1in.am-ը գրում է.
ԱՄՆ ռազմաօդային ուժերը երկու B-2 ծանր ռմբակոծիչներ են ուղարկել բրիտանական ավիաբազա՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Նշվում է, որ դրանք անտեսանելի են ռուսական ռադարների համար:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվ Ուորենի խոսքով՝ այդ ռմբակոծիչների կիրառմամբ զորավարժությունները կօգնեն անձնակազմին բարելավել իրենց հմտություններն ու փոխգործակցություն հաստատել օդային ջոկատի անդամների միջև:
«Դա, անկասկած, ՆԱՏՕ-ի առջև իր պարտավորությունների կատարման ԱՄՆ երկաթե հանձնառության ևս մեկ հավաստումն է»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ուորենը հստակեցրել է, որ ռմբակոծիչները բրիտանական Գլոսթերշիր կոմսության «Ֆեյրֆորդ» ավիաբազա են ուղարկվել երեկ:
Հունիսի 4-ին նույն ավիաբազա էին փոխադրվել երեք ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչներ:



