Որքան շատ եմ ճանաչում տղամարդկանց, այնքան ավելի եմ զարմանում: Որ կողքից նայում ես իրենց քայլերին, ոնց որ երեխա լինեն: Հիմա ասեմ` ինչու: Միայն միամիտ երեխան կարող է մտածել, որ եթե ընտանիքում կնոջ հետ խնդիրներ ունի` պետք է սիրուհի գտնի ու ամեն ինչ լավ կլինի: «Ձախ գնալով» ընտանիքն ամուր պահելու հանճարեղ գաղափարն իմ երևակայության արդյունքը չի, այն լսել եմ տղամարդկանցից: Ըստ այդ լեգենդի` հիմա իրենք կգնան հանդիպման մի այլ կնոջ հետ, նրանից կստանան իրենց պակասող էմոցիոնալ և ֆիզիկական բավարարվածությունը, և երբ տուն գնան, ավելի հանգիստ կլինեն, սեփական կնոջ հետ չեն վիճի ավելորդ անգամ, իրենց մոտ ամեն ինչ նորմալ կլինի ու խաղաղ ընտանեկան հովվերգությունն ապահովված է:
Տղերք, դուք իրո՞ք չեք հասկանում, որ ամենամեծ ինքնախաբերությունն է սա: Դուք երբևէ չե՞ք մտածում, որ ավելի գեղեցիկ, մարդկային վերաբերմունք կարելի է ստանալ կնոջից: Կամ, ի՞նչ եք կարծում, այն կանայք, ում նման կերպ եք մոտենում, իրենց ինչպե՞ս են զգում: Ստացվում է, որ դուք այնքան եք էժանացնում ձեր վերաբերմունքը, որ ուրիշ կանանց ուզում եք օգտագործել որպես խցան (չիվ գրեմ, որ պարզ լինի), որով կարելի է փակել ընտանեկան նավակի հատակին կին-ամուսին տանդեմի կողմից երկուստեք բացած անցքը, որ չխորտակվե՞ք: Բնական է, շատ կանայք կան, ովքեր թքած ունեն ամեն ինչի վրա, ձեզ ընդունում են միայն որպես որոշակի ֆիզիկական գործողություններ կատարող «դրամապանակ»: Եթե ձեզ ձեռք է տալիս այդ կարգավիճակը, ձեր գործն է, ուրեմն ընտրեք իգական սեռի համապատասխան ներկայացուցիչների և զանազանության համար մի փնտրեք ավելի ներկայանալի կերպարներ, դրանով վիրավորում եք մյուս կանանց:
Դա էլ դեռ ոչինչ, բա որ սկսում եք ձեզ ներկայացնել որպես մեծագույն հումանիստ: Այստեղ արդեն դիմանալը բարդ է))) Ախր ո՞նց չենք գնահատում այն, որ ուզում եք հաճույք պատճառել կանանց: Ախր դուք բարի եք, ձեզ ոչի՜նչ պետք չի, միայն այդ կանանց մասին եք հոգում, բա ո՞նց կլինի, որ հանկարծ մի կին տխուր մնա ))))
Կամ, մոռանում ե՞ք, որ կանայք շատ ուշադիր են, ամեն ինչ նկատում են, բայց ամեն ինչ չէ, որ ասում են, կամ ցույց տալիս, որ հասկացան: Քիչ չեն դեպքերը, երբ տղամարդը հեքիաթ է պատմում, թե իրեն կնոջ հետ կապող ոչ մի ընդհանուր բան չկա, որ ինքը շատ է հոգնել այդ վիճակից, համատեղ ապրում է միայն երեխաների համար, ճար ունենա, հենց հիմա էլ կբաժանվի, լյա-լյա, բլա-բլա… Թարսի պես հենց այդ ընթացքում կինը զանգում է, ու մեր անդերսենը ձգվում է, շունչը պահում, որ մադամը չհասկանա, որ ուրիշ կնոջ հետ է նստած այս պահին )))))
Դեմ չեմ, կյանքում բազում իրավիճակներ, ճակատագրական դեպքեր են լինում, որոնք մարդն անկարող է փոխել, բայց… Ախր, եթե ի սկզբանե չէիք սիրում, ո՞վ էր դանակը դրել կոկորդներիդ` ընտրեիք սիրելիին, եթե դեռ չէիք գտել նրան, ո՞վ էր ստիպում ամուսնանալ, համբերեիք: Թե՞ մտածում էիք լավ, սրան տանեմ տուն, թող երեխա բերի, տուն մաքրի, ես ուրիշների հետ կանեմ «կայֆերս»:
Հասկանում եմ, ընդունում եմ, կյանքը միանշանակ կաղապարներով չի, բայց, այնուամենայնիվ, փորձեք ազնիվ լինել: Եթե այլևս հնար չկա` բաժանվեք ու մի տանջեք, մի նվաստացրեք իրար: Դուք կանանց դավաճանելով, նրանք ձեզ` խանդելով ու նյարդեր սղոցելով, երբեմն էլ նույնպես դավաճանելով, որ վրեժխնդիր լինեն: Կասեք` չի՞ բաժանվում կինը: Ճիշտն ասած չեմ հավատա, վիճակագրություն էլ կա, որ ապահարզանի դիմողների ճնշող մեծամասնությունը կանայք են: Համաձայնեք, որ իրականում իրարից հոգնում են միայն այն մարդիկ, ովքեր չեն սիրում աճել, փոխվել: Չեք ուզում ինքներդ փոխվել, փոխում, կամ ավելացնում եք ձեր կողքի կանանց: Որպես ևս մի կտոր սառույց` հիասթափեցնեմ ձեզ, ապացուցման կարիք չունի այն փաստը, որ մենք բոլորս նույն անատոմիական կառուցվածքն ունենք, պետք է փորձեք մեր անհատական կերպարների հետ շփվել:
Մտածեք, եթե այնքան երջանիկ եք, որ ձեր կինը կա, և նա իր կյանքի ժամանակը տրամադրել է ձեզ, ուրեմն մի արժեք ունեք նրա համար: Փորձեք հասկանալ` ինչ է ուզում նա, ինչ եք ուզում դուք: Մի՛ տրորեք, մի՛ մոռացեք, մի՛ անտեսեք այն նուրբ վիճակները, որոնք պատճառ եղան համատեղ կյանք սկսելուն: Կյանքը միայն ֆիզիոլոգիա չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/738635869493026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել