Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես ե՞րբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը և հայոց հավատքը (հարկ է պարզել և հասկանալ «հեթանոս» բառի իմաստը և նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում):
Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք՝ մեր անցյալով, ներկայով և ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ` Սուրբ Արարատի լանջերի շուրջ:
Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից` լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին և խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք` «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ»:
Հետևաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության:

Ասողիկ քահանա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների ու արխիվի տնօրեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել