Թեև Աֆրիկյանների տան շուրջ աղմուկն այսօր մի փոքր կարծես նվազել է, բայց խնդիրը շարունակում է մնալ չլուծված, «Դեմ եմ»-ի երիտասարդները պատրաստվում են կրկին գիշերը հերթապահել Աֆրիկյանների տան մոտ, ոստիկանությունն էլ ուժեղացված հսկողություն է սահմանել: Ուստի ուզում եմ հանդես գալ առաջարկով:

Եթե ակտիվիստները չեն վստահում իշխանություններին, անընդհատ բարձրաձայնում են, թե ապամոնտաժված շենքերը չեն վերակառուցվում ու քարերը գտնվում են բարձիթողի վիճակում, գողացվում են և այլն, թող ստեղծեն, ասենք, «Հասարակական աջակցության հանձնաժողով», կամ ինչպես ուզում են, թող կոչեն, որը կունենա խնդիրներ բարձրացնելու և ամբողջ գործընթացին հետևելու լիազորություններ, և հետևեն, որ ապամոնտաժվող շինությունների դետալներն անվնաս պահվեն, ապա պատշաճ ժամկետներում վերակառուցվեն:

Մինչդեռ այս իրավիճակը ոչ մի տեղ չտանող իրավիճակ է` հարուստ գաղջություն տարածող հատկանիշներով: Թող ակտիվիստները նստեն մշակույթի նախարարության հետ սեղանի շուրջ, բանակցեն: Դրանով կապացուցեն իրենց պահանջների անկեղծությունն ու ոչ պոպուլիստական բնույթը (եթե իհարկե այդպես է):

Մշակույթի նախարարությունն էլ հիանալի առիթ կունենա` հանրությանն ապացուցելու, որ ապամոնտաժվող շինություններին իրականում վտանգ չի սպառնում (եթե իհարկե այդպես է):

Այս պարագայում հասարակությունը կկարողանա տարանջատել պոպուլիզմը իրականությունից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել