Ուզում եմ մի փոքրիկ, բայց և միևնույն ժամանակ տխմար ու ոչինչ չասող միջադեպ պատմել այս լուսապայծառ օրվանից և դրանով իսկ վարկաբեկել «Հայբիզնեսբանկ»-ի վեհ անունը: Մոտենում եմ սպասարկող աղջիկներից առաջինին ու հարցնում, թե պատրա՞ստ է արդյոք նա կատարել իմ պրիմիտիվ և տխմար գործարքը, որն իր բեղուն աշխատաժամանակից մաքսիմում երկու րոպե կխլի և պատասխան ստանում, որ, ոչ, ինքը հիմա խիստ զբաղված է. լավության կարգով խորհուրդ կտար մոտենալ դիմացի պատուհանի աղջիկներից որևէ մեկին` հուսալով, որ գուցե նրանցից մեկն ինձ կօգնի:
Թեթև եմ տանում առաջին ֆիասկոս, չնայած, դատելով վերոնշյալ սպասարկող աղջկա դեմքի ժամեր հաշվող, տապից հոգնած ու բթացած արտահայտությունից, կարելի է ասել, որ նա ինձ պարզապես ցրել է, թե չէ` ի՞նչ զբաղվածության մասին կարող է խոսք գնալ, երբ նա ոչինչ չասող հայացքով մի քանի րոպե անթարթ նայում էր իր առջև դրված փոքրիկ հայելիին:
Մոտենում եմ դիմացի պատուհանի սպասարկող աղջկան, որը շատ մեղմիկ ու դեպի իրեն կանչող ժպիտով ողջունում է ու հարցնում, թե ինչո՞վ կարող է օգնել ինձ: Երբ պարզում է, թե որն է խնդիրս, անմիջապես ասում է, որ ծրագրային խնդիր ունի իր համակարգիչը և կրկին լավության կարգով ինձ առաջարկում մոտենալ կողքի պատուհանի աղջկան: Երկրորդ դեպքից հետո անտեղյակ մարդը կմտածի, թե մի ահավոր և համաշխարհային մակարդակի բարդ բան էի խնդրում բանկի աշխատողներից, և վերջիններս չեն կամենում նման գործարք կատարել. ախր չէ՞ որ դա շառի բուն է: Մինչդեռ ուզածս ես էլ կարող էի կատարել ու ձեզանից յուր. ոք, ով թեթև պատկերացում ունի գործից, կարող էր ինքն իրեն օգներ. ուզածս պարզապես որևէ հաշվեհամարի վրա փող փոխանցելն էր և վերջ: Բայց ի՞նչ վերջ: Ես մոտեցա երրորդ աղջկան, և թույլ տվեք չմանրամասնել, թե ինչ եռանդով ու ջանասիրությամբ նա փորձեց ինձ ցրել և լավության կարգով առաջարկեց մեկ այլ աղջկա մոտենալ. չէ՞ որ արդեն պարզից էլ պարզ է՝ երբեմնի ցրիչ, սակայն այժմյան «Հայբիզնեսբանկ»-ի Նալբանդյան մասնաճյուղի բանկի աշխատակիցների ստրատեգիան. ցրիր որքան կարող ես, այո, ցրիր:
Եվ ես դուրս եկա բանկից` չկամենալով լավության կարգով խորհուրդ տրված մնացած բոլոր պատուհաններին նույն խնդրանքով մոտենալ ու որոշեցի այ սենց խայտառակել նրանց, դե գնացեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ofeli.minasyan/posts/10204478094018732
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել