Ի՞նչ կարելի է գնել այս մոլորակի վրա՝ երևանյան նորակառույցների 3-սենյականոց բնակարանի գնով, որի շուկայական գինը մոտավորապես 145 հազար դոլար է կազմում:

Ըստ Knight Frank ընկերության ուսումնասիրությունների՝ վերջին տարում երկրների 53 տոկոսում անշարժ գույքը թանկացել է: Այս առումով առավել լավ ցուցանիշներ են գրանցել Չինաստանը, Հոնկոնգը և Սինգապուրը, որտեղ տարեկան հնաճը՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, գերազանցել է 24 տոկոսը:

Չինական Հայնանում 145.000 դոլարով կարող ես ձեռք բերել 100 ք/մ մակերեսով բնակարան: Ընդ որում, այն շենքը, որտեղ դուք բնակարան ձեռք կբերեք, գտնվում է ծովից 200 մետր հեռավորության վրա, իսկ բնակարանները վաճառվում են վերանորոգված ու կահավորված:

Ամենից մեծ գնանկումն անշարժ գույքի շուկայում գրանցվել է Էստոնիայում՝ տարեկան մոտ 40 տոկոս: Տալինում 3-հարկանի շենքում 129 ք/մ մակերեսով 4-սենյականոց բնակարանը, որը ունի ինտերնետային ու հեռախոսային կապ, առանձին սանհանգույց ու ավտոտնակ, կարելի է ձեռք բերել 123.000 եվրոյով:

ՈՒկրաինայում ևս գրանցվել է զգալի գնանկում՝ 35 տոկոս: Այժմ Կիևի ամենակենտրոնական հատվածում՝ Մայդանից ոչ շատ հեռու, կարելի է ձեռք բերել 3-սենյականոց բնակարան՝ 87 ք/մ մակերեսով, և դա կարժենա ընդամենը 141.000 դոլար:

Գնանկում է գրանցվել նաև Խորվաթիայում ու Բուլղարիայում՝ համապատասխանաբար 11 և 18 տոկոս: Վարնայում՝ ծովափից ընդամենը 400 մետրի վրա, դուք կարող եք 110 ք/մ մակերեսով տուն գնել՝ վճարելով ընդամենը 115.000 եվրո:

Դուբայի անշարժ գույքի շուկայում թեև շարունակվում է ճգնաժամը և գնանկումը, բայց այնտեղ ցուցանիշները այդքան դրամատիկ չեն՝ ընդամենը -8 տոկոս: 148.000 դոլարով կարելի է ձեռք բերել 40 ք/մ մակերեսով ու հրաշալի վերանորոգված բնակարան: Այդ գնի մեջ մտնում է կայանատեղիի գումարը, ընդհանուր օգտագործման լողավազան, ջակուզի, մարզադահլիճ և շոգեբաղնիք: Շենքի հենց հարևանությամբ կա մետրոյի կայարան, իսկ հենց շենքի դիմաց գտնվում է աշխարհահռչակ «Դուբայ Մարինան»:

Չեխիայում գներն ընկել են 7 տոկոսով: 48ք/մ մակերեսով երկուսենյականոց բնակարանը Պրահայում, որն ունի նաև 20-մետրանոց պատշգամբ և ավտոտնակ, այժմ արժե ընդամենը 108.000 եվրո:

Մեկ այլ գեղեցիկ եվրոպական մայրաքաղաքում՝ Փարիզում, թեև գրանցվել է 4-տոկոսանոց գնանկում, բայց այնտեղ ոչինչ չես գնի երևանյան երեքսենյականոց էլիտար բնակարանի գնով: Փոխարենը, 193.000 եվրոյով կարելի է գնել 37ք/մ մակերեսով համեստ բնակարան՝ 17-րդ շրջանում, որը մետրոյից ընդամենը 3 րոպեի վրա կլինի:

Մայամիում գներն աճել են 2,3 տոկոսով: Այնտեղ 80ք/մ մակերեսով բնակարանը, որի պատուհանները նայում են օվկիանոսին, կարելի է ձեռք բերել 185.000 դոլարով:

Նույն գնով և կրկին օվկիանոսի մոտ կարելի է ձեռք բերել 125ք/մ մակերեսով սեփական տուն Դոմինիկանայում:

Հունգարիայի Բալատոն գեղատեսիլ լճի հարևանությամբ ընդամենը 165.000 դոլարով կարելի է ձեռք բերել 180ք/մ մակերեսով սեփական տուն՝ 2500 ք/մ տնամերձ հողատարածքով:

Ամստերդամի կենտրոնում գտնվող 65 ք/մ մակերեսով 3-սենյականոց ասկետիկ բնակարանը կարժենա ձեզ համար 184.000 դոլար:

Պարագվայում՝ Յուրակարայ լճի հարևանությամբ գտնվող 345 ք/մ մակերեսով առանձնատան գինը կազմում է 117.000 դոլար:

Իսկ, օրինակ, Թայլանդում նույն երևանյան երեքսենյականոցի գնով կարող եք Պատտայ քաղաքում ձեռք բերել 78ք/մ մակերեսով էլիտար բնակարան՝ ծովից ընդամենը 100 մետր հեռավորության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել