Սիրիայի հայ համայնքը, վտանգված մշակութային արժեքներն ու Դամասկոսի թեմի առաջնորդի կոչըPanorama.am-ը գրում է.

Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ Panorama.am-ը զրուցել է Սիրիայի հայ համայնքի համախմբվածության, վնասված հայկական մշակութային արժեքների, ազատագրված Հոմսի ու Քեսաբի վրա հարձակման մասին: 

Վնասները վերականգնելի են

«Սիրիական հակամարտության ընթացքում մոտ 12 հայկական եկեղեցի է վնասվել, ինչպես նաև դպրոցներ, վարժարաններ, մեծ և փոքր ազգային հաստատություններ: Անշուշտ վերականգնելի են վնասները, ի վերջո դա շենքի վնաս է, սակայն ինչպես պիտի լինի և ինչ միջոցներով, դա արդեն մեծ մարտահրավեր ու մեծ խնդիր պիտի լինի»,- ասում է թեմի առաջնորդը:

Նրա բնորոշմամբ, ընդհանուր այս տագնապի մեջ սիրիահայերը նյութապես ևս շատ վնասներ են կրել. «Մի քանի բառով ամփոփեմ` վնասված է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, հրո ճարակ է դարձել, բայց իբրև շենք կա: Վնասված է նաև հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցին, Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն: Վերջին օրերին հսկայական վնասներ է կրել Նոր գյուղի հայկական կառույցների մեծ մասը»:

Հոմս

Սիրիայի Հոմս քաղաքն ազատագրվեց մայիսի 10-ին: Հոմսում մոտ 110 հայ ընտանիք կար: Այս քաղաքում գործում էր նաև Ազգային Սահակյան վարժարանն ու Սուրբ Մեսրոպ եկեղեցին:

«Այցելեցինք Հոմս, այնտեղ հանդիպեցինք հայ ընտանիքներին: Մի մասը փորձել է վերադառնալ, մի մասը վերադարձել է ու տեսել, որ իրենց բնակարաններն ավերված են, թալանված են: Մեր տվյալներով, այսօր մոտ 50 ընտանիք վերադարձել է իրենց բնակարանները և փորձում են կենցաղային պայմաններ ստեղծել թալանված բնակարանների մեջ, որպեսզի ամբողջությամբ վերադառնան»,- ասում է Արմաշ սրբազանը:

Ինչ վերաբերում է ազգային շենքերին ու կառույցներին, ահաբեկիչները, թեմի առանորդի խոսքով, Ազգային Սահակյան վարժարանն իր ներքնասրահով վերածել էին դարմանատան, ուր որ զինյալներն ապաստանել էին, և իրենց մարտիկներին բժշկական օգնություն էին ցուցաբերում: Նույն դպրոցի տեսչարանը վերածել էին աղոթատեղիի: Եկեղեցին էլ դարձրել էին իրենց գիշերային հանգստի վայր, կացարան:

Քեսաբ

Հունիսի 14-ին սիրիական կառավարական ուժերն ազատագրեցին հայաբնակ Քեսաբ ավանն ու շրջակա գյուղերը: Այժմ Լաթաքիայում ապաստանած ընտանիքներից մոտ 250-ը պատրաստվում է Քեսաբ վերադառնալ, թեև ավանում տները, խանութները, եկեղեցիներն ու կառույցներն այրված են ու թալանված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել