
Ի՞նչ է կատարվում, երբ կինը մերժում է ամուսնության առաջարկությունը: Ինչպես մեզնից շատերին է հայտնի, տղամարդը սրտնեղում է, տխրում և իրեն ճնշված զգում: Բոլոր դեպքերում այդպես է մերժված տղամարդը ներկայացվում ռոմանտիկ կատակերգություններում:
Սակայն աշխարհի մի շարք երկրներում, որտեղ տարածված են ստիպողաբար ու նախապես ծրագրված ամուսնությունները, «ոչ» ասելը կա՛մ բացառված է, կա՛մ հղի է զարհուրելի հետևանքներով: Այս հոդվածում պատկերված պակիստանցի կանանց այրել են այրող թթուներով, ինչպիսիք են, օրինակ, ծծմբաթթուն, ազոտական թթուն և այլն: Նրանց հանդեպ նման դաժան քայլ են գործել սոսկ այն բանի համար, որ նրանք մերժել են ամուսնության առաջարկը: Այն տղամարդիկ, ովքեր ենթադրաբար պետք է ողջ կյանքում սիրեին նրանց, փոխարենը այնպես են խեղել նրանց, որ նրանք ողջ կյանքում տառապեն: Այդ տղամարդիկ այդ գազանաբարո քայլով ասես ցանկանային ասել. «Եթե դու իմը չես լինելու, ապա ոչ մեկինն էլ չես լինի»:
Այս լուսանկարները լուսանկարիչ Էմիլիո Մորենատտիի ֆոտոշարքի մասն են կազմում: Դրանք միտված են բարձրացնելու մարդկանց իրազեկության մակարդակը, լուսաբանել ընտանեկան բռնության թեման և լսելի դարձնել երկար ժամանակ լռելյայն տառապած զոհերի ձայնը: Մորենատտին հուսով է ոչ միայն լուսաբանել այս հրեշավոր հանցագործությունները, այլև այդ հանցանքներից փրկվածներին ներկայացնել իբրև հերոսներ, ովքեր դրդում են գլոբալ փոփոխությունների:
Շահնազ Բիբի, 35 տարեկան

Տասը տարի առաջ Շահնազ Բիբիի հարազատներից մեկը ընտանեկան վեճի ժամանակ նրա վրա այրող թթու լցրեց: Շահնազը ոչ մի պլաստիկ վիրահատության չի ենթարկվել:
Քանվալ Քայում, 26 տարեկան

Քանվալին այն տղան է այրել թթվով, ում ամուսնության առաջարկը նա մերժել է: Այս լուսանկարը նկարվել է հարձակումից մի տարի անց: Քանվալը դեռևս ոչ մի պլաստիկ վիրահատության չի ենթարկվել:
Նաջաֆ Սուլթանա, 16 տարեկան

Այս մի դեպքը բացառություն է այս ցուցակում. Նաջաֆին այրել են միայն այն բանի համար, որ նա աղջիկ է ծնվել: Երբ Նաջաֆը քնած էր, նրա հայրը այրեց նրան: Այդ ժամանակ նա ընդամենը հինգ տարեկան էր: Նրա հայրը չէր ցանկանում, որ ընտանիքում ևս մեկ աղջիկ լինի: Նաջաֆը հիմա կույր է և ապրում է իր հարազատների հետ, քանի որ նրա ծնողները լքել են նրան:
Սաիրա Լիաքաթ, 26 տարեկան

Սաիրան ձեռքում պահել է իր լուսանկարը: Նա այսպիսի տեսք ուներ նախքան այրվելը: Սաիրան ամուսնացել էր 15 տարեկանում, սակայն նա պետք է իր ծնողների հետ ապրեր մինչև դպրոցն ավարտելը: Նրա ամուսինն այնպիսի թուր-թվանքով ընդունեց այս որոշումը, որ քիմիական թթվով այրեց Սաիրային՝ այս կերպ փորձելով պատժել նրան իրեն սպասեցնելու համար: Այդ ժամանակից ի վեր Սաիրան ինը վիրահատություն է տարել:
Գիտեի՞ք, որ Հարավային Ասիայում աղջիկների 48 տոկոսին ստիպում են ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը: Ըստ հաշվարկների՝ միայն այս տարի 14 մլն. աղջիկ կարող են դառնալ երեխա-հարսնացուներ: «Girls Not Brides» (թարգմանաբար՝ «Աղջիկներ, ոչ հարսնացուներ») կազմակերպությունը մեծ ջանքեր է ներդնում երեխաների ամուսնություններին վերջ տալու համար: Այս կազմակերպության անդամները ձգտում են բարձրաձայնել այն աղջիկների մտահոգությունները, ովքեր երեխա հասակում ամուսնանալու վտանգի տակ են, պաշտպանել նրանց իրավունքները և հնարավորություններ ընձեռել նրանց տարբեր բնագավառներում դրսևորել իրենց ներուժը: Նրանք նաև աջակցություն են ցուցաբերում այն երեխաներին, ովքեր, այսպես կոչված, «մանկահասակ ամուսնությունների» զոհ են դարձել: Կիսվե՛ք այս նյութով, եթե ցանկանում եք բարձրացնել մարդկանց իրազեկության մակարդակը:



