
Բազմաթիվ մարդիկ էներգետիկ ըմպելիքները դիտարկում են իբրև էներգիա ստանալու արդյունավետ միջոց: Եթե Դուք էլ եք պատկանում այդ մարդկանց թվին, մենք Ձեզ խորհուրդ կտանք չչարաշահել այդ ըմպելիքների օգտագործումը: Այս հոդվածը կարդալուց հետո Դուք գուցե անգամ իսպառ հրաժարվեք դրանցից:
1 Կողմնակի ազդեցություններ
Էներգետիկ ըմպելիքները բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն: Դրանք կարող են առաջացնել այլայլվածություն, դողէրոցք, ստամոքսի խանգարումներ, ցավ կրծքավանդակի շրջանում, գլխապտույտ, ցնցումներ, անքնություն և անգամ սրտամկանի ինֆարկտ: Միայն այն հանգամանքը, որ դրանք ազատորեն վաճառվում են խանութներում և կարող են ձեռք բերվել առանց բժշկի դեղատոմսի, չի նշանակում, որ դրանք զերծ են կողմանակի ազդեցություններից:
2 Սթրես և լարվածություն
Կանոնավոր կերպով էներգետիկ ընպելիքներ օգտագործող մարդկանց պահվածքում նկատվում են լարվածության ու անհանգստության կտրուկ դրսևորումներ: Նրանք ավելի հակված են սթրեսի, քան այն մարդիկ, ովքեր էներգետիկ ըմպելիքներ չեն օգտագործում: Պարզվել է, որ որոշ էներգետիկ ըմպելիքներ ավելի շատ կոֆեին են պարունակում, քան գրված է դրանց պիտակների վրա: Չափից ավելի շատ կոֆեինի ընդունումը կարող է խրոնիկ սթրեսի և սրտի արագաբախության պատճառ հանդիսանալ:
3 Շաքարավազի բարձր մակարդակ
Այս ըմպելիքները միայն արհեստականորեն են բարձրացնում մարդու էներգետիկան: Դրանցում շաքարի պարունակությունը հաճախ հատում է թույլատրելիի սահմանը: Մի շարք էներգետիկ ըմպելիքներում միջին հաշվով 15 թեյի գդալ շաքարավազ է պարունակվում: Շաքարավազի չարաշահման հետևանքով օրգանիզմը կարող է ջրազրկվել: Շաքարավազը կարող է բացասաբար անդրադառնալ նաև իմուն համակարգի վրա, վնասել ատամներին և հանգեցնել գիրացման:
4 Տրամադրության փոփոխություններ
Եթե Դուք կանոնավոր կերպով էներգետիկ ըմպելիքներ եք ընդունում, Դուք վտանգի տակ եք դնում ոչ միայն Ձեր ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր հաճախակի են օգտագործում կոֆեին խթանիչը, սերոտոնինի մակարդակն իջնում է: Այս հորմոնը բարձր տրամադրությունն ապահովող նեյրոտրանսմիտեր է: Այս հորմոնի նվազման հետևանքով մարդու մոտ հաճախակի են նկատվում տրամադրության անկումներ, դեպրեսիա և անհանգստություն:
5 Ներքին օրգանների վնասներ
Էներգետիկ ըմպելիք խմելուց հետո մարդու սիրտը, ուղեղը, մարսողական համակարգը և երիկամներն այնպես են սկսում աշխատել՝ ասես նա ինքնաթիռով թռչելիս լինի կամ ներքաշված լինի որևէ կռվի մեջ, մի խոսքով, մարդու տարբեր օրգանները սկսում են չափազանց ինտեսիվորեն աշխատել: Ի վերջո, մարդ այդ ինտենսիվ աշխատանքի հետևանքով հոգնածություն է զգում:
6 Անքնություն
Էներգետիկ ըմպելիքները հակացուցված են գիշերային ժամերին: Դրանք արհեստականորեն ակտիվացնում են Ձեր օրգանիզմը, ինչի արդյունքում Ձեր քունը կարող է փախչել: Անգամ եթե Ձեզ հաջողվի քուն մտնել, Դուք, ամենայն հավանականությամբ, չեք կարողանա խոր քնով քնել: