Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Мелькумов Яков Аркадьевич, 1885թ. դեկտեմբերի12(24), Շուշի, Արցախ, - 1962թ. հուլիսի 3, Մոսկվա), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935): «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ:
Բանակ է զորակոչվել 1907 թվականին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը: 1918թ. ամռանից 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա: 1919թ. վերջերից 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար: Մասնակցել է Բուխարայի գրավմանը: 1920-23թթ. մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը: 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի: Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը: 1924թ. նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար: 1924-31թթ. նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները: 1934-37թթ. զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը: 1937թ. հունիսին ձերբակալվել է: «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման: 1954թ. ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել