Հարգելի քույրեր և եղբայրներ, եթե կաթողիկոսը «դրդում է արտերկրյա թեմերին զբաղվել լրտեսությամբ», ուրեմն անհրաժեշտ է գրել, որ կաթողիկոսը դրդում է արտերկրյա թեմերին զբաղվել լրտեսությամբ և ոչ թե Մայր Աթոռն է դրդում (1in.am 6.08.2012): Եւ եթե «կաթողիկոսը մատնում է Հայաստանի քաղաքացիներին», ապա պետք է արձանագրել, որ կաթողիկոսը մատնում է Հայաստանի քաղաքացիներին և ոչ թե եկեղեցին է մատնում Հայաստանի քաղաքացիներին (Hetq.am): Կաթողիկոսը Մայր Աթոռը չէ և առավել ևս Հայ եկեղեցին չէ: Ոչ թե նրա համար, որ ինքը Գարեգին Բ-ն է, այլ պարզապես բոլոր կաթողիկոսներն էլ  միշտ եղել են ընդամենը Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու բարձրագույն պաշտոնյան, որը իր կատարած աշխատանքի համար աշխատավարձ է ստանում: Եւ նա այդ աշխատանքը կարող է կատարել լավ կամ վատ: Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու հիմքն ու գլուխը Քրիստոսն է, ուստի պետք է երկյուղածությամբ արտահայտվել Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու մասին խոսելիս և եկեղեցին չշփոթել հոգևորականների հետ: Սա շատ նուրբ հարց է:

Ես նշված ծանր մեղադրանքների առնչությամբ որևէ գնահատական կամ մեկնաբանություն տալուց առայժմ ձեռնպահ կմնամ, կներեք ինձ: Այդ կապակցությամբ, վստահ եմ, Մայր Աթոռի համապատասխան պաշտոնյան կամ պաշտոնյաները բացատրություններ կտան: Ես պարզապես խնդրում եմ նրբանկատ ու լայնախոհ լինենք մեր արտահայտությունների մեջ, որպեսզի կաթողիկոսի կամ դիվանապետի կամ որևէ այլ եկեղեցական պաշտոնյայի պատճառով գայթակղության մեջ չընկնենք ու Քրիստոսի առաջ չմեղանչենք, և մեր խոսքերով Մայր Աթոռի կամ Հայ եկեղեցու հեղինակությունը չվնասենք:

Պարզապես փորձենք ամեն ինչ իրենց անուններով կոչել: Խաղաղ մնացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել