Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի,համաշխարհային երգարվեստի վեհագույն կերպար Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից` Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը` օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»: Գոհար Գասպարյանն ուներ ձայնային լայն դիապազոն, անբասիր տեխնիկա. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան հատուկ էր կատարվող ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական բովանդակության խոր դրսևորում և համոզիչ իմաստավորում: Բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից է:

Դերերգերը

Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
Շուշան (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»)
Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
Կարինե (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)
Գոհար (Հ. Ստեփանյանի «Հերոսուհի»)
Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլիացի սափրիչը»)
Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»)
Լակմե (Լ. Դելիբի «Լակմե»)
Լյուչիա (Գ. Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»)
Նորմա (Վ. Բելլինիի «Նորմա»)
Վիոլետա (Ջ. Վերդիի «Տրավիատա»)
Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»)
Մարֆա (Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)
Հարուստ է եղել նաև Գոհար Գասպարյանի համերգային երգացանկը (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Գլիեր, Ռախմանինով, Չայկովսկի և ուրիշներ, իտալացի վարպետներ, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս և այլն):
Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին Երևանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել