ArmnewsTV.am-ը գրում է.
Հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստի օրակարգում մեկ հարց է` «1994 թվականի մայիսյան զինադադարը եւ խաղաղության հեռանկարը»: ԱԺ նախագահը բանակցային գործընթացի ձևաչափին է անդրադառնում: Նրա կարծիքով, գործող` Մինսկի խմբի ձեւաչափն ամենակենսունակն է, միայն թե մեկ վերապահում ունի:
«ԼՂՀ-ն պետք է բանակցությունների լիիրավ կողմ դառնա տարվող բանակցություններում: Եվ ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն պետք է Արցախի ժողովրդի հավանությանն արժանանա»,-նշում է Գալուստ Սահակյանը:
Հայաստանցի խորհրդականների հետ Ստեփանակերտ ժամանած Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հիշեցնում է` պաշտոնական Մոսկվան տարիներ առաջ է ընդունել, որ Ստեփանակերտը հակամարտության կողմ է: Ռուս դիվանագետը համոզված է` բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմանը Բաքուն է խանգարում:
«Ինչպե՞ս կարող եմ համակրել մի կողմի, որը հայտարարում է` պատերազմը չի ավարտվել, ավարտվել է նրա առաջին փուլը: Սա է քաղաքական պատճառը, թե ինչու եմ դա կացնային դիվանագիտություն որակում: Կարո՞ղ է արդյոք միջնորդը ըմբռնումով մոտենալ այն կողմին, որը չի կատարում իր կողմից պաշտոնապես ստորագրված պարտավորությունները: Իհարկե ոչ»,-համոզված է Վլադիմիր Կազիմիրովը:
ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատում միջնորդների ջանքերը զինադադարի հաստատման եւ այսօրվա խաղաղության պահպանման գործում, սակայն Բաքվին խաղաղություն պարտադրող ամենալուրջ գործոնը եղել եւ մնում է սահմանին կանգնած զինվորը:
«Արցախի Հանրապետությունը բազմիցս է հայտարարել եւ այսուհետ էլ չի հանդուրժելու որեւէ ոտնձգություն իր հանդեպ: Եվ որ այսօր, առավել քան երբեւէ, Արցախի բանակը պատրաստ է պաշտպանել մեր սահմանները»,-հայտարարում է Աշոտ Ղուլյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովն աշխատանքն ամփոփեց համատեղ ասուլիսում: Հայաստանյան պատվիրակությունը այցի ավարտից առաջ կհանդիպի նաև սահմանապահների հետ և կհյուրընկալվի Արցախի նախագահի նստավայրում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



