130717_bill_clinton_ap_6051in.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հաստատել է, որ այն պահին, երբ 2001-ի հունվարին լքեց նախագահի պաշտոնը, իր ընտանիքը վիթխարի պարտքեր է ունեցել:

«Մենք իսկապես ունեցել ենք մի քանի մլն դոլարի չափով պարտք»,- հայտարարել է Քլինթոնը NBC-ի եթերում:

Երկու շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը ABC հեռուստաալիքին պատմել էր, որ Սպիտակ տունը լքելով՝ իրենք եղել են պարտքերի մեջ: Դա առաջացրել էր լրագրողների քննադատությունը: Նրանց խոսքով՝ նախկին նախագահի ընտանիքի ֆինանսական դժվարությունները ոչ մի կերպ համեմատելի չեն այն խնդիրների հետ, որոնց բախվում են միլիոնավոր շարքային ամերիկացիներ:

Բիլ Քլինթոնը հերքել է պնդումները, թե իր կինը կտրված է իրականությունից և չգիտի՝ ինչ է աղքատ լինելը: Նախկին նախագահի խոսքով՝ իր կինը ողջ կյանքը պայքարել է միջոցների սղության դեմ:

Հիլարի Քլինթոնի յուրաքանչյուր արտահայտություն գրավում է հանրության ու մամուլի ուշադրությունը, քանի որ նա համարվում է Դեմոկրատական կուսակցությունից 2016-ի նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Բիլ Քլինթոնը հանդես է եկել վճարովի դասախոսություններով: Նախագահի պաշտոնում Քլինթոնի աշխատավարձը կազմել է տարեկան 200 հազար դոլար:

2013-ի սկզբին պետքարտուղարի պաշտոնը լքելով՝ Հիլարի Քլինթոնը նույնպես սկսել է դասախոսություններ կարդալ: ԶԼՄ-ների տվյալներով՝ մեկ հրապարակային ելույթի համար նրա միջին հոնորարը կազմում է մոտ 200 հազար դոլար: Պետքարտուղարի պաշտոնում նա տարեկան 186 հազար դոլար էր աշխատում: Հայտնի է նաև, որ Քլինթոնները երկու տուն ունեն՝ Վաշինգտոնում և Նյու Յորք նահանգի Չապակուա քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել