Պաշտպանը.

Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից: Պաշտպանը պարտավոր է պաշտպանությունն ստանձնելուց հետո այդ մասին անմիջապես տեղյակ պահել քրեական վարույթն իրականացնող մարմնին:

 

Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`

  • այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.
  • կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.
  • կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.
  • կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.
  • հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.
  • մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.
  • կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
  • քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.
  • կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է.
  • դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում.
  • դատարանն ամբաստանյալին հեռացրել է դատական նիստերի դահլիճից.

Փաստաբանները քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցում են` կասկածյալի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, ազգականի, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի խնդրանքով կամ համաձայնությամբ` այլ անձանց հրավերով կամ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջի հիման վրա:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որևէ մեկին երաշխավորել հրավիրելու որևէ պաշտպանի:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է փաստաբանին նշանակել պաշտպան` կասկածյալի կամ մեղադրյալի միջնորդությամբ կամ այն դեպքում, երբ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, իսկ կասկածյալը կամ մեղադրյալը պաշտպան չունի:

Հայկազ Գալստյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհուրդ

Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել