1in.am-ը գրում է.
Ինգվար Քամփրադը հրաժեշտ է տվել IKEA կահույքի կայսրությանը, որը նա ստեղծել և անփոփոխ ղեկավարել է 70 տարի շարունակ, գրում է Lady.ru-ն:
Մեծ բիզնեսի աշխարհում մեկ լեգենդ էլ պակասեց: 88-ամյա Ինգվար Քամփրադը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը:
Ամենահարուստ եվրոպացի Քամփրադը, որի կարողությունը 30 միլիարդ դոլար է գնահատվում, ոչ մի տեղ բիզնես չի սովորել: Փոխարենը նա իր սեփական բիզնես-բանաձևն է բացահայտել, որը հետագայում ուսումնասիրել են բոլոր բիզնես-դպրոցներում. նախքան մարդկանց որևէ բան վաճառելը, հարկավոր է գրավել նրանց վստահությունը, օրինակ՝ ցույց տալ, որ էժանագին ապրանքները նույնպես կարող են որակյալ, հարմարավետ և գեղեցիկ լինել:
Քամփրադի համեստության մասին լեգենդներ են պատմվում: Գործնական նամակագրության ժամանակ նա օգտագործում է թղթի երկու երեսներն էլ և ամեն անգամ աշխատասենյակից 5 րոպեով դուրս գալուց առաջ անջատում է լույսը: Նա հագուստ է գնում միայն զեղջերի ժամանակ, հին մեքենա է վարում, թռչում է էկոնոմ-դասով, կանգ է առնում էժանագին հյուրանոցներում:
«Ես ժլատի համբավ ունեմ,- խոստովանում է Քամփրադը:- Սակայն ես հպարտանում եմ իմ համբավով»:
Ահա թե ինչ է գրում նա իր գրքում. «Փողը փչացնում է մարդուն, եթե ծառայում է նրա ցանկությունների բավարարմանը: Գործարարի համար փողը պետք է որպես ներդրումների աղբյուր ծառայի»:
Քամփրադի երեք որդիները ղեկավարում են ընկերության տարբեր ստորաբաժանումները: Կրտսերը՝ Մաթիասը, վաղուց ղեկավարում է Inter IKEA-ն, Յոնինը վարում է Ikea Group-ի գործերը, իսկ ավագը՝ Պյոտրը, զբաղվում է IKANO Group-ով, որը կառավարում է ընտանիքի ակտիվները և խանութները: Սակայն նրանց հայրը բազմիցս հասկացրել է, որ իր որդիների մասին մեծ կարծիք չունի: Ահա թե ինչու հեռանալուց հետո նա ընկերության ղեկավարի պաշտոնը վստահել է ոչ թե որդիներից մեկին, այլ իր հին օգնականին՝ Պետեր Ագնեֆելին:
Պետեր Ագնեֆելը արդեն հայտարարել է ընկերության նոր ռազմավարությունը, որը ենթադրում է ընկերության շահույթը ներկայիս 30 միլիարդ եվրոյից մինչև 2020 թ. 50 միլիարդ եվրոյի հասցնել: Սակայն դա արդեն այլ IKEA կլինի՝ IKEA առանց Ինգվար Քամփրադի…