Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում անվան փոխման գրանցումը և որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն՝
- դիմում (դիմումի ձևանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից),
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,
- տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը,
- ՔԿԱԳ-ի այն վկայականները, որոնք փոխվելու են անվան փոխման հետևանքով,
- դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է,
- դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը,
- 16-18 տարեկան անձանց դեպքում՝ անձի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունն անվան փոխման մասին,
- դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթղթեր, որոնք ապացուցում են անվան փոխման համար հիմք հանդիսացող վերոհիշյալ հարգելի պատճառների առկայությունը,
- զորամասից (զինվորական կառավարման մարմնից) ծառայության մասին տեղեկանք՝ զինծառայողների դեպքում:
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա:
Անուն փոխել ցանկացող, 16 տարեկանից բարձր տարիք ունեցող անձի դիմումը մյուս փաստաթղթերի հետ միասին ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի ոստիկանություն՝ քրեական գործ հարուցված լինելու, քրեական պատիժ կրելու, նրա դատվածության և հետախուզման մեջ գտնվելու մասին եզրակացություն ստանալու նպատակով: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15- օրյա ժամկետում:
ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, և համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար: ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը 10-օրյա ժամկետում անվան փոխման համար դիմած անձին գրավոր տեղեկացնում է նրա խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:
Անվան փոխման խնդրանքը բավարարելու դեպքում քաղաքացին պարտավոր է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՔԿԱԳ-ի տարածքային մարմին՝ անվան փոխման գրանցումը կատարելու համար: Նշված ժամկետը բաց թողնելու դեպքում քաղաքացու կրկնակի միջնորդությունը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից ընդունվում և քննարկվում է ընդհանուր կարգով:
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ:
Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությունը, ապա դրա համար սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետևյալ դրույքաչափերով՝
- երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ,
- հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ,
- տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ:
Մարինե Ֆարմանյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Կարդացեք նաև` Հարց իրավաբանին. Ի՞նչ կարգով և ո՞ր մարմնի կողմից է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



