Panorama.am-ը գրում է.
Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Հանրապետության Նախագահը քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել քաղաքապետին և հանդիպման բոլոր մասնակիցներին:
«Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ: Հիրավի, Վիեննան այն եզակի քաղաքներից է, որտեղ լավագույնս ներդաշնակվում են անցյալն ու ներկան, ավանդույթն ու առաջընթացը: Քաղաք, որն ամփոփում է կայսերական դարաշրջանի անջնջելի դրոշմը, միևնույն ժամանակ աչքի ընկնում՝ իր ներդաշնակությամբ, նրբաճաշակությամբ ու մարդասիրությամբ:
Այսօր հնարավորություն ունեմ նաև այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը:
Եվ վերջապես, հարգելի պարոն քաղաքապետ, այսօր պատիվ ունեմ հանդիպելու ի դեմս Ձեզ՝ հմուտ և փորձառու քաղաքական գործչի, ում երկարամյա իմաստուն ղեկավարությամբ վերջին 20 տարիների ընթացքում Վիեննան շարունակել է ծաղկել՝ պահպանելով և ամրապնդելով իր առաջատար դիրքերն աշխարհի լավագույն քաղաքների շարքում։
Այս ամենին միահյուսվում է այն փաստի գիտակցումը, որ քաղաքակրթությունների այս խաչմերուկում՝ Վիեննայում, ամեն քայլափոխի հանդիպող պատմամշակութային ժառանգության կողքին, զգում ես նաև հայկական ներկայությունը՝ եկեղեցիների, կրթամշակութային հաստատությունների ու հուշակոթողների տեսքով, ինչը, կարծում եմ, վիեննական մշակույթին հաղորդում է յուրօրինակ երանգ: Անգնահատելի է Վիեննայի գողտրիկ անկյուններից մեկում հանգրվանած Մխիթարյան միաբանության դերը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների պահպանման գործում: Իսկ Վիեննայի կենտրոնում՝ Հայկական հրապարակում, Ֆրանս Վերֆելի արձանը միջազգային այս քաղաքը դարձնում է մեզ համար էլ ավելի հարազատ:
Ուրախ եմ, որ որպես մեր կապերի շարունակականության խորհրդանիշ՝ այսօր Վիեննայում մասնակցելու ենք ևս մեկ հայկական կառույցի՝ «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը, և ուզում եմ այս առիթով Ձեզ շնորհակալական խոսք ասել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



