Երեկ Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում: Որոշման նախագծի հեղինակ Գրիգոր Մինասյանը առաջարկեց նաև բոլոր ավտոկայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ՝ տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
Նիստից հետո Գրիգոր Մինասյանը պատասխանել է «Առավոտի» հարցերին: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
- Պարոն Մինասյան, քիչ առաջ Երևանի ավագանին ընդունեց Ձեր հեղինակած որոշումը, ըստ որի՝ Երևան քաղաքում կարմիր գծանշված ավտոկայանատեղիները հաշմանդամ մարդկանց համար անվճար են դառնում: Ինչպե՞ս պետք է իրականացվի այդ որոշումը, տեխնիկապես բարդ չի՞ լինի:
-Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում, և այս մեկն էլ բացառություն չէր: Ի պատիվ մեր ներկայիս քաղաքապետի՝ երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրը այսօր ստացավ չափազանց քաղաքակիրթ և ժամանակակից լուծում: Իսկ ավտոկայանատեղիները այսօրվա ընդունված որոշմանը հարմարեցնելը իսկապես որ ժամանակի և տեխնիկայի հարց է:
-Այդ որոշումը հետադարձ ուժ չունի՞, նկատի ունեմ՝ եթե արդեն իսկ կան հաշմանդամ մարդիկ, որոնք տուգանվել են կարմիր գծերի մեջ կայանելու և չվճարելու համար, նրանք կարո՞ղ են ազատվել այդ տուգանքներից:
-Ոչ, նման որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ:
-Ի՞նչ եք կարծում, ճիշտ չի՞ լինի քաղաքում որոշ հատվածներում նախատեսել նաև անվճար կայանատեղիներ համընդհանուր օգտագործման համար՝ նրանց համար, ովքեր չեն կարող վճարել: Գուցե դա քաղաքի հյուրերն են մարզերից, գուցե սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդիկ: Այլապես այժմ Երևանի հատկապես կենտրոնական հատվածներում անհնար է գտնել կայանման համար չարգելված և չգծանշված որևէ տարածք:
-Լավ զաղափար եք առաջարկում, բայց այսօր դեռևս չկան հստակ հաշվարկներ, թե ինչպես այս բարի գաղափարը ևս իրականություն դարձնել: Կարծում եմ՝ այս և այլ նման գաղափարները կլինեն մեր խմբակցության ու Երևանի ավագանու քննության առարկա, ինչպես, օրինակ, տաքբսիների, զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների, հեծանիվների համար հատուկ կայանատեղիների կամ ծառայողական ավտոկայանատեղիների ստեղծումը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։