էլ վատատեսությունը կարող է վարակովի լինել: Թույլ մի տվեք, որ ուրիշները վարակեն Ձեզ իրենց վատատեսությամբ, փորձեք ինքներդ վարակել նրանց Ձեր լավատեսությամբ:
3. Երախտագետ եղեք
Երբեք մի՛ թերագնահատեք երախտագիտության զգացումի կարևորությունը: Ձեր ղեկավարին կամ Ձեր գործընկերոջը շնորհակալություն հայտնելը ոչ միայն տարրական հարգանքի ու դաստիարակության նշան է, այլև Ձեր իսկ մտավոր ու հոգեկան առողջությանը նպաստող գործոն: Երբ մարդիկ արտահայտում են իրենց շնորհակալությունը այս կամ այն լավության համար, ստեղծվում է առողջ մթնոլորտ, որում աշխատելը հեշտ է դառնում: Մի՛ զլացեք շնորհակալություն հայտնել: Բարությունը բումերանգի պես վերադառնում է Ձեզ: Բարի ու սիրալիր եղեք Ձեր գործընկերների հանդեպ և եթե նրանց այս կամ այն գիծը Ձեզ դուր է գալիս, անպայման հաճոյախոսություն արեք: Հաճոյախոսություններն ամրապնդում են հարաբերությունները: Բացի այդ, երբ Դուք անգամ աննշան բաների համար շնորհակալ լինեք նրանց, նրանք էլ կսկսեն ավելի բարձր գնահատել Ձեր յուրաքանչյուր ներդրումը աշխատանքի մեջ և օրինակ կվերցնեն Ձեզնից:
4. Իմացեք, թե ինչը կարող է Ձեզ հունից հանել

Եթե ցանկանում եք աշխատավայրում ուրախ լինել, Դուք պետք է նախ և առաջ լավ ճանաչեք ինքներդ Ձեզ: Հարկավոր է իմանալ, թե ինչը կարող է վհատեցնել ու զայրացնել Ձեզ: Այդ դեպքում Դուք կփորձեք հնարավորինս խույս տալ այդպիսի իրավիճակներից: Անգամ ամենահանգիստ ու լավատես մարդկանց համբերության բաժակը կարող է լցվել: Երբ գիտեք, թե ինչից է Ձեր համբերության բաժակը լցվում, Դուք կարող եք ժամանակին կանգ առնել, այլաբանորեն ասած՝ «փակել ծորակը» նախքան համբերության բաժակը լիուլի կլցվի: Երբեք թույլ մի՛ տվեք, որ Ձեր աշխատանքային խնդիրների պատճառով կորցնեք Ձեր ինքնատիրապետումը: Դա բացասաբար կանդրադառնա թե՛ Ձեր հետագա աշխատանքի որակի, թե՛ Ձեր մտերիմների հետ շփման վրա:
5. Բարեհամբույր եղեք Ձեր ղեկավարի նկատմամբ

Մեծ տարբերություն կա անկեղծ հարգանքի ու սիրալիրության և շողոքորթության միջև: Շողոքորթությունը շահադիտական նպատակներ է հետապնդում: Փորձեք անկեղծ լինել Ձեր ղեկավարի հետ և հարգել նրան սրտանց: Կարևոր է արդարացնել ու անգամ գերազանցել ղեկավարի սպասելիքները: Խելացի ղեկավարը միշտ էլ կգնահատի աշխատողի ջանքերը: Պաշտոնի բարձրացում, աշխատավարձի բարձրացում, պարգևավճար... Եթե մինչ օրս չեք ստացել սրանցից և ոչ մեկը, մի՛ հուսահատվեք: Նախ և առաջ ինքներդ Ձեր մեջ փորձեք գտնել պատճառը: Դուք գուցե թերացել եք Ձեր աշխատանքում: Անշուշտ, հնարավոր է նաև, որ Ձեր ղեկավարն է չափազանց ծանրաբեռնված եղել, և նրա աչքից պարզապես վրիպել են Ձեր ջանքերը: Ինչ էլ որ լինի, տաշած քարը գետնին չի մնա: Շարունակեք նույն նվիրվածությամբ աշխատել, իսկ եթե զգում եք, որ Ձեր նվիրվածությունը երբեք էլ չի գնահատվի, պարզապես այլ աշխատանք գտեք, սակայն երբեք չարությամբ մի՛ լցվեք Ձեր նախկին ղեկավարի հանդեպ:
6. Ձեր աշխատանքային օրը սկսեք այն առաջադրանքի կատարմամբ, որն ամենից շատ եք ատում

Ցանկացած աշխատանքի մեջ էլ կարող են լինել թե՛ հաճելի, թե՛ տհաճ առաջադրանքներ: Շատերը պարզապես տանել չեն կարողանում այս կամ այն առաջադրանքը, որն իրենց աշխատանքի պարտադիր բաղկացուցիչն է կազմում: Եթե Ձեր աշխատանքում էլ կան այնպիսի բաներ, որոնք Ձեր սրտով չեն, խորհուրդ ենք տալիս ամենից առաջ հենց դրանցով զբաղվել: Թարմ ուժերով կատարեք այդ ատելի հանձնարարությունը և մնացած ողջ աշխատանքային օրը ստիպված չեք լինի մտածել դրա մասին՝ շարունակ հետաձգելով դրա կատարումը: Հակառակ դեպքում հանձնարարությունը կծանրանա Ձեզ վրա և ավելի դժվարությամբ կկատարվի: Առաջադրանքի կատարումը հետաձգելու դեպքում Դուք անընդհատ մտովի կվերադառնաք դրան, իսկ այդ բացասական մտքերը կարող են փչացնել ողջ օրը:
7. Շրջապատեք Ձեզ այնպիսի իրերով ու մարդկանցով, որոնք Ձեզ ժպիտ են պարգևում

Ծիծաղը մատչելի, սակայն արդյունավետ դեղամիջոց է: Առանց ծիծաղի օրը կորած է: Այսպիսով՝ շատ կարևոր է շրջապատված լինել այնպիսի իրերով ու մարդկանցով, որ Ձեզ ժպիտ են պարգևում: Քաղցր հուշեր արթնացնող իրերը կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը անգամ այն ժամանակ, երբ Դուք չափազանց ընկճված եք աշխատանքային խնդիրների պատճառով: Ձեր գրասեղանին դրեք Ձեր սիրեցյալի կամ պարզապես որևէ հարազատ մարդու նկարը: Ընկճված ժամանակ շփվեք Ձեր այն գործընկերների հետ, ովքեր օժտված են հումորի զգացումով: Հումորն օգնում է դուրս գալ անգամ ամենածանր իրավիճակներից: Փորձեք ժպիտով ու ծիծաղով հաղթահարել աշխատանքային խնդիրները: Անգամ ամենահեռանկարային ու ամենագրավիչ աշխատանքները զերծ չեն թերություններից: Պարզապես պետք է իմանալ, թե ինչպես հաղթահարել դրանք: Երբեք թույլ մի տվեք, որ աշխատանքային խնդիրներն ազդեն Ձեր անձնական կյանքի վրա:



