Հավանաբար ամեն մարդ բազմիցս լսել է, թե ինչպես են վերջին շրջանում իրենց կամքին հակառակ Հայաստան վերադարձվում այն արտագաղթած ընտանիքները, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարբեր ճանապարհներով արտասահման էին մեկնել: Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիությունը խրախուսում է հատուկ մշակված «միգրացիոն քաղաքականություն» և նույնիսկ մեծ դրամական միջոցներ փոխանցում ՀՀ պետբյուջե` դեպորտացիայի ենթարկվող հայերին իրենց նախկին բնակավայրերում վերստին ընդունելու և կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար: Գաղտնիք չէ, սակայն, որ Հայաստան վերադարձող ցանկացած ընտանիք կամ անհատ բյուրոկրատական դժվարություններից ու արհամարանքից բացի ուրիշ ոչինչ չի տեսնում: Հատկապես այն երեխաները, որոնք արդեն հասցրել էին առաջադիմել քաղաքակիրթ երկրների կրթօջախներում շատ ծանր են տանում պարտադրված տեղափոխությունը և մեծ դժվարություններ ունենում Հայաստանյան ուսումնական հաստատություններում ու իրենց շրջակա թաղամասի ընկերային կյանքում:
Վերադարձողների տխուր պատմությունները լսելով` արտերկրում դեռ գոյատևող յուրաքանչյուր փախստական սկսել է զգուշանալ հարևաններից, որպեսզի որևէ մեկը հանկարծ իրեն չմատնի պետական մարմիններին: Բոլորն էլ գիտեն թե վերջում ինչ է նրանց սպասում: Մարդիկ վախենում է տվյալ երկրի ՀՀ դեսպանատանը բուն դրած Ազգային անվտանգության աշխատակիցներից, որոնք պարբերաբար մտնում են հայկական շրջանակներ ու փորձում զանազան միջոցներով (ընդհուպ սպառնալիքներով) օտարության մեջ հաստատված հայաստանցի ապաստանյալների վերաբերյալ տվյալներ հավաքել: Այդ պատճառով այսօր գրեթե բոլոր գաղութներում առաջացել է կասկածամտության ու փոխադարձ անվստահության մթնոլորտ: Ամեն մարդ խստագույն զգուշավորություն է պահպանում և որևէ անձնական տեղեկություն չի կամենում փոխանցել նույնիսկ ամենամտերիմ ընկերներին:
Հակառակ բոլոր հետապնդումներին ու ճնշումներին, մեր ջանասեր դեսպաններն ու հյուպատոսները մինչ այժմ չեն կարողացել որսալ և տուն ուղարկել բոլոր նախկին ՀՀ քաղաքացիներին: Ուստի ներկայիս կառավարությունը ձեռնամուխ է եղել մեկ շատ ավելի ծայրահեղ քայլի, այն է` ներգրավել Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին ու օգտագործել նրանց որպես տեղեկություններ հավաքագրող լրտեսներ: Այս փաստի մասին է վկայում մեր ձեռքն անցած Մայր Աթոռի ներփակ գրությունը, որը Սբ. Էջմիածնի կաթողիկոսարանի կողմից Ֆրանսիայի հոգևոր առաջնորդ և արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ` Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին է ուղղված: 2012 թ. մայիս 7-ի, 774 թվակիր նամակում կաթողիկոսարանի դիվանապետ, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր հոգևոր եղբորը գրում է հետևյալը.
«ՀՀ կառավարության անունից Վեհափառ Հայրապետին դիմում է կատարվել աջակցելու միգրացիայի պետական կարգավորման քաղաքականությանը: ՀՀ կառավարության ակնկալությունն է Մայր Աթոռի արտերկրյա թեմերի օժանդակությամբ ստանալ համապատասխան տեղեկություն ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձանց վերաբերյալ, որոնց արտերկրներում ծնված երեխաները համապատասխան փաստաթղթեր չունեն; ոքեր խնդիրներ ունեն փաստաթղթերի հետ զինակոչային տարիքի պատճառով; ովքեր ունեն ժամկետանց կամ նույնիսկ ԽՍՀՄ նմուշի անձնագրեր; ովքեր արտասահման են մեկնել ծնողների հետ` ունենալով միայն ծննդյան վկայականներ»:
Նամակի երկրորդ պարբերության մեջ դիվանապետը նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը հավանություն է տալիս այս զավեշտալի ծրագրին: Միևնույն տեղում Ֆրանսիայի առաջնորդին ու արևմտյան Եվրոպայի պատվիրակին հանձնարարվում է անհապաղ իրագործել նշված տվյալների հավաքագրումն ու Սբ. Էջմիածին փոխանցել թեմի տարածքում համապատասխան պարագաներով բնակություն հաստատած հայաստանցիների անուններն ու հասցեները.
«Ընդառաջ ՀՀ կառավարության դիմումի` Նորին Սրբության հանձնարարությունն է ուսումնասիրել Տիրախնամ Ձեր Թեմում վերը նշված դասակարգումենրին ենթակա ՀՀ քաղաքացիների առկայությունը և համապատասխան տեղեկագրով ներկայացնել նրանց տվյալները: Հաճեցեք մինչ առաջիկա հունիս 1-ը Մայր Աթոռ տեղեկացնել արդյունքների մասին` անկախ նրանից, թե նման դեպքեր կան կամ ոչ»:
Տվյալ նամակը վերևի մասում կրում է Ֆրանսիայի առաջնորդի մակագրությունն ու ընթերցման թվականը: Նույն տեղում կարող եք կարդալ Նորվան արքեպիսկոպոսի հետևյալ ձեռագիր նշումը. «Հոգեւոր Հովիւներու բարձր ուշադրութեան… Մինչեւ մայիս 27-ը փոխանցել տեղեկութիւններ Թեմիս Առաջնորդարանին»: Այսպիսով պարզ է դառնում, որ հայ եկեղեցու արևմտյան Եվրոպայի ղեկավարը անձամբ ստացել է նշված փաստաթուղթը և առանց խղճի խայթի իր պատրաստակամությունը հայտնել մասնակցելու այս խայտառակ ձեռնարկին: Իր ենթակա քահանաների միջոցով նա փորձել է անձնական տվյալներ հավաքագրել փախստական հայաստանցիների վերաբերյալ ու դրանք երեք շաբաթվա ընթացքում ուղարկել Էջմիածնի կաթողիկոսարան: Մեր ունեցած աղբյուրների համաձայն, Մայր Աթոռից նման «հանձնարարություններ» են ստացել նաև մի շարք այլ արտասահմանյան թեմակալ առաջնորդներ: Թե ո՞ր հոգևորականներն են իսկապես կատարել այս հրահանգը և թե որքա՞ն մարդ է ի վերջո եկեղեցականների միջնորդությամբ մատնվել Հայաստանի պետական մարմիններին, այս մասին մենք շուտով ամբողջական տեղեկություն կպատրաստենք:
Ուշագրավ է այն փաստը, որ բազմաթիվ ստորադաս եկեղեցականներ, ստանալով այս չարամիտ ու անմարդկային կարգադրությունը, խորը ցասում են ապրել և բացահայտ ընդվզում արտահայտել: Նրանցից շատերն իրենց հոգու պարտքն են համարել անկեղծորեն խոսել հավատացյալների հետ ու զգուշացնել, որ կառավարության կողմից իրագործվում է մարդորսության աննախադեպ ծրագիր: Մի խումբ արժանապատիվ հոգևորականներ, համայնքային հոգաբարձուներ և ազգային գործիչներ ի վերջո որոշել են հանրությանը ներկայացնել Էջմիածնի դիվանապետի վերոհիշյալ գրությունը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ է կատարվում մեր եկեղեցու ներսում և թե ինչպես է պետությունը շահագործում Սբ. Գրիգոր Լուսավորչի 1700-ամյա Մայր Աթոռը:
Կարիք չկա ասելու, որ ՀՀ իշխանությունը հաճախ է անբարոյական քայլերի դիմել ու առանց քաշվելու օրը ցերեկով բացահայտ անօրինություններ գործել: Սակայն այս դեպքի յուրահատկությունը նրանում է, որ տվյալ պարագայում, արտագաղթած քաղաքացիների և փախստականի կարգավիճակ ստացած անձանց իրավունքների ոտնահարման հետ մեկտեղ չարաշահվում է համազգային մեծագույն արժեք ունեցող և ներկայիս սփյուռքի շրջանակներում ամենահայտնի կրոնական հաստատության` Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը: Մեր կիսագրագետ ղեկավարները և իրենց խորհուրդ տվող քաղաքական գործիչները, առանց հասկանալու ոտքի տակ են տալիս այն դարավոր վստահությունը, որ հայ-քրիստոնյան իր սրտում միշտ ունեցել է ազգանվեր հոգևոր հովիվների հանդեպ: Նորանկախ հանրապետության ավազակաբարո պարագլուխն իր շահադիտական արարքով վարկաբեկում է եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին, ինչը մինչ այժմ միայն խորհրդային շրջանի անաստված դիկտատորների մենաշնորհն էր:
Կոմունիզմի տարիներին մոսկովյան ԿԳԲ-ն էլ էր փորձում «ենթարկվող եկեղեցականների» միջոցով զանազան տեղեկություններ կորզել դրսի ակտիվ գաղութներից: Երբ արտերկրներում, լուրջ վտանգի ներքո ազատագրական խմբակներ էին ստեղծվում, որոշ տխրահռչակ կղերականներ ընդհատակյա մարտիկներին օգնելու փոխարեն լրտեսությամբ ու դավաճանությամբ էին զբաղված: Գաղտնիք չէ, որ Մայր Աթոռի ներկայացուցիչներից շատերը, ուրանալով իրենց իրական առաքելությունը, վերածվել էին Սովետմիության հավատարիմ կատարածոների: Սա էր պատճառներից մեկը, թե ինչու արտասահմանում այդ աստճան սրվեցին Մեծի Տանն Կիլիկիո և Սբ. Էջմիածնի հետևորդների հարաբերությունները: Մեր ազգային կյանքում պարապ տեղն առաջացավ ներքին թշնամություն ու պառակտում: Նշված լրտեսներից շատերը ցավոք դեռ ողջ են: Նրանցից ոմանք, բազմելով եկեղեցու բարձր գահերին, շարունակում են իրենց ավերիչ «համագործագցությունը» Հայաստանի ներկայիս օրինազանց պետության հետ:
Խորապես հիասթափված ենք ներկա կաթողիկոսից և չենք կարող ընդունել նրա հակաքրիստոնեական պահվածքը: Այս մարդը հավանաբար շատ շուտ է մոռացել Արևմուտքում անցկացրած իր արկածախնդիր տարիները: Փառք Աստծո, Ավստրիայում ու Գերմանիայում դեռ բազմաթիվ ականատես սփյուռքահայեր են ապրում, ովքեր հետաքրքրվողներին կարող են պատմել ու փաստերով վկայել, թե 1970-ականներին ինչո՞վ էր իրականում զբաղված երիտասարդ Գարեգին (Կտրիճ) վարդապետ Ներսիսյանը, ու՞մ պատվերով էր նա գտնվում այդ գաղութներում և ի՞նչ տխրառչակ ֆիասկո է ունեցել նրա արտասահմանյան «ծառայությունը»:
Ամենայն Հայոց Հայրապետի տիտղոսը կրող անձին վայել չէ իր կամակատարների միջոցով հետապնդել և մատնել երկարատև տանջանքների արդյունքում օտար ափերում ապաստան գտած հայ ընտանիքներին: Նման բան անգամ ամենաոխերիմ թշնամին չի կարող իրեն թույլ տալ: Ուղղակի ցնցված ենք, որ մեր երեսին ժպտացող թեմակալ առաջնորդները կուրորեն հնազանդվում են այս տեսակ դավադիր հրահանգին: Ինչու՞ պետք է Հիսուս Քրիստոսի առաքյալների հեղինակավոր աստճանին հասած եպիսկոպոսներն այսօր Պիղատոսի լռությամբ համակերպվեն նման սարսափելի անարդարությանը: Ինչու՞ պետք է եկեղեցականը իր բուն պարտականությունը թողած, այսինքն ժողովրդին հոգևոր սնունդ փոխանցելու փոխարեն, «միգրացիոն քաղաքականությամբ» զբաղվի: Միթե՞ ուզում եք բոլոր հեռացածներին ստիպողաբար Հայաստան տեղափոխել և այդտեղ սովի մատնել: Եթե չեք կարող այս նեղ պահին ժողովրդին օգնել, ապա գոնե բարի եղեք չխանգալու նրանց, ովքեր մի փոքր հնարավորություն են գտել դրսում աշխատելու և վաստակած միջոցներով Հայրենիքում մնացող հարազատների կարիքները հոգալու: Եթե չեք կարողանում մխիթարել չարչարվող մարդկանց, ապա բարեհաճեցեք գոնե լռել և ընդհանրապես հանգիստ թողնել աշխարհիկ մահկանացուներիս, որովհետև առանց այդ էլ մեր գոյապայքարը բավականին ծանր է:
Կոչ ենք անում արտերկրյա թեմերում ծառայող քահանաներին, որ 30 արծաթի համար չվաճառեն իրենց խիղճն ու Հուդայի նման չդավաճանեն սեփական հոտը: Հորդորում ենք եկեղեցում դեռ մնացող ճշմարիտ հոգևոր հայրերին, որ անդադար աղոթեն իրենց առաջնորդների մեղքերի քավության և կաթողիկոսի մտավոր լուսավորության համար: Իսկ օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցներին ուզում ենք զգուշացնել, որ ամեն պարագայում հեռու մնան Մայր Աթոռի ներկայացուցիչներից, որովհետև նրանց մեջ կարող է գառան մորթով գայլեր թաքնված լինեն: Նույնիսկ անհատական խոստովանությունների ժամանակ խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ քաղաքացիական ինքնության հետ կապված հարցերից: Ձեր խոսքերը նույն այդ «նվիրյալ» խոստովանահոր կողմից կարող են շուտով փոխանցվել շատ ավելի վտանգավոր ատյաններ, ուր կաշառված չինովնիկները միայն Ձեր գրպանները դատարկելուն են սպասում:
Արտասահմանում բնակվող մի խումբ ՀՀ քաղաքացիներ
31 հուլիսի 2012 թ.
Հ.Գ. Անչափահաս զավակների ապագան չխորտակելու և սեփական կեցության իրավունքները չկորցնելու պատճառով, ձեռնպահ ենք մնում հոդվածի հեղինակների տվյալները նշելուց: Մեր խմբին ազնվորեն աջակցող սփյուռքահայ բարեկամների և համայնքային հոգաբարձուների հետագա քայլերի մասին հանրությանը կտեղեկացնենք առաջիկա հաղորդագրություններում:
Նյութը՝ Hetq.am-ից