Թարմ մրգերի սեզոնին ամենասիրածս զբաղմունքներից մեկը` կարկանդակներ պատրաստելն է: Չգիտեմ ինչու դա ինձ համ հանգստացնում է համ էլ բարձրացնում տրամադրությունս` հատկապես, երբ մենակ չեմ:
Իհարկե միշտ ասում են, որ երկու կին մի խոհանոցում “յոլա” չեն գնում, բայց կհամարձակվեմ հերքել այս արտահայտությունը: Երկու կին+ մեկ խոհանոց հավասարումը հաջողված է լինում, երբ երկու կինը մի քանի ժամով միանում են` կարկանդակ պատրաստելու:
Ընկերների հետ կարկանդակ պատրաստելու լավագույն կողմերից այն է, որ մեկը կարող է խմորով զբաղվել, մյուսը լցոնումով, իսկ երրորդը` ամաններ լվալով (դրա համար աշխատում ենք անպայման գտնել երրորդին:) )
Դե, լավ շատ չերկարացնեմ` կանչում եք ձեր ընկերուհուն ու սկսում ենք կարկանդակ պատրաստել:
Մեզ պետք է
300 գ ալյուր
150 գ շաքարավազ
100 գ կարագ (կամ սփռեդ)
1 թգ աղ
1 թգ խմորի փխրեցուցիչ
1 փգ վանիլլի փոշի կամ էքստրակտ
մեկ լիմոնի կեղև
1 թգ լիկյոր կամ ռոմ
Լցոնում
1 կիլո կեռաս
1 բաժակ շաքարավազ
+ սոուս
1 կիլո կեռասը շաքարավազի հետ խառնելուց հետո դուրս եկած հյութը
1 բաժակ կաթ
3 թգ կռախմալ
2 թգ ալյուր
3 ճգ շաքարավազ
Անցնում ենք պատրաստմանը
Պատրաստում ենք խմորը (եթե չեք հիշում նախորդ պոստերից նորից կգրեմ): Կտրեք կարագը կամ մարգարինը մանր քառակուսիներով ու սպասեք այն մի փոքր փափկի: Ավելացրեք ալյուրը սեղանին ու խառնեք այն կարագի հետ ու ավելացնում մյուս չոր բաղադրիչները (մոռացա հիշացնեմ, որ այս խմորը առանց ամանի էլ կարող եք պատրաստել): Հունցում ենք մի փոքր ու ավելացնում լիմոնի կեղևը,ձուն ու լիկյորը: Մի դադարեք հունցել ու այս վախենալու մասսան շուտով կդառնա խմոր: Շարունակեք հունցել, տվեք խմորին գնդի ձև ու տեղափոխեք մթերային տոպրակի մեջ, այնուհետև սառնարան 20-30 րոպեյով:
ԱՅս ընթացքում կհասցնեք ձեր ընկերների հետ մի փոքր սուրճ, թեյ (կամ ինչ եք սովորաբար խմում) վայելել, խոսել ու շատ հանգիստ անցնել լցոնման պատրաստմանը:
Հանեք բոլոր կեռասների կորիզներն ու կեռասի վրա ավեկացրեք շաքարավազը: Թողեք այդպես մնան, մինչև կավարտեք խմորի պատրաստումը:
Չմոռանաք նաև տաքացնել վառարանը, մեզ պետք է, որ այն հասնի 150 աստիճան:
Հանեք խմորը սառնարանից ու զգույշ գրդնակեք: Մի մոռացեք, որ խմորը հիմնականում կարագից է բաղկացած, այնպես որ մի սղմեք, այլապես ձեր խմորը կկպնի սեղանին: Դանդաղ ու թույլ շարժումներով գրդնակում ենք` տալով խմորին հրակայուն ամանի չափը + Մի 2-3 սմ ավել, որպեսզի խմորը կարողանա տեղավորել լցոնումը:
Տեղավորեք խմորն ամանի մեջ, ձևավորեք դրա ծայրերը` մատներով կամ պատառաքաղով: Վրան փռեք խմորեղենի թուղթ ու լոբիներ, կամ մակարոն: Սա պետք է նրա համար, որպեսզի խմորը վառարանում ձևափոխությունների չենթարկվի: Եվ այսպես վերցնում ենք ծայրից ծայր մակարոններով լցոնված ծմորն ու դնում վառարանը :20-30 րոպեն բավական են, որպեսզի խմորը պատրաստ լինի:
Շեղվում ենք խմորից, թողում այն սառի
Անցնենք կեռասներին: Առանձնացրեք դրանք դուրս թողած հյութը: Կեռասները տեղափոխեք արդեն սառած խմորի վրա ու մի 10 րոպեյով վերադարձրեք վառարան:
Հյութը խառնեք կաթի, ջրի հետ, լցրեք փոքրիկ կաթսայի մեջ ու տաքացրեք միջին կրակի վրա: Դանդաղ խառնելով ավելացրեք կռախմալը, շաքարավազն ու ալյուրը, մի փոքր հետո նաև լիկյորը: Խառնեք այնքան ժամանակ, մինչև չզգաք, որ լուծույթը պնդանում է: Մեզ պետք է պինդ, բայց հեշտ ծորացող լուծույթ: Հենց ստանաք այդպիսին անջատեք կրակը: Կարծում եմ մոտ 8 րոպեն բավական կլինի այդպիսի լուծույթ ստանալու համար:
Հանեք վառարանից կարկանդակն ու հավասարաչափ լցրեք ստացված լուծույթը դրա վրա: Թողեք այն սառի: Մեկ ժամից, երբ կարկանդակն արդեն սառած լինի կարող եք այն տեղափոխել սառնարան:
Խորհուրդ եմ տալիս դիմանալ ու կարկանդակն ուտել առնվազն 4 ժամ հետո: Այդ ժամանակ բոլոր համերն իրար լավ խառնված կլինեն, իսկ լուծույթը` սառած ու պնդացած:
Ցավոք ես ու ընկերուհիս չդիմացանք ու կարկանդակը 30 րոպե հետո կերանք: Համեղ էր, բայց շատ հյութալի էր: Հաջորդ օրը նույն կարկանդակն ուտելուց հետո ես հասկացա, որ սա էլ բոռշի պես մի բան է` երկրորդ օրն ավելի լավն է:
Պատրատսեք այս կարկանդակը մենակ կամ ընկերների հետ ու անպայման արձագանքեք` տեսնեմ, թե ինչպես է ստացվել ու կարողքացաք արդյոք 30 րոպեյից ավել դիմանալ :)
Սիրով`
Նյամիկ Էլլա Կանեգարիան