Armsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի աշխարհի նախորդ 19 առաջնություններում անցկացված 772 խաղում խփվել է 2208 գոլ (միջինը` 2,86 գնդակ): Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի Լյուսյեն Լորանը` 1930թ. գրավելով Մեքսիկայի հավաքականի դարպասը: Առայժմ վերջին գոլի հեղինակն աշխարհի չեմպիոն, իսպանացի Անդրես Ինյեստան է, ով 2010թ. հուլիսի 11-ին Յոհանեսբուրգում կայացած եզրափակիչ խաղում գրավել է Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Մարթեն Ստեկելենբուրգի պաշտպանած դարպասը:

Ամենաբարձր արդյունավետությամբ աչքի է ընկել 1954թ. Շվեյցարիայում կայացած աշխարհի 5-րդ առաջնությունը (140 գոլ 26 խաղում, միջինը` 5,38 գոլ): Ամենացածր արդյունավետությունը գրանցվել է 1990թ. Իտալիայում կայացած աշխարհի 14-րդ առաջնությունում (115 գոլ 52 խաղում, միջինը` 2,21 գոլ): Առավելագույն քանակի գոլեր (171` 64 խաղում) գրանցվել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված մրցաշարում:

Աշխարհի առաջնությունների մասնակից 79 երկրների հավաքականներից միայն 8-ին է հաջողվել նվաճել Աշխարհի գավաթը: 5 անգամ ուժեղագույնն են ճանաչվել բրազիլացիները (1958, 1962,1970, 1994, 2002թթ.), 4 անգամ` իտալացիները (1934, 1938, 1982, 2006թթ.), 3 անգամ`գերմանացիները (1954, 1974, 1990թթ.): 2-ական անգամ աշխարհի չեմպիոն են հռչակվել Ուրուգվայի (1930, 1950թթ.) և Արգենտինայի (1978, 1986թթ.) հավաքականները, մեկական անգամ էլ հաղթանակի բերկրանքը վայելել են անգլիացիները (1966թ.), ֆրանսիացիները (1998թ.) և իսպանացիները (2010թ.):

Նախորդ 19 առաջնությունների մրցավայր են դարձել 16 երկրներ, ընդ որում 2002թ. առաջին և առայժմ միակ անգամ մրցաշարն անցկացվել է երկու երկրում` Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Իտալիան, Մեքսիկան, Ֆրանսիան և Գերմանիան 2-ական անգամ են հյուրընկալել առաջնության մասնակիցներին: Բրազիլիայում ևս 2-րդ անգամ կանցկացվի համաշխարհային ֆուտբոլի ստուգատեսը: Առաջին անգամ աշխարհի առաջնության հանդիպումները Բրազիլիայում անցկացվել են 1950թ., որտեղ հաղթող է ճանաչվել Ուրուգվայի հավաքականը:
10 անգամ առաջնությունն անցկացվել է Եվրոպայում, 7 անգամ` ամերիկյան մայրցամաքում, մեկական անգամ էլ` Ասիայում և Աֆրիկայում: Առայժմ միայն բրազիլացիներին (1958թ.` Շվեդիայում, 2002թ.` Ճապոնիայում և Հարավային Կորեայում) և իսպանացիներին է (2010թ.` Հարավաֆրիկյան Հանրապետությունում) հաջողվել “օտար” մայրցամաքում չեմպիոն հռչակվել:
6 անգամ ուժեղագույնն է ճանաչվել առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը` Ուրուգվայը (1930թ.), Իտալիան (1934թ.), Անգլիան (1966թ.), ԳՖՀ-ն (1974թ.), Արգենտինան (1978թ.) և Ֆրանսիան (1998թ.): Վերջինս 2-րդ փորձից դարձավ աշխարհի չեմպիոն: Մինչ այդ 1938թ. Ֆրանսիայում անցկացված առաջնությունում դաշտի տերերը մնացել էին առանց մեդալների:
Շվեյցարիայի (1954թ.), Մեքսիկայի (1970, 1986թթ.), Իսպանիայի (1982թ.), ԱՄՆ-ի (1994թ. ), Հարավային Կորեայի (2002թ.), Ճապոնիայի (2002թ.) և Հարավաֆրիկյան Հանրապետության (2010թ.) հավաքականներին «հարազատ պատերն» էլ չօգնեցին մրցանակակիր դառնալու:
Միայն պորտուգալացիներին (1966թ.) և խորվաթներին (1998թ.) է հաջողվել աշխարհի առաջնություններում նորամուտը նշել մրցանակային տեղով` դառնալով 3-րդ մրցանակակիր:
1998թ. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հաջորդ առաջնությունում (2002թ.) հաղթանակ չտոնեց ու գոլ չխփեց` պայքարից դուրս մնալով խմբային մրցաշարում: 2010թ. նման ճակատագրի արժանացավ 2006թ. աշխարհի չեմպիոն Իտալիայի ընտրանին, որը ևս չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքն ու հաղթանակ չտոնեց, թեև 3 խաղում մրցակիցների դարպասը 4 գոլ խփեց:

Բրազիլիայի հավաքականը միակն է, որ մասնակցել է նախորդ 19 առաջնություններին: 5 անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի տիտղոսին, բրազիլացիներն այդ առաջնություններում անցկացրած 32 հանդիպումներում պարտություն չեն կրել, ընդ որում 1970 և 2002թթ. հաղթել են բոլոր խաղերում:
Աշխարհի առաջնություններում բրազիլացիները տոնել են առավելագույն քանակի հաղթանակներ (67), առավել հաճախ (24 անգամ) հաղթել են խոշոր հաշվով, խփել են բոլորից շատ գոլեր (210):

Գերմանիայի հավաքականը մասնակցելով աշխարհի 17 առաջնության, անցկացրել է բոլորից շատ` 99 հանդիպում: Գերմանիայի ընտրանին կդառնա աշխարհի առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած առաջին հավաքականը: Գերմանացիներն այդ հոբելյանը կնշեն հունիսի 16-ին պորտուգալացիների հետ կայանալիք առաջնության մեկնարկային խաղում: Հունիսի 23-ին Կամերունի հավաքականի հետ հանդիպումը կլինի բրազիլացիների հոբելյանական` 100-րդ խաղն աշխարհի առաջնություններում:
Առավել հաճախ` 7-ական անգամ առաջնության եզրափակչում հանդես են եկել Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները` հաջողության հասնելով համապատասխանաբար 5 և 3 անգամ: Ընդ որում միայն 2002թ. է կայացել այս հավաքականների անդրանիկ հանդիպումն աշխարհի առաջնություններում, այն էլ` եզրափակչում:
1982-1990թթ. Գերմանիայի հավաքականը 3 անգամ անընդմեջ մասնակցել է եզրափակիչ խաղին` չեմպիոնի տիտղոսը նվաճելով մեկ անգամ (1990թ.): Իսկ ահա բրազիլացիները 1994-2002թթ. երեք եզրափակիչներից 2-ում (1994 և 2002թթ.) հաղթել են:

Միայն 2 ֆուտբոլիստի` Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Անտոնիո Կարբահալին (1950-1966թթ.) և գերմանացի Լոթար Մաթեուսին (1982-1998թթ.) է հաջողվել հանդես գալ աշխարհի 5 առաջնությունում: 12 ֆուտբոլիստ մասնակցել է 4 առաջնության:
Լոթար Մաթեուսն աշխարհի առաջնություններում բոլորից շատ` 25 խաղ է անցկացրել: Իսկ ահա իտալացի Պաոլո Մալդինին, ով նրանից 2 խաղ պակաս է անցկացրել, ռեկորդակիրն է խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով (2220): Մաթեուսի ռեկորդը կարող է գերազանցել նրա հայրենակից Միրոսլավ Կլոզեն, ով աշխարհի նախորդ 3 առաջնություններում 19 խաղ է անցկացրել: Ռեկորդակիր դառնալու համար Կլոզեն պետք է 7 խաղ անցկացնի: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Գերմանիայի հավաքականը մտնի եզրափակիչ կամ իրավունք ստանա պայքարելու 3-րդ տեղի համար:
Դարպասապահներից բոլորից շատ` 18-ական խաղ են անցկացրել գերմանացի Զեպ Մայերն ու բրազիլացի Կլաուդիո Տաֆարելը: Նրանց ռեկորդը կարող է բարելավել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով նախորդ 3 առաջնություններում 15 անգամ պաշտպանել է դարպասը: Նա կարող է դառնալ նաև աշխարհի առաջնություններում Իսպանիայի հավաքականի կազմում առավել շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը: Առայժմ ռեկորդակիրն Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետան է` 16 խաղ:
Պելեն աշխարհի միակ եռակի չեմպիոնն է: 11 ֆուտբոլիստ` իտալացիներ Մեացան, Ֆեռարին, բրազիլացիներ Ժիլմարը, Ջ. Սանթոսը, Ն. Սանթոսը, Զիտոն, Դիդին, Գարինչան, Վավան, Զագալոն և Կաֆուն աշխարհի կրկնակի չեմպիոններ են:
Աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը Պելեն է: Նա ոսկե մեդալ է նվաճել 17 տարեկան 249 օրականում: Ամենատարեց չեմպիոնը 40-ամյա իտալացի դարպասապահ Դինո Ձոֆն է (1982թ.):

Աշխարհի առաջնությունների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Հս. Իռլանդիայի հավաքականի խաղացող Նորման Ուայթսայդն է, ով 1982թ. իր նորամուտը նշել էր 17 տարեկան 41 օրականում: Ամենատարեց ֆուտբոլիստը կամերունցի Ռոժե Միլան է, ով 1994թ. 42 տարեկան 39 օրական էր Ռուսաստանի հավաքականի հետ անցկացրած իր վերջին խաղում:
Աշխարհի 2 առաջնության եզրափակիչ խաղերում գոլի հեղինակ են դարձել բրազիլացիներ Վավան (1958, 1962թթ.), Պելեն (1958, 1970թթ.) ու գերմանացի Պաուլ Բրայթները (1974, 1982թթ.):
Անգլիացի Հերսթը եզրափակիչ խաղում հեթ տրիկի հեղինակ դարձած միակ ֆուտբոլիստն է: 1966թ. նա 3 անգամ գրավել է ԳՖՀ-ի հավաքականի դարպասը:
Ամենաարագ հեթ տրիկի հեղինակը հունգարացի Լասլո Կիշն է: Նա 1982թ. Սալվադորի հավաքականին 3 գոլ է խփել ընդամենը 7 րոպեում: Ի դեպ, նա միակն է, որ նման հաջողության է հասել փոխարինման դուրս գալով:
Բրազիլացի Մարիո Զագալոն և գերմանացի Ֆրանց Բեկենբաուերն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են թե որպես ֆուտբոլիստ և թե որպես մարզիչ:
Իտալացի Վիտորիո Պոցոն միակն է, որին հաջողվել է հավաքականը 2 անգամ (1934, 1938թթ.) հասցնել չեմպիոնական բարձունքի: