Լաո Շե
Չինական գրականություն


Տիկին Մինը խելքը գլխին կին է: Նա ամուսնու համար ծնել է որդի եւ դուստր, բայց դեռ գանգրացնում է մազերը, թեեւ ուր որ է նրա քառասունը կլրանա: Տիկին Մինը գրագիտության հետ հաշտ չի եւ, իմանալով իր այդ պակասությունը, ձգտում է լրացնել անդուլ հոգատարությամբ. երեխաների եւ ամուսնու հոգսն է քաշում:
Տիկին Մինը ներողամտությամբ քաջալերում է երեխաների վատ արարքները, չի համարձակվում կշտամբել, պատժել: Նույնիսկ սիրտ չի անում ամուսնու ներկայությամբ նրանց վրա բարկանալ, քանզի հասկանում է՝ ինքը նրանց մայրն է միայն այն պատճառով, որ պարոն Մինը նրանց հայրն է: Հարկավոր է շարունակ զգաստ լինել. պարոն Մինը նրա համար ամեն ինչ է: Եվ տիկին Մինը չի կարող ո՛չ ծեծել, ո՛չ էլ նախատել նրա երեխաներին: Թե չէ մեկ էլ տեսար նա զայրույթի պահին դիմեց ամենածայրահեղ միջոցին՝ ուրիշ կնոջ հետ ամուսնացավ, իսկ ինքը չի կարող ուրիշ ամուսին ճարել:
Տիկին Մինը բավական կասկածամիտ անձնավորություն է: Ամեն մի թուղթ, որի վրա հիերոգլիֆներ կան, նրան սարսափ է պատճառում, դրանց մեջ ինչ-որ գաղտնիք է թաքնված: Ահա թե ինչու նա ատում է բոլոր այդ պարոններին եւ օրիորդներին: Իսկապես, նրա ամուսինը, նրա երեխաները ոչնչով վատ չեն այդ կրթված պարոններից: Պարոն Մինն էլ չի ժխտի, որ ինքը խելոք է, օժտված ընդունակություններով եւ բարձր դիրք է գրավում հասարակության մեջ:
Տիկին Մինը ոչ ոքի թույլ չի տա վատ բան ասել իր երեխաների մասին, կշտամբել նրանց չարությունների համար: Եթե երեխաները վատն են, ուրեմն մայրն էլ է վատը: Իսկ դա տիկին Մինը չի հանդուրժի: Նա ամեն ինչում հնազանդվում է ամուսնուն, եւ երեխաներին՝ նույնպես: Իսկ մնացած մարդկանց բանի տեղ չի դնում: Իրեն համարում է ամենից խելոքը եւ շարունակ պարծենում է հարեւանների ու ծառաների մոտ:
Երբ նրա երեխաները կռվում են ուրիշների հետ, նա գլխապատառ մարտի է նետվում: Թող իմանան, թե ում հետ գործ ունեն: Ինչպես լուսինն է արտացոլում արեւի լույսը, այնպես էլ նա կոչված է մարմնավորելու իր ամուսնու ուժն ու վեհությունը:
Նա ատում էր ծառաներին, որովհետեւ նրանք արհամարհանքով էին վերաբերվում իրեն: Հասկանալի է, որ բարձրաձայն ոչինչ չէին ասում, բայց նրանց հայացքներում կարելի էր կարդալ՝ «Հանիր զգեստներդ, եւ դու կլինես այնպիսին, ինչպիսին մենք ենք, գուցե ավելի վատ»: Նրանց արհամարհանքը նկատելի էր դառնում, երբ տիկինը որեւէ բան էր ծրագրում նրանց դեմ: Կատաղության պահին տիկին Մինը պատրաստ էր ողջ-ողջ կուլ տալու նրանց: Նա հաճախ էր տնից քշում ծառաներին, որ քեկուզ որեւէ կերպ վրեժխնդիր լինի:
Կնոջ հետ վարվելով բռնապետի նման, պարոն Մինը միաժամանակ ներում էր նրա վեճերը հարեւանների հետ, ծառաներին ազատելը եւ նույնիսկ այն, որ նա ներողամտությամբ խրախուսում էր երեխաների չարությունները: Այստեղ պարոն Մինը որոշ ազատություն էր տալիս կնոջը, քանի որ կինը ընտանիքի շահերի պահապան էր կանգնած: Նրա մեջ զուգակցվում էին ստորաքարշությունն ու ամբարտավանությունը: Հոգու խորքում նա արհամարհում էր կնոջը, բայց չէր կարող ուրիշներին թույլ տալ, որ անհարգալից վերաբերվեն նրա նկատմաբ: Ինչպիսին էլ որ լիներ՝ տիկին Մինը նրա կինն էր: Նա չէր կարող երկրորդ անգամ ամուսնանալ, քանի որ ծառայում էր հարուստ օտարերկրացիների՝ հավատացյալ ֆանատիկների մոտ, եւ ապահարզանը կամ երկրորդ ամուսնությունը նրան կզրկեին շահավետ տեղից: Եվ քանի որ նրան վիճակված է հանդուրժել այդպիսի կնոջը, նա թույլ չի տա քամահրական վերաբերմունք իր կնոջ նկատմամբ: Ինքը կարող է եւ ծեծել նրան, բայց ուրիշներին թույլ չի տա նույնիսկ ծուռ նայել: Պարոն Մինը կնոջ նկատմամբ ոչ մի զգացմունք չէր տածում, բայց երեխաներին սիրում էր անսահման: Եվ եթե ինքը ամեն ինչով պետք է բարձր լինի ուրիշներից, ապա երեխաները՝ առավել եւս:
Պարոն Մինը քայլում էր գլուխը բարձր պահած: Կնոջ առաջ նա իրեն մեղավոր չէր զգում, պաշտում էր երեխաներին, բավական լավ պաշտոն ուներ եւ չէր տառապում բացարձակապես ոչ մի արատով: Նա իրեն երկրպագում էր, ինչպես սրբի: Ոչ ոքից կախում չուներ եւ կարող էր ոչ մեկի հանդեպ ավելորդ նրբանկատություն չցուցաբերել: Ցերեկները անց էր կացնում ծառայության վայրում, երեկոները նվիրում էր երեխաներին: Երբեք գիրք չէր կարդում՝ գտնելով, որ դրանից օգուտ չկա, առանց այդ էլ ինքն ամեն ինչ հասկացել է:
Պարոն Մինը հարեւաններին ոչ միայն բարեւի չէր արժանացնում, այլեւ հանդիպելիս երեսը շրջում էր:
Նրան բոլորովին չէին հետաքրքրում պետության ու հասարակության գործերը: Միակ երազանքը, որ նա ուներ, այն էր, որ շատ փող կուտակի եւ ապրի անկախ, լիովին բարեկեցիկ կյանքով:
Եվ, այնուամենայնիվ, այսօր պարոն Մինը ամեն ինչից չէ, որ գոհ էր: Իսկ նա այնպես էր ուզում գոհ լինել ամեն ինչից: Բայց յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի ինչ-որ բան, որ գոյություն ունի՝ անկախ նրա կամքից: Եվ դրանից ոչ մի կերպ չի կարող ազատվել: Նրա հոգում մի բիծ կար. դա նույնն էր, ինչ որ խայտը բյուրեղի վրա: Եվ ինքը լավ էր տեսնում այդ (միայն մի հատիկ) բիծը: Մնացած ամեն ինչում (պարոն Մինը հաստատ հավատում էր եւ հպարտանում էր դրանով) նա բացարձակապես մաքուր էր: Բայց այդ բիծը... Պարոն Մինը չէր կարող դրանից ազատվել, այն շարունակ աճում էր ու աճում:
Պարոն Մինը գիտեր, որ կինը գլխի է ընկնում այդ մասին, որ դա է նրա արտակարգ կասկածամտության պատճառը: Տիկինն ինչեր ասես, որ չարեց, որ այդ բիծը չլինի, բայց բիծն աճում էր: Դա կարելի էր որոշել ամուսնու ժպիտից, աչքերի արտահայտությունից: Միայն թե բծին դիպչել չէր համարձակվում, վախենում էր այրվել. չէ՛ որ դա արեւի վրայի բիծ էր: Իսկ եթե հանկարծ նրա ջերմությունն անցնի ուրիշի: Հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել:
Մի անգամ Միների երեխաները հարեւանից խաղող գողացան: Մինչ այդ նրանք շարունակ պոկոտում էին ծաղիկները. ցանկապատը շատ էր ցածրիկ: Ցանկապատից այն կողմ ապրող Յան ամուսինները չէին գանգատվում երեխաներից, թեեւ ծաղիկներ շատ էին սիրում:
Հասկանալի է, որ Մին ամուսինները հավանություն չէին տալիս երեխաների նման վարքին, բայց քանի որ նրանք բատ բան են արել, ապա դա չպիտի խոստովանել. չէ՛ որ դրանք ոչ թե ինչ-որ մեկի երեխաներն են, այլ իրենց սեփականը: Եվ հետո՝ ի՞նչ մեծ բան են ծաղիկները: Պոկես՝ առանձնապես ոչինչ չի պատահի: Դեռ ավելին՝ Միները վճռեցին, որ եթե այդպիսի դատարկ բանի համար Յաները բացատրություն պահանջեն, ուրեմն նրանք պարզապես չեն հասկանում լավ վերաբերմունքը: Սակայն Յաները չանհանգստացրին Մին ամուսիններին, եւ տիկին Մինը վճռեց, որ նրանք պարզապես վախենում են իրենցից: Ինչ վերաբերում է պարոն Մինին, ապա նա վաղուց էր հաստատ համոզված դրանում: Բնավ էլ ոչ այն պատճառով, որ հարեւանները որեւէ կերպ դրսեւորել էին իրենց վախը: Պարզապես նա չէր կասկածում, որ բոլորը պետք է դողան իր առաջ, քանի որ ինքը շարունակ քայլում է գլուխը բարձր պահած: Բացի այդ, հարեւան Յաներն ուսուցչություն էին անում, իսկ պարոն Մինն արհամարհում էր այդ կարգի մարդկանց. աղքատ են եւ ոչ մի հեռանկար չունեն: Նա հատկապես ատում էր պարոն Յանին: Եվ այդ ամենը նրա համար, որ շատ սիրունիկն էր տիկին Յանը: Այո՛, պարոն Մինը տանել չէր կարող ուսուցիչներին, բայց կանայք, այն էլ սիրունիկ կանայք՝ բոլորովին ուրիշ բան են: Անհնար է պատկերացնել ինչ-որ մի քրջոտ եւ այդպիսի՜ հրապուրիչ կին: Նա ո՜ւր, իր կինը՝ ո՜ւր: Ուղղակի մարդու զայրո՛ւյթն է գալիս: Եվ ինչպե՞ս է այդպիսի գեղեցկուհին համաձայնվել ամուսնանալ ուսուցչի հետ: Ո՞ւր է նայել նա: Պարոն Մինի վրդովմունքն օրեցօր աճում էր: Նա չէր կարողանում իրեն տիրապետել: Դա չվրիպեց տիկին Մինի ուշադրությունից. ամուսնու հայացքը շատ հաճախ էր սահում ցածրիկ ցանկապատի վրայով: Դրա համար էլ տիկին Մինը հավանություն էր տալիս երեխաների արարքներին: Տեղն է այդ տիկին Յանին: Նա նախապես ամեն ինչ կշռադատել էր. թող միայն փորձի այդ կինը բերանը բացել, ինքը նրան ցույց կտա:
Պարոն Յանը նոր մարդու տիպար էր Չինաստանում: Նա աչքի էր ընկնում արտակարգ քաղաքավարությամբ եւ ամենուր ձգտում էր ցուցադրել իր կրթվածությունն ու լավ շարժուձեւերը: Նա գիտեր, որ հարեւանի երեխաները տեր ու տնօրինություն են անում իր այգում, սակայն չէր ուզում այդ մասին խոսել. չէ՛ որ պարոն Մինն ու նրա տիկինը, եթե նրանք դաստիարակված մարդիկ են, վաղ թե ուշ կգան ներում խնդրելու: Մարդուն ուժով չես ստիպի զղջալ, միայն կգցես անհարմար վիճակի մեջ: Սակայն Մինն ու իր տիկինը չեկան, իսկ պարոն Յանն իրեն թույլ չտվեց զայրանալ. Թող նրանք անքաղաքավարի լինեն, ինքը պարտավոր է հիշել սեփական արժանապատվության մասին: Բայց երբ երեխաները պոկոտեցին ողկույզները, պարոն Յանը տհաճություն զգաց: Ոչ այնքան խաղողն էր ափսոսում, որքան ծախսված ժամանակը: Երեք տարվա անխոնջ աշխատանքից հետո խաղողն առաջին անգամ էր պտուղ տալիս: Քիչ էր, ընդամենը մի քանի ողկույզ, այն էլ պոկեցին երեխաները: Տիկին Յանը որոշեց խոսել տիկին Մինի հետ: Հոգու խորքում պարոն Յանը դեմ չէր դրան եւ, այնուամենայնիվ, փորձեց տարհամոզել կնոջը: Նրա դաստիարակվածությունը հաղթահարեց զայրույթը: Սակայն կինն այլ կարծիքի էր: Նա գտնում էր, որ պետք է գնալ, չվիճել, չկռվել, այլ պարզապես քաղաքավարի խոսել տիկին Մինի հետ: Պարոն Յանը՝ վախենալով, որ հանկարծ կինն իրեն փոքրհոգի կհամարի, ընդառաջեց նրա ցանկությանը: Եվ հարեւանուհիները հանդիպեցին:
- Տիկին Մի՞ն: Իմ ազգանունը Յան է, - քաղաքավարի ներկայացավ ուսուցչուհին:
Տիկին Մինը լավ գիտեր, թե ինչն է այստեղ բերել տիկին Յանին, եւ հոգու խորքում դաժանորեն ատում էր նրան:
- Ա՛յ թե նորություն է:
Տիկին Յանին, ինչպես դաստիարակված կնոջ, այդ խոսքերը կարմրեցրին, եւ նա շփոթվեց: Բայց հարկավոր էր որեւէ բան պատասխանել, եւ նա ասաց.
- Առանձնապես ոչինչ չի պատահել... Երեխաները... Ի դեպ՝ դատարկ բան է... Երեխաները պոկել են ողկույզները:
- Իսկապե՞ս, - երգեցիկ ձայնով ղունղունաց տիկին Մինը: - Երեխաները խաղող սիրում են: Ես նրանց թույլ չեմ տալիս ուտել, բայց եթե դուր է գալիս, թող խաղան:
- Մեր խաղողո՞վ: - Տիկին Յանի դեմքն այլայլվեց: - Մենք այնքա՜ն դժվարությամբ ենք աճեցրել: Ամբողջ երե՜ք տարի: Եվ միայն հիմա՛ էր պտղաբերել:
- Ես հե՛նց ձեր խաղողի մասին եմ խոսում: Թթու քացա՜խ է: Բայց երեխաները թո՛ղ խաղան: Չէ՛ որ բանի պետք չէ ձեր այդ խաղողը, եւ հետո եղած-չեղածը մեկ թե երկու ողկույզ էր:
- Երեխաները, - տիկին Յանը հիշեց դաստիարակության պրոբլեմների մասին, - բոլորն էլ երես առած են: Բայց պարոն Յանն ու ես ծաղիկներ շատ ենք սիրում:
- Օ՜, պարոն Մինն ու ես նույնպես շա՜տ ենք սիրում ծաղիկներ:
- Իսկ եթե ուրիշի երեխաները պոկոտեին ձեր ծաղիկները:
- Ո՞վ կհամարձակներ:
-  Բայց չէ՛ որ ձեր երեխաները պոկոտում են ուրիշի ծաղիկները:
- Ձե՞ր  ծաղիկները: Իսկ դուք տեղափոխվեք այստեղից: Մեր երեխաներին դուր է գալիս քաղել ուրիշի խաղողը՝ հենց այնպես, զվարճության համար:
Տիկին Յանը չգիտեր ինչ ասել: Քանի դեռ նա տուն էր գնում, շրթունքները դողում էին, իսկ ամուսնուն տեսնելով, քիչ էր մնում լաց լիներ:
Պարոն Յանը երկար սփոփեց կնոջը: Նա հասկանում էր, որ հարեւանուհին իրավացի չէ, բայց ի՞նչ կարող ես անել: Տիկին Մինը անկիրթ կին է, եւ նրա հետ վեճի բռնվել՝ կնշանակի գցել սեփական արժանապատվությունը: Սակայն տիկին Յանն այլ կարծիքի էր եւ գտնում էր, որ ամուսինը պետք է իրեն պաշտպան կանգնի: Երկար մտորումներից հետո պարոն Յանը վճռեց, որ հարեւանը, ամենայն հավանականությամբ, այնքան կոպիտ չէ, որքան նրա կինը, եւ ամենից լավն այն կլինի, որ համաձայնության գա նրա հետ՝ միայն թե առանց անձամբ հանդիպելու: Պարոն Մինին նամակ կուղարկի՝ շատ քաղաքավարի, շատ ձեւապատշաճ նամակ, չի հիշատակի կանանց հանդիպումը, երեխաների չարությունները, միայն կխնդրի պատվիրել երեխաներին , որ չպոկոտեն ուրիշների ծաղիկները: Նրան թվում էր, թե հենց այդպես պետք է վարվի դաստիարակված մարդը: Եվ նրա միտքը եկան այնպիսի հաճելի բառեր, ինչպես՝ «բարեկամություն հարեւանների միջեւ», «արտակարգ շնորհապարտություն», «անկեղծ խնդություն»... Նա նույնիսկ պատկերացրեց, թե որքան կհուզվի պարոն Մինը՝ ստանալով իր՝ պարոն Յանի նամակը, եւ ինչպես անձամբ կգա ներում խնդրելու: Իրենից գոհ, նա նամակ գրեց պարոն Մինին, մի ընդարձակ  ուղերձ եւ աղախնին պատվիրեց տանել:
Հարեւանուհուն վռնդելուց հետո տիկին Մինը գտնվում էր ամենահաճելի հոգեվիճակում: Նա վաղուց էր ուզում անախորժություն պատճառել այդ կնոջը, եւ հանկարծ այդպիսի դիպված:
Տիկին Մինը պատկերացնում էր, թե ինչ կասի տիկին Յանն իր ամուսնուն, երբ տուն վերադառնա, իսկ հետո հարեւանները կզղջան. գուցե եւ լավ բան չէ ուրիշի խաղողը գողանալը, բայց չէ՛ որ պետք է հիշել, թե դրանք ում երեխաներն են: Եվ ամենեւին հարկ չկա նեղանալու նրա համար, որ Մին ընտանիքի երեխաները մի քանի ողկույզ են պոկել... Տիկին Մինը հրճվում էր: Թող այդ Յաներն իրենց տեղն իմանան:
Բայց այդ պահին հարեւանների աղախինը բերեց նամակը: Իսկ տիկին Մինը, ինչպես հայտնի է, կասկածամիտ անձնավորություն էր: Եվ նա վճռեց, իհարկե, որ տիկին Յանն է նամակ գրել պարոն Մինին, որ իրեն անախորժություն պատճառի: Նա առանց այդ էլ տանել չէր կարող տիկին Յանին: Իսկ այն, որ այդ կինը կարողանում է գրել այդ անիծված հիերոգլիֆները՝ հարուցեց նրա կատաղի զայրույթը: Եվ տիկին Մինը վճռեց չընդունել նամակը:
Աղախինը գնաց, բայց տիկին Մինը ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ. իսկ եթե նամակը նորից ուղարկեն, երբ պարոն Մինը վերադարձած լինի: Ու թեեւ նա լավ գիտեր, որ ամուսինը պաշտում է երեխաներին, բայց չէ՛ որ նամակը տիկին Յանից է: Մեկ էլ տեսար պարոն Մինը կռիվ սարքեց այդ կնոջ համար, կարող է պատահել, որ ծեծի էլ: Իսկ եթե այդ կինն իմանա, տիկին Մինն ամոթից տեղը չի գտնի: Թող տառապի՝ ինչի համար ուզում է լինի, միայն թե ոչ այդ կնկա պատճառով... Օ՜, ոչ: Նա պետք է ամուսնուն դիմավորի կատարելապես զինված. ամենից առաջ կպատմի, թե հարեւաններն ինչ կռիվ սարքեցին իրենց թթու խաղողի համար, թող ամուսինը պահանջի, որ ներողություն խնդրեն: Իմանալով այդ ամենի մասին, պարոն Մինը, հավանորեն, կհրաժարվի նամակն ընդունել, եւ ինքը՝ տիկին Մինը, լիակատար հաղթանակ կտանի:
Սպասելով ամուսնուն, տիկին Մինը կշռադատում էր այն ամենը, ինչ ասելու էր, եւ նույնիսկ որոշեց գործի դնել ամուսնու սիրելի խոսքերը:
Նա կփորձի ազդել ամուսնու հայրական զգացմունքների վրա: Պարոն Մինը կարող էր ներել տիկին Յանին, եթե նա չասեր, թե երեխաները վատ են դաստիարակված: Իսկ հիմա ներում չի՛ լինի: Եթե դրան ավելացնենք նաեւ պարոն Մինի վրդովմունքն այն բանի համար, որ տիկին Յանն ամուսնացել է քրջոտի հետ, ապա նրան լավ բան սպասել չի վիճակվի: Հարկավոր է ամուսնուն ասել նաեւ, որ հարեւանները մտադիր են նամակ ուղարկել եւ պահանջել, որ իրենք ներողություն խնդրեն. այդ ժամանակ արդեն պարոն Մինի ատելությունը Յաների նկատմամբ սահման չի ունենա: Առանց այդ էլ նա տանել չի կարող այդ թուղթ մրոտողներին: Պարոն Մինը ծառայում է օտարերկրացիների մոտ եւ լավ գիտի, որ արժեք ունեն միայն մեքենագրված պայմանագրերը, մեկ էլ ստորագրությունները: Իսկ ի՞նչ օգուտ ինչ-որ գջլոտված վարժապետների նամակից: Թող ուղարկեն, միեւնույն է, պարոն Մինը չի ընդունի: Բայց գուցե չարաբաստիկ բիծը նրան ստիպի նայել այն հիերոգլիֆներին, որ գրել է տիկին Յանը: Ամուսինն ատում է հիերոգլիֆները, բայց էլի՝ նայած թե ով է գրել: Տիկին Մինը դա էլ էր նախատեսել: Կասի, որ նամակը պարոն Յանից էր: Պարոն Մինն այնքան շատ ժամանակ չունի, որ կարդա ամեն տեսակի հիմար նամակներ: Պարոն Մինին քաջ հայտնի է, որ օտարերկրացու ստորագրություն շատ ավելին արժե, քան ամենախոշոր չինական աստիճանավորի նամակը:
Տիկին Մինը երեխաներին ուղարկեց դարպասից դուրս՝ պատվիրելով, որ ոչ մի նամակ չընդունեն, բայց ինքն էլ պարապ չէր մնում, շուտ-շուտ նայում էր հարեւանի տանը: Իր հաջողություններից գոհ՝ նա տարվեց երազանքներով: Նույնիսկ վճռեց ամուսնուն առաջարկել, որ գնի այդ տնակը, որտեղ ապրում են հարեւանները: Պարոն Մինն, իհա՛րկե, կհամաձայնի, թեեւ հիմա ազատ գումարներ չունի: Այդպիսի առաջարկը բալասան է նրա հոգու համար: Եվ բոլորովին կարեւոր չէ՝ Յաները վարձո՞ւմ են այդ տունը, թե՞ դա իրենց սեփականությունն է: Նրանք պետք է վաճառեն, քանի որ այդ են ցանկանում Միները: Այլ կերպ լինել չի կարող: Իսկ որքան հաճելի կլինի պարոն Մինի համար, երբ նա երեխաներից լսի՝ «Շուտով մենք կգնենք այդ տնակը»:
Այդ տունը գնելը կլինի ամենամեծ հաղթանակը: Չէ՛ որ պարոն Մինը երազում էր տներ, հող, մեքենաներ, թանկարժեք իրեր գնելու մասին... Եվ, երազելով, ամեն անգամ զգում է սեփական մեծությունը:
Բայց պարոն Յանը չէր էլ պատրաստվում նորից ուղարկել նամակը: Հարեւանների արարքն ընդունելով որպես կանխամտածված վիրավորանք, նա մտածեց, որ վատ չէր լինի ուժերը չափել պարոն Մինի հետ: Մտածել, իհա՛րկե, կարելի էր, բայց ուսուցչի դիրքը նրան թույլ չէր տա այդպես վարվել: Նա միայն կնոջն ասաց, որ Միները սինլքորներ են, եւ իրենց վայել չէ գլուխ դնել նրանց հետ: Դա որոշ սփոփանք բերեց նրան՝ ի տարբերություն տիկին Յանի, որը պարզապես չգիտեր ինչպես վարվել: Նրան հանկարծ սկսեց թվել, որ չափազանց քաղաքավարությունից քիչ օգուտ կա: Նա տխրությամբ պատմեց ամուսնուն իր ապրումների մասին եւ ինչ-որ չափով թեթեւացրեց նրա հոգուն իջած ծանրությունը:
Ամուսինները զրուցում էին, երբ աղախինը մի նամակ բերեց: Նայելով ծրարին, պարոն Յանը տեսավ, որ նամակը հասցեագրված է պարոն Մինին: Նա ուզում էր ծրարը բացել, բայց մտածեց, որ օրինավոր մարդուն վայել չէ այդպես վարվել, եւ պատվիրեց նամակը տանել հարեւաններին:
Տիկին Մինը հենց դրան էլ սպասում էր: Նկատելով, որ հարեւանների աղախինը գալիս է իրենց մոտ, նա, չվստահելով երեխաներին, ինքը գրոհի նետվեց:
- Ե՛տ տար: Ո՛չ ոք չի կարդա ձեր նամակները:
- Հասցեագրված է պարոն Մինին, - ասաց աղախինը:
- Իսկապե՞ս: Պարոն Մինն այնքան շատ ժամանակ չունի, որ կարդա ձեր նամակները: - Տիկին Մինը լի էր վճռականությամբ:
- Բայց սա ձեր նամակն է եւ սխալմամբ է ընկել մեզ մոտ, - եւ աղախինը պարզեց ծրարը:
- Սխալմա՞մբ, ասում ես, - տիկին Մինը չռեց աչքերը, բայց եւ իսկույն հայտարարեց: - Դե, թող քո տերն էլ կարդա: Կարծես ես չեմ տեսնում: Մտքներովդ էլ չանցնի, թե ինձ կխաբեք:
Եվ չրխկացրեց դուռը:
Աղախինը վերադարձավ՝ ետ բերելով նամակը: Պարոն Յանն ընկավ դժվարին կացության մեջ: Նա նվազագույն ցանկություն անգամ չուներ անձամբ տանելու նամակը կամ էլ բացելու: Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ իր հարեւանը բավական սինլքոր մարդ է: Չէ՛ որ Պարոն Մինն այդ ժամին վերադարձած է լինում աշխատանքից, ուրեմն նա էլ է կնոջ հետ միաբան: Ի՞նչ անել: Ուրիշի նամակը բացելը մի մեծ արժանիք չի: Եվ երկար մտորումներից հետո նա վճռեց նամակն ուղարկել փոստով՝ նախապես ուղղելով հասցեն եւ նամականիշ փակցնելով: «Դեռ վնաս էլ եմ կրում», - ժպտաց նա ինքն իրեն:
Հաջորդ օրն առավոտյան ամուսինները շտապում էին աշխատանքի եւ նամակի մասին մոռացան: Պարոն Յանն այդ մասին հիշեց արդեն դպրոցում, բայց վերադառնալ չէր կարող: «Դեռ լավ է, - մտածեց նա, - նամակը հասարակ է, ուրեմն ոչ մի կարեւոր բան չկա այնտեղ: Դժբախտություն չի՝ եթե մի օր ուշ ստանա»: Տուն վերադառնալով, Պարոն Յանը ծուլացավ նորից դուրս գալ եւ նամակը դրեց դասագրքերի հետ, որ ուղարկի հաջորդ օրը: Բայց հենց այն ժամանակ, երբ Յաները պատրաստվում էին ճաշելու, հարեւանի տանը կռիվ բռնկվեց: Լինելով նրբանկատ մարդ, պարոն Մինը կնոջը ծեծում էր լուռ, բայց նրա կինը, որ կողմնակից էր պատշաճության վերաբերյալ այլ հայացքների, բղավում էր կոկորդով մեկ. երեխաները չէին համարձակվում անմասնակից մնալ եւ ձայնակցում էին մորը:
Պարոն Յանը, իհա՛րկե, չէր կարող իմանալ կռվի պատճառները, բայց, չգիտես ինչու, հիշեց նամակի մասին: Իսկ եթե նամակը շատ կարեւոր է, եւ այդ ամբողջ աղմուկը նրա պատճառով է: Այդ մտքից պարոն Յանը տհաճություն զգաց: Բայց համարձակություն չունեցավ բացելու նամակը: Բացե՞լ, թե՞ չբացել: Նա այնպես էր ընկճված, որ նույնիսկ ուտել չկարողացավ:
Իսկ երեկոյան հանդիպեցին երկու պարոնների աղախինները: Տերերի գժտությունները չէին ազդում նրանց հարաբերությունների վրա: Միների աղախինը ընկերուհուն պատմեց, որ իր տերը ծեծեց տիրուհուն ինչ-որ նամակի պատճառով, որ շատ կարեւոր է: Երբ Յաների աղախինն այդ մասին հայտնեց իր տերերին, պարոն Յանն այնպես հուզվեց, որ ամբողջ գիշերը չկարողացավ աչք փակել: Ուրեմն կռվի պատճառը եղել է այն նամակը, որ ինքը պահում է իր մոտ: Բայց ինչո՞ւ չեն պատվիրված նամակ ուղարկել, եթե այդքան կարեւոր է, ինչպե՞ս կարող էին շփոթել հասցեն: Երկար մտորումներից հետո պարոն Յանը եկավ այն եզրակացության, որ առեւտրականները բավական անփույթ են նամակների նկատմամբ: Եվ փոստատարն էլ, քանի որ պարոն Մինը շատ հազվադեպ է նամակ ստանում, երեւի միայն հասցեն է կարդացել, իսկ ազգանունին ուշադրություն չի դարձրել կամ էլ գուցե ընդհանրապես չի իմացել, որ այդպիսի մարդ է ապրում այստեղ:
Եվ այստեղ պարոն Յանը լրիվ չափով զգաց իր գերազանցությունը: Պարոն Մինը գող է եւ սրիկա, ինքը՝ աստված է պատվիրել կարդալ նրա նամակը: Ուրիշի նամակները կարդալը, իհա՛րկե, անպատշաճ է, բայց մի՞թե դա հասկանալի է պարոն Մինին: Իսկ եթե հանկարծ նա գա այստեղ: Անհարմար կլինի: Պարոն Յանը երբեմն առ երբեմն վերցնում էր ծրարը, բայց այնպես էլ չհամարձակվեց բացել: Սակայն չէր ուզում նամակը երկրորդ անգամ ուղարկել՝ նույնիսկ եթե այն շատ կարեւոր էր: Ամենից լավ է՝ թողնել իր մոտ: Դա պախարակելի արարք է, բայց ո՞վ էր պարոն Մինին ասում, որ իրեն այդքան անվայել պահի: Ո՞վ էր նրան ստիպում գժտվել հարեւանների հետ: Սրիկաները պետք է պատիժ կրեն: Պարոն Յանը հիշեց խաղողը:
Բայց հետո նա էլի փոխեց իր վճիռը եւ հաջորդ օրը նամակը փոստարկղ գցեց, դրա հետ մեկտեղ՝ նաեւ իր գրածը: Թող սինլքորն իմանա, թե ինչքան քաղաքավարի են օրինավոր, կրթված մարդիկ: Նա հույս չուներ, թե հարեւանները կզղջան, բայց ուզում էր մի ավելորդ անգամ եւս ընդգծել կրթված մարդկանց ազնվությունը:
Այդ ընթացքում պարոն Մինը կնոջը հրամայեց պահանջել նամակը: Նա գիտեր արդեն, թե ինչի մասին է այն, քանի որ արդեն հանդիպել էր ուղարկողի հետ, գիտեր նաեւ, թե այդ ամենն ինչպես կարգավորել: Բայց չէր կարելի այդպիսի նամակը թողնել պարոն Յանի ձեռքում: Բանն այն էր, որ պարոն Մինն ու իր բարեկամը, օգտվելով օտարերկրացիների ծառայությունից, ինչ-որ մաքսանենգ ապրանք էին բերել: Այդ մասին պատահաբար իմացել էր Մինի գործատերը՝ կրոնի օգնությամբ հարստացած այդ նույն ֆանատիկը, եւ բարեկամը խնդրում էր որեւէ կերպ գործը հարթել:
Պարոն Մինը չէր վախենում, որ նամակի բովանդակությունը հայտնի կդառնա ուրիշներին: Նա արհամարհում էր չինական իշխանություններն ու նրանց օրենքները: Սարսափելի ոչինչ չի լինի, եթե չինացիներն իմանան մաքսանենգության մասին: Նա ուրիշ բանից էր վախենում՝ որ հանկարծ պարոն Յանը այդ նամակը կհանձնի օտարերկրացիներին եւ այդպիսով կապացուցի նրա մեղավորությունը: Հարեւան Յանը չափազանց խորամանկ է եւ անպայման կհետաքրքրվի, թե ինչ կա նամակում, որ վնասի իրեն՝ Մինին: Ինքը չի կարող գնալ նամակը բերելու, որովհետեւ տուրուդմփոց կսարքի այդ տականքի հետ: Ինչպես հայտնի է, պարոն Մինը ատում էր այդ կարգի մարդկանց:
Տիկին Մինը կտրուկ հրաժարվեց գնալ նամակը բերելու: Ինչ ուզում է լինի, միայն թե ոչ դա: Թող ամուսինը մի անգամ էլ ծեծի, միայն թե չխայտառակի Յաների առաջ:
Տիկին Մինը, ինչքան կարող էր՝ ժամանակը ձգեց: Իսկ երբ ամուսինը գնաց, նա, համոզվելով, որ հարեւաններն էլ տանը չեն, իր աղախնին ուղարկեց նրանց աղախնի մոտ:
Պարոն Յանը ուղարկեց նամակը եւ շատ գոհ էր ինքն իրենից: Նա պատկերացնում էր, թե ինչքան կզղջա հարեւանը՝ կարդալով այդքան քաղաքավարի նամակը, ինչպես կհիանա պարոն Յանի արժանիքներով ու կրթվածությամբ:
Այդ ընթացքում օտարերկրացին, որի մոտ ծառայում էր պարոն Մինը, նրան կանչեց իր մոտ եւ հարցաքննության ենթարկեց: Լավ էր, որ Մինը հասցրել էր հանդիպել բարեկամի հետ եւ հիմա գիտեր ինչպես պահել իրեն: Սակայն նամակը նրան հանգիստ չէր տալիս: Ամենաանախորժն այն էր, որ նամակը, հակառակի պես, ընկել էր պարոն Յանի ձեռքը: Բայց պարոն Մինը ցույց կտա այդ քրջոտին:
Տուն վերադառնալով, պարոն Մինը ամենից առաջ հետաքրքրվեց, թե կինը գնացե՞լ է նամակը բերելու: Բայց տիկին Մինը խելքը գլխին կին էր: Ցանկանալով մեղքն իրենից գցել, նա ամուսնուն հավատացրեց, թե հարեւանները հրաժարվեցին վերադարձնել նամակը: Ա՛յ թե գազազեց պարոն Մինը: Այդ աղքատ վարժապետը ինչպես է համարձակվել ուժերով չափվել իր՝ պարոն Մինի հետ: Օ՜: Նա իսկույն երեխաներին հրամայեց գրոհով վերցնել ցանկապատը եւ ոտնատակ տալ պարոն Յանի բոլոր ծաղիկները: Իսկ հետո կերեւա, թե ինչ անել: Երեխաներն ուրախությամբ գործի անցան եւ շատ շուտով ծաղիկներից հետք էլ չմնաց:
Հենց այն պահին, երբ երեխաները վերադառնում էին հեռավոր արշավից, փոստատարը բերեց նամակները: Պարոն Մինը հակասական զգացումներ էր ապրում: Առաջին նամակը նրան ուրախություն բերեց, որովհետեւ մնացել էր չբացված, երկրորդ նամակը՝ նոր տառապանքներ: Նա էլ ավելի ուժգին ատեց այդ քրջոտին: Միայն նրա պես ցնցոտիավորը կարող է այնպիսի ձեւապատշաճություն անել, որից սիրտ է խառնում: Հենց միայն դրա համար արժեր ոտնատակ տալ նրա բոլոր ծաղիկները:
Պարոն Յանը տուն էր վերադառնում ամենահուսալից տրամադրությամբ. նամակը վերադարձրել էր օրինական տիրոջը եւ ուղարկել էր իր գրածը՝ շատ քաղաքավարի խորհուրդներով: Այդ ամենը, անկասկած, կհուզի պարոն Մինին: Բայց մտնելով բակ, պարոն Յանը քարացավ: Այնտեղ ինչ-որ աներեւակայելի բան էր կատարվել. ամեն ինչ տրորված էր, ջարդոտված: Բակը աղբանոց էր հիշեցնում: Նա գիտեր, թե դա ում ձեռքի գործն է: Ինչպե՞ս վարվել: Հարկավոր է նստել եւ հանգիստ կշռադատել ամեն ինչ: Դաստիարակված մարդուն սազական չէ գործել առաջին մղումով, բայց նա իրեն տիրապետել չկարողացավ: Նրա երակներում արյունն սկսեց եռալ ու փոթորկել, եւ նա կորցրեց դատելու ընդունակությունը: Վրայից պոկելով հագուստը, նա վերցրեց մի քանի ծանր քար եւ սկսեց շպրտել հարեւանի պատուհաններին: Լսվեց ջարդվող ապակու զրնգոց: Նա գիտեր, որ դա իր վրա էժան չի նստի, բայց սիրտը հրճվում էր: Իսկ քարերը թռչում էին ու թռչում դեպի պատուհանները, եւ Յանը նորից ու նորից էր լսում ջարդվող ապակիների զրնգոցը: Նա ոչնչի մասին չէր մտածում: Նրան համակել էին ուրախության, բավարարվածության, հպարտության զգացումները: Այդ լիովին քաղաքակրթված մարդը հանկարծ դարձել էր վայրենի, իր մեջ ուժ էր զգում, խիզախություն: Նրան չէր խանգարում ոչ մի կապանք. կյանքն ինչ-որ նոր իմաստ էր ստացել: Նա իրեն երիտասարդ էր զգում ու համարձակ:
Ջարդուփշուր անելով հարեւանների բոլոր ապակիները, պարոն Յանը մտավ տուն՝ մի քիչ հանգտանալու: Նա սպասում էր պարոն Մինին եւ պատրաստ էր նրա հետ կռվելու: Բոլորովին վատ չէր զգում: Ծխում էր՝ ագահաբար կլանելով ծուխը, ինչպես զինվորը, որ հաղթանակ է տարել:
Ժամանակն անցնում էր: Բայց հարեւանների տանը լռություն էր տիրում:
Պարոն Մինը չէր էլ պատրաստվում որեւէ տեղ գնալու: Հարեւանն այլեւս նրան նողկանք չէր ներշնչում: Չի կարելի ասել, թե նա ուրախանում էր՝ նայելով ջարդված ապակիներին, բայց ինչ-որ չափով դա հաճելի էր նրա համար: Թերեւս պետք է երեխաներին արգելել, որ չմտնեն ուրիշների այգիները: Ինչո՞ւ առաջ այդ միտքը չի եկել նրա գլուխը: Նա հիշեց նաեւ տիկին Յանին: Եվ սրտում ատելություն արթնացավ պարոն Յանի նկատմամբ: Բայց ատելությունն ու նողկանքը (նա միայն հիմա հասկացավ դա) տարբեր բաներ են: Ատելության մեջ ինչ-որ չափով հարգանք կա:
Հաջորդ օրը, որ կիրակի էր, պարոն Յանը կարգի էր բերում ծաղիկները, իսկ պարոն Մինը ապակիներն էր գցում: Խաղաղություն էր տիրում երկնքի տակ: Թվում էր, թե վերջապես մարդիկ հասկացան մեկմեկու:


Նյութի աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել