Armversion.am-ը գրում է.

Դրամաշորթությո՞ւն, թե՞ թյուրիմացություն. այս հարցը հուզում է բոլորին, ովքեր տեղյակ են դերասան Արտավազդ Հովհաննիսյանի անվան շուրջ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված մեծ աղմուկի մասին։

Հիշեցնենք, որ Վանաձորում բարեգործական համերգից հետո, հասույթը դերասան Կարեն Մկրտչյանի ցանկությամբ պետք է փոխանցվեր գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին՝ Մոսկվայում բուժում ստանալու նպատակով, սակայն, ըստ լուրերի Արտավազդը ծրարով դրամը հետ է վերցնում երեխայի հորից՝ Արթուր Գալստյանից՝ նշելով, թե բանկային փոխանցում պետք է կատարվի: Սակայն ինչ-ինչ պատճառներով գումարը չի փոխանցվում, և Արտավազդը, գտնվելով Մոսկվայում, տեսնում է ինտերնետում տարածված տարաբնույթ մեկնաբանությունները և ցանկանում հերքել այն մեղադրանքները, որ փորձել է գումարը գրպանել։

«Հայկական Վարկած»-ի հետ կապ հաստատեց դերասանը՝ խնդրելով պարզաբանել եղելությունը, մինչև ինքը մոտ օրերս կվերադառնա Մոսկվայից և կկարողանա ներկայացնել փաստեր, որոնք կապացուցեն, որ այդ ամենը թյուրիմացություն է եղել, կկազմակերպի մամուլի ասուլիս և այդ ժամանակ հետաքրքիր ինֆորմացիա կտրամադրի լրագրողներին՝ պատռելով շատերի դիմակը, ովքեր փորձել են պղտոր ջրում ջուկ որսալ։

Նա նշեց, որ լրատվամիջոցները միակողմանի են լուսաբանում, իսկ ինքը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։

Արտավազդը հավաստիացնում է. «200 հազար դրամի համար ես իմ 10 տարում ձեռք բերածը, որ հեռուստատեսությունում եմ աշխատել, երբեք ջուրը չէի գցի, սա անհեթեթ մտածելակերպ է։ Գումարը մեկ անգամ սխալ հաշվեհամարի է փոխանցվել, թյուրիմացություն է եղել, որից հետո շտկվել է և նորից փոխանցվել։ Երեխայի հոր հետ կապի մեջ եմ, և ես չեմ կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս պատմությունը սարքել, ի՞նչ նպատակներով։ Ես էլ իմ հետաքննությունն եմ անում, որ պարզեմ, թե ով է սրա հետևում կանգնած։ Երբ Մոսկվայից գամ, միանշանակ հայտարարությամբ և փաստերով հանդես կգամ»։

Իսկ թե ինչպես էր առաջացել այս պատմությունը, դերասանը պատմում է. «Իրականում ծրարի մեջ շատ քիչ է եղել՝ 28 – 32 հազար դրամ, մնացածը մենք պետք է 4 կազմակերպություններից փոխանցումներով ստանայինք, որոնք կատարվել են մոտ 10 օրվա ընթացքում, և մենք դրանից հետո ենք փոխանցումն արել, ոչ թե համերգից հետո, քանի որ այդ պահին այդքան գումար չի եղել։ Ուշ ենք փոխանցել, քանի որ կազմակերպության հաշվապահն ու տնօրենը հանրապետությունում չեն եղել, որ փոխանցեն։ Խնդիրը նրանում է, որ միայն նրանք կարող են բանկային թղթերը տրամադրել։ Այս ամենը ուզում եմ, որ ամբողջությամբ պարզաբանվի լրատվական դաշտում։ Եթե տեղյակ եք՝ Կարեն Մկրտչյանի համար տեսահոլովակ է նկարահանվել, որն իմ նախաձեռնությամբ է եղել։ Ոչ ոք չի բարձրաձայնել, թե ով է նկարել, բայց երբ մի թյուրիմացություն է լինում, մեծ պատմություն է դառնում։ Առաջին հերթին՝ անվանս խնդիր է, երկրորդը՝ ես՝ ինքս ունեմ երեխաներ, ճիշտ չէ այս ամենը։ Այդ երեխայի առողջականի հետ կապված որևէ մեկն ինձանից երևի շատ բան չգիտի, բայց դուրս է գալիս, որ վատություն ենք արել նրան։ Ոչ ոք չէր կարող այդ փողն ուտել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել