Մշակութային հուշարձանների ֆունկցիան մի աղավաղեք, ոլորտի պատասխանատուներ: Դուք ընդամենը ոլորտի համակարգողներ եք, այլ ոչ սեփականատեր:
Դեռևս աշխարհում չի փոխվել այն մտայնությունը, որ մշակութային հուշարձանները համազգային արժեքներ են: Մեզանում կարծես թե այդ մտայնության խաթարման նշաններ են նշմարվում: Գառնու տաճարի և Զվարթնոցի հուշահամալիրի մոտակայքում կատարվածին տարբեր անուններ կարելի է տալ: Սակայն մինչ դա անելը միայն ֆիքսենք, որ ոչ մեկ իրավունք չունի դա շահագործել անձնական կարիքների համար:
Աշխարհում չկա այնպիսի դեպք, որ մշակութային հուշարձանները օգտագործվի մասնավոր բանկետային ու այլ տիպի գործընթացների համար, եթե այն որևէ կերպ չի առնչվում մշակույթի ու արվեստի միջոցառումներին:
Երբեք չեք տեսնի, որ Կոլիզեումի մոտ բանկետ անեն, կամ Աթենքի Ակրոպոլիսում ծնունդ անեն, Էրմիտաժի բակում հարսանիք անեն և այլն:
Բայց կան բազմաթիվ դեպքեր, որ բացօթյա համերգներ կամ մշակութային այլ միջոցառումներ են կազմակերպվում նման հուշարձանների մոտ:
Նույնիսկ այն միտքը, որ Գառնու «հայաթը» «արենդով» տալուց ստացած գումարը պետք է ծառայի օրինակ պղծված ու խեղված արձանների վերականգնմանը, կամ Զվարթնոցում տեղի ունեցած «եղելությունից» ստացած գումարներն ուղղվելու են քանդված ու ավերված մշակութային հուշարձանների ռեստավրացիային, անընդունելի է: Ոլորտի ինքնավերականգնման և ինքնավերարտադրման նպատակին ուղղված քայլերը շատ ավելի քաղաքակիրթ ճանապարհով կարելի է իրականացնել, որի պոտենցիալը մենք ունենք: Միջազային ու ներքին փորձի համադրության արդյունքում ու հանրային լոյալության պայմաններում կարելի է հասնել այն բանին, որ մշակութային հուշարձանները կլինեն հարատև ու բարձրարժեք:
Իսկ այլ կերպ ստացվում է, որ նշված մշակութային հուշարձանները, կներեք, բայց նաև «գեյշայի ֆունկցիա» են կատարում: