Համացանցային լուրերին շատ մարդիկ են հետևում և ամեն մեկն իր հետաքրքրության շրջանակներն ունի: Կրոնական դաշտը նույնպես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանյան կրոնական դաշտի վերաբերյալ հոգևորականներից, աստվածաբաններից ու կրոնագետներից ոչ պակաս դիպուկ վերլուծություններ, մեկնաբանություններ ու դիտարկումներ են կատարում նաև այլ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր առանձնակի նախանձախնդրությամբ են լցված` տեսնելու բնության ու մարդու ներդաշնակությունը կամ մարդու հոգեբանական վիճակի ու նրա կենցաղի ներդաշնակությունը: Այդպիսի հիանալի հատկություններով օժտված հայորդիները, երբ մեր` հայերիս ներքին խաղաղությունը ալեկոծող երևույթներ են նկատում, ապա անմիջապես հրապարակայնորեն արձագանքում են ու դրանով նպաստում հասարակության նորմալ հոգեբանական վիճակի պահպանմանը: Համարյա բոլոր բնագավառներում ունենք առողջ տրամաբանությամբ օժտված երիտասարդ ու խոստումնալից վերլուծաբաններ, որոնք սակայն հրամցնելով իրենց դիտարկումները` իրենք էլ մոռանում են դրա մասին ու արդեն հաջորդ օրը նրանք կարող են բարձրացնել մեկ այլ ցավոտ հարց, բայց այս անգամ բոլորովին այլ բնագավառի վերաբերյալ: Հենց նոր ընթերցեցի Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)-ի «Եհովայի վկաները օրը ցերեկով Երևանի փողոցներում ստենդեր են դնում» խորագրով հոդվածն ու բնականաբար ես կիսում եմ հեղինակի մտահոգությունը: Բայց մի խնդիր կա: Պետք է հետևողական լինել: Հիմա Կոնստանտինը թեման բարձրացրեց ու կանցնի այլ թեմայի, բայց անհրաժեշտ է այն զարգացնել: Եթե Ձեզ տրվեց այդ իրական դիտարկման գաղափարը, ապա Աստված Ձեզ ճանապարհը նույնպես ցույց կտա, թե ովքեր պետք է «այդ աղբից մաքրեն մեր հասարակությունը» և ի վերջո գտնել, մշակել, ծրագրավորել Ձեր առաջարկությունը իր նպատակին հասցնելու մեխանիզմն ու այն իրականացնել կամ գոնե ձգտել դրան: Պետք չի սպասել, որ ինչ-որ մեկը անի, եթե հարցը բարձրացնում եք, ուրեմն հարցի լուծումն էլ Ձեզանից լավ ոչ ոք չի կարող գտնել: Այսքանը մտերմաբար, իսկ մնացածը Ձեր գործն է: 
Մի քանի օր առաջ Սոչի քաղաքի կենտրոնական մասում նույն ցուցատախտակից մի հայ կին էր դրել ու կողքը հպարտորեն կանգնել, բավական էր մեկը հետաքրքրության համար գլուխը թեքեր ու նայեր և նա արդեն իբրև որս գտնվում էր այդ հայուհու ճիրաններում: Բայց այդ օրը այդ հայուհու համար այնքան էլ հաջող օր չէր, որովհետև հենց իմ աչքի առաջ մի քանի ռուս կանայք հարձակվեցին նրա վրա և ամենավերջին բառերով հայուհուն անպատվելով, ցուցատախտակի վրայի կեղծ գրականությունը կողքի աղբամանը նետեցին ու շրջապատի մարդկանց հիացական հայացքների ներքո հեռացան: Բայց ամենացավալին այն է, որ տպավորություն ստեղծվեց թե հայերը Եհովայի վկաներ են: Սոչիի բնակչության քսան տոկոսը հայերն են կազմում և դեռ կան բնակիչներ որ չգիտեն, որ մենք քրիստոնյաներ ենք, իսկ Սոչիիում հայկական եկեղեցին գործում է 1991 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել