Լուսանկարչության դասերից մեկի ժամանակ ուսուցչուհիս ասաց.
-Երբ սկսում ես լուսանկարչությամբ ավելի լուրջ զբաղվել՝ կոպտանում ես: Կոպտանում ես հատակապես առաջին փուլում: Մարդիկ քեզ համար դառնում են ընդամենը կերպարներ , ու դու մտածում ես միայն մի բանի մասին. ո՞ր կողմից լույս դնել, որ դիմանկարը լավ ստացվի, ինչպե՞ս օրիգինալ լուծում տալ լուսանկարին: Ցանկացած մարդ, ով քայլում է փողոցով, քեզ համար հերթական լուսանկարի հերոս է: Ուրիշ ոչինչ:
Ու նույնիսկ եթե փողոցում տեսնես ընկած մի մարդու, ում դանակահարել են, դու չես մտածելու նրա առողջական վիճակի մասին: Դու մտածելու ես. ՛՛ հմ... Արյունը ասֆալտին հետաքրքիր է թափվել, այ էս ռակուրսից ֆոտոն շատ լավը կլինի: Իսկ եթե այս մյուս կողմում էլ լույս ավելացնեմ՝ հրաշալի կստացվի ՛՛: Քեզ սկսում է հետաքրքրել միայն լուսանկարի որակն ու օրիգինալ լուծումը: Սկզբնական ժամանակահատվածում անմարդկայնորեն բթանում ես: Հետո , իհարկե, այդ ամենը դառնում է կառավարելի: Չվախենաք: Շատերի մոտ է էդպիսի ՝ զգացմունքների բթացում լինում: Չխառնվեք: Հիշեք, որ դա ժամանակավոր է ու կառավարելի:
Ուսուցչուհին ուղղակի բացատրում էր լուսանկարչի ու լուսանկարչության հոգեբանական նրբությունները: Մեզ անընդհատ կրկնում էին, որ ցանկացած պարագայում կարևոր է 1.չներխուժել մարդու անձնական տարածք 2. չկորցնել մարդկային որակները, չբթանալ ու չտարվել սենսացիոն ֆոտոներ անելու մոլուցքով:
Լուսանկարչությամբ շատ չեմ զբաղվել: Եթե անկեղծ լինենք՝ մինչև վերջին օրն էլ գլուխ պահեցի ու այդպես էլ ցույց չտվեցի իմ ուժեղ կողմերն ու հնարավորությունները: Մինչդեռ պետք է նշել, որ իմ տեսողական- ստեղծագործական ընկալումը բավականին լավն է: Ինչևէ: Լուսանկարչությամբ շատ չզբաղվեցի, բայց դասերն ինձ մի բան սովորեցրին . ես սկսեցի ամեն բանի նկատմամբ ուշադիր լինել: Տեսնել այնպիսի բաներ, որոնց վրա շատերն ուղղակի ուշադրութուն չեն դարձնում:
Ու որոշ ժամանակ անց ես մի պարզ ճշմարտություն հասկացա. կարծես բոլոր մարդիկ լինեն լուսանկարչությամբ զբաղվելու առաջին փուլում . շատերի զգացմունքները բթացած են:
Հեռուստատեսությամբ ամեն օր ցույց են տալիս սպանություններ, բռնաբարություններ , ամեն տեսակ դաժանություն: Դուք կասեք. ՛՛ այո՜, ախ էդ հեռուստատեսությունը: Դա էլ հերիք չէ՝ ինտերնետը ևս ողողված է դաժան տեսարաններով: Պոռնոգրաֆիկ նյութերի մասին էլ՝ լռենք ՛՛:
Ինձ համար շատ ավելի մեծ խնդիր է այն, որ այս ամենը մեզ համար դարձել է սովորական: Մենք նայում ենք բռնության տեսարաններին ու սպանություններին անթարթ ու հանգիստ: Կարծես՝ հենց էդպես էլ պիտի լիներ: Միգուցե սա՝ նմանատիպ շատ նյութեր նայելու արդյունք է: Միգուցե հենց դա է մեզ բթացնում ու անզգայացնում: Չգիտեմ:
Փաստը մնում է փաստ, որ մենք արդեն համակերպվել ենք, որ չկա կյանք առանց արյան, բռնաբարությունների ու սպանությունների: Ես պարզ գիտակցում եմ, որ իրական կյանքում նման դեպքերը ճնշող մեծամասնություն չեն կազմում: Ամեն օր մեր կողքի մուտքում աղջիկ չեն բռնաբարում: Մեր վերևի հարևանը խանութից ուտելիք գնելու փոխարեն չի զբաղվում մարդկանց հերձելով ու ներքին օրգանների վաճառքով:
Մեդիա ոլորտը ստիպել է մեզ հավատալ այդ ստին: Մենք այնքան ենք հավատում այդ ստին, որ նույնիսկ հասցրել ենք դրան սովորել, ավելին՝ բթանալ:
Առաջին դեպքում խոսքը մասնագիտության հոգեբանական նրբության մասին էր: Երբ խնդիրը ինչ-որ չափով մասնագիտական է ու ժամանակավոր ՝ հնարավոր է հասկանալ ու ընդունել: Բայց երբ փողոցում ամեն մարդ իրեն պահում է լուսանկարչության առաջին փուլում գտնվողի պես, այս ամենը վերածվում է աղետի: Մենք ապրում ենք բարոյականության ու անզգայության քաոսի կենտրոնում ու նույնիսկ չենք նկատում դա: Չենք նկատում, որովհետև այդ քաոսը մեզ համար սովորական է դարձել:
Ես հաղթահարել եմ մասնագիտական այդ նրբությունը . որոշակի կոպտությունից հետո իմ մեջ վերածնվեցին զգացմունքներս: Ես մի կողմ եմ դրել լուսանկարչական սարքն ու նկարում եմ միայն այն ժամանակ, երբ ուղղակի ցանկություն է լինում:
Բայց դա ինձ չի խանգարում գրառումն ավարտելուց հետո գնալ ու դիտել մի հեռուստասերիալ, որտեղ գլխավոր հերոսը մոլի մարդասպան է: Նայել արյունաքամ լինող դիակներին ու ուրախանալ, երբ գլխավոր հերոսի մոտ ստացվում է աննկատ ու օրիգինալ կերպով սպանել իր զոհին:
Ես սիրում եմ այդ արտասահմանյան հեռուստասերիալը: Սիրում եմ, որովհետև իմ զգացմունքներն էլ են բթացած վիճակում: Ես էլ եմ սովորել ապրել առանց զգացմունքների:
Ես մեկն եմ բոլորից: