Մեր կռիվն այսօր արժանապատվության կռիվ է: Վառվող աչքերով այս երիտասարդները Աֆրիկյանների տան ավերակներն են պաշտպանում ոչ թե հանուն օրենքի, կամ գրանտերի, կամ տիեզերական ներդաշնակության` նրանք պաշտպամում են սեփական արժանապատվությունը: Ու նաեւ մեր, ազգային, քաղաքացիական արժանապատվությունը: Քանզի որ ուրիշ բան մեզ չի մնացել` չունենք ոչ պետություն, ոչ ազատություն, ոչ օրինականություն: Ունենք ավերված ու թալանված երկիր, որի խորհրդանիշն է այսօր Աֆրիկյանների տան ավերակը` մի ընտանիքի, որ նախանցյալ դարում սեփական միջոցներով Երեւան մշտական ջուր են անցկացրել: Ու այս մի բուռ երիտասարդները չեն հարցնում` ո՞ւր է օրենքը, ո՞ւր է մտավորականությունը, ո՞ւր է քաղաքացիական հասարակությունը, ո՞ւր է Նախախորհրդարանը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՄԱԿ-ը կամ ՆԱՏՈ-ն: Նրանք գիտեն, որ ամեն ինչ կախված է նրանցից: Մեզանից: Ամեն մեկիցս: Ու ես նրանց հետ եմ: