Երբ մարդուն հրավիրում են հաղորդման մասնակցելու, տեղեկացնում են թեմայի մասին և առաջարկում են ներկայացնել իր տեսակետը: Թոք-շոու նշանակում է բանավեճ (ենթադրվում է էթիկայի նորմերի պահպանումը):
Առիթներ ունեցել եմ մասնակցելու տարբեր թոք-շոուների, բայց նման վատ վերաբերմունք, նման թույն ոչ մի տեղ չեմ հանդիպել: Անգամ չէի պատկերացնի, որ դա հնարավոր է: Այդ իսկ պատճառով «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման հրավերը ստանալիս մտքովս անգամ չէր անցնում, թե ինչ տհաճության զգացում է դա թողնելու: Խմբագրության ներկայացուցիչը զանգահարեց, ասաց, որ իրենք ուզում են կազմակերպել կլոր-սեղան տարբեր մասնագետների մասնակցությամբ, որտեղ ամեն մեկն իր մեթոդն է ներկայացնելու: Սակայն դեռ կուլիսներում պարզվեց, որ դա սուտ էր: Իրենց «գահերին» ի սկզբանե բազմած էին «փորձագետները», որոնք «դատելու» էին մեզ, իսկ մենք` միամիտներս, պետք է առանձին-առանձին կանչվեինք ներս, որ էկզեկուցիայի ենթարկվենք: Ամենագլխավոր փորձագետը, բնականաբար, Գոռ Թամազյանն էր, որ անգամ այդ թեմայի շրջանակներում էլի գոռգոռաց ազգայնականության ու քաղաքականության մասին:
Հաղորդման մասին սեփական կարծիք չարտահայտեմ, որ չստացվի հակա, բայց գովազդ: Կանեմ միայն մի առաջարկ: Հարգելի «Կիսաբաց», մի մոտեցեք այն ոլորտներին, որտեղ բացարձակ բոբիկ եք: Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ մոգին՝ յոգից, պայծառատեսին էքստրասենսից չեք տարբերում և բոլորին նույն կերպ եք մոտենում: Դուք մեծ բավականությամբ միշտ քչփորում եք ուրիշի կեղտոտ սպիտակեղենը: Դա ձեզ մոտ լավ է ստացվում, շարունակեք, բայց նույն կեղտոտ, էժան հնարքներով մի վարկաբեկեք այն մարդկանց, ում գործունեության մասին ընդհանրապես պատկերացում չունեք:
Եթե սա լիներ առաջին անգամը` կմտածեի, որ երևի նորմալ է, մարդուն պիտի կանչեն, կոպտեն, պիտակավորեն, խոսքն ընդհատեն, ուղարկեն: Բայց ես ունեցել եմ նաև շատ դրական փորձ: Օրինակ` գիտեք, որ մասնակցել եմ Կարեն Քոչարյանի վարած «Կենդանի մատյան» հաղորդաշարին: Նա նույնպես ամեն ինչում չէ, որ համաձայն էր լինում մասնակիցների հետ, բայց, քանի որ կիրթ, կոռեկտ ու սոլիդ անձնավորություն է, կարողանում էր դրական ու կառուցողական մթնոլորտ ստեղծել, այն աստիճան, որ հաղորդման ավարտից հետո էլ կուլիսներում շարունակում էինք հետաքրքիր քննարկումները հակառակ տեսակետ ունեցող մասնակիցներով: Իսկ այս դեպքում մի կերպ դիմացա, մինչև հայտարարվեց նկարահանման ավարտը: Փորձեցի միտինգ չանել՝ ցուցադրաբար դուրս գալով, քանի որ տաղավարում նաև շատ հարգելի մարդիկ կային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/741374775885802
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել