Ֆրանսիացիները մի շատ հայտնի արտահայտություն ունեն՝ սանդուղքի էֆեկտը: Ֆրանսերեն դա հնչում է այսպես՝ esprit d՛escalier: Դա բնութագրում է այն պահը, երբ դու գտնում ես ճիշտ պատասխանը, բայց արդեն ուշ է լինում: Օրինակ, երբ երեկույթի ժամանակ քեզ անպատվում են և դու պետք է պատասխանես: Երբ բոլորի աչքերը սևեռված են քո վրա և դա քեզ ճնշում է, որպես պատասխան դու ասում ես ինչ-որ անհամոզիչ տեքստ, կամ լռում ես: Սակայն, երբ լքում ես միջոցառման տարածքը և սկսում ես իջնել սանդուղքով վար, օ հրաշք, քո մտքում ծնվում է մի հրաշալի պատասխան, բայց արդեն ուշ է: Եվ դու քեզ զգում ես վերջնականապես նվաստացած:

Ցավոք մեզանում վերջին շրջանում սանդուղքի էֆեկտի ամենաիսկական մշակույթ է ձևավորվում, երբ մեզ տարբեր միջավայրերում ակնհայտորեն ցածրացնում են, իսկ մենք լռում ենք, կամ լավագույն դեպքում տալիս ցաքուցրիվ ու թույլ պատասխաններ: Հետո «սանդուղքով վար իջնելիս» ճիշտ պատասխանը իհարկե մտքներիս գալիս է ու սկսում ենք ազգովի գոռալ ու պահանջել: 
Ըստ իս այս երևույթից խուսափելու լավագույն և թերևս ամենաաշխատող տարբերակը պատրաստված ու բանիմաց կադրերով աշխարհին ներկայանալն է: Թե չէ դեպքից հետո ինչքան էլ բղավենք, առավելագույնը, որ կստանանք, մեր վիճակն էլ ավելի զավեշտալի ու խղճուկ դարձնելն է: Ու կզգանք հիասթափություն, հիասթափություն ու էլի հիասթափություն:

Խղճուկի շորերը մեզ ընդհանրապես չեն սազում: Զգեստափոխվել է պետք: Ու պետք է դա անել արագորեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել