Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12-ին` Երևանում, 1972 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: Այնուհետև աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում գիտաշխատող, ավագ ինժեներ:
1979-90 թթ. աշխատել է Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում էլեկտրոնիկայի բաժնի վարիչ: 1990-94 թթ. աշխատել է Հատուկ ծրագրերի պետական վարչությունում ինֆորմացիայի բաժնի ղեկավար:
1994-95թթ աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կրտսեր գիտաշխատող: 1995 թ. ընտրվել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր: 1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, ղեկավարել «Միասնություն» խմբակցությունը:
2000թ-ից` ՀՀ վարչապետ: Ա.Մագարյանը որպես ՀՀ վարչապետ շարունակում է պաշտոնավարել նաև 2003 թ. ՀՀ ԱԺ ընտրություններից հետո՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիոն կառավարությունը:
Անդրանիկ Մարգարյանը իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: 1968 թ.-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974 թ. ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք և սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան», ԵԿՄ մեդալներով։
1992 թ. հունիսի 9-ից ՀՀԿ անդամ է, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին, (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997 թ. դեկտեմբերի 20-ին (ՀՀԿ 4-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ: 1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001 թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համաումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ: 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ նախագահ: 2007թ.-ի մարտի 25-ին հանկարծամահ է եղել: