1in.am-ը գրում է.
Էբոլի վարակից մահացածների թիվը Գվինեայում, Սյերա Լեոնայում ու Լիբերիայում հասել է մինչև 337-ի՝ հիվանդության երկրորդ ալիքի հետևանքով, որը նկատվում է վերջին օրերին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը»։ Տարածաշրջանում հիվանդության տարածման դեմ այժմ պայքարում են «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության 40 աշխատակիցներ։ «Մենք բախվեցինք ակտիվ քաղաքական օգնության անհրաժեշտության հետ, որովհետև համաճարակը հասել է լուրջ մակարդակի։ Եթե այդպիսի օգնություն չցուցաբերվի, հիվանդությունը կարող է տարածվել նաև ուրիշ երկրներում»,- ասել է տարածաշրջանում միջազգային կազմակերպության առաքելության տնօրեն Բարթ Ջենսենսը։ Էբոլի հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է, որը կարող է տարածվել արյան միջոցով՝ անմիջական չպաշտպանված շփման կամ վարակված մարդու արտաթորանքների, ինչպես նաև վարակված մարդու օգտագործած առարկաներին կպչելու միջոցով։ Աշխարհում գոյություն չունի Էբոլի տենդի հատուկ բուժում կամ պատվաստանյութեր դրա դեմ։



