Նախիջևանում «ծավալվող թեժ մարտերի» մասին ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած լուրը գնալով ավելի ու ավելի է վերածվում զավեշտի: Ճիշտն ասած` չեմ հասկանում, թե ինչ հեռահար նպատակներ ունեին ադրբեջանցիները այս սուտը մոգոնելիս, բայց ամեն դեպքում այն միայն վնաս պատճառեց հենց ադրբեջանական կողմին:
Հիմա կարծես թե գլխի են ընկել ու ուզում են ուղղել սխալը, և ՊՆ-ն հանդես է եկել հերքումով, բայց այս քայլով նրանք միայն ավելի վատ ծուղակի մեջ են իրենց դնում: Բանն այն է, որ հայկական կողմը իրոք վերահսկողություն է հաստատել ոչ ոքի գոտում գտնվող բարձրունքներից մեկի վրա, որի ստորոտում գտնվող ադրբեջանական գյուղում դա խուճապ է առաջացրել, բայց գյուղ չենք մտել:
Հիմա ի՞նչն է ծիծաղելի. անգամ ՊՆ-ի հերքումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ թեժ մարտեր են գնում, ու բարձրունքը գրավված է հայկական զինուժի կողմից, ու անկախ նրանից ինչ ընդհանուր հայտարարի կգա ադրբեջանական ՊՆ-ն ու ադրբեջանական մեդիա դաշտը, այդ դիրքը մնալու է գրավված մեր կողմից:
Ստացվում է, որ ինչ էլ անեն, իրենց ՊՆ-ն սուտասան է դուրս գալու, որովհետև եթե ՊՆ-ն, այնուամենայիվ, միացավ մարտերի մասին ստահակ լուրերին, ու ինչպես մեր օգտատերերն են ասում, այդ կերպով փորձեց ձերբազատվել սառնարաններում պահվող չհաղորդված զոհերի դիակներից, ապա էլի ստացվում է, որ ՊՆ-ն սուտ էր ասում, երբ այսօր հայտարարում էր, որ Նախիջևանում ամեն ինչ խաղաղ է ու ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է:
Երկու դեպքում էլ լուրը ցավագին կընկալվի հենց ադրբեջանական հանրության կողմից ու էլ ավելի կխորացնի նրանց կասկածամտությունը իրենց բանակի ու դրա հնարավորությունների հանդեպ: Դե իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա ավելի լավ, եթե ադրբեջանական հանրության բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի մեր քարոզչամեքենայից, ապականում է նաև իրենցը: Թող սարսափեն մեզնից: