Yerkir.am-ը գրում է.
«Հայաստանում հերթական ֆինանսական բուրգն է «պայթելու»» վերտառությամբ` Yerkir.am-ի հրապարակած հոդվածը` «Յունիբանկ»-ի սեփականատերերի սկանդալային գործարքների մասին, ըստ սպասվածի, մեծ աղմուկ է բարձրացրել: Ուշագրավ է, որ թեեւ «Յունիբանկ»-ից խմբագրությունը մի շարք «մեսիջներ» է ստացել, բայց այդպես էլ մինչ օրս պաշտոնական պարզաբանման կամ հերքման որեւէ տեքստ չի ստացել:
Եվ ահա խմբագրություն պաշտոնապես պարզաբանում ուղարկելու փոխարեն բանկը որոշել է նախեւառաջ ներքին լսարանին հանգստացնել. իր ֆեյսբուքյան էջում հարկ է համարել իր հաճախորդներին տեղեկացնել, թե իբր մեր հոդվածն իրականությանը չի համապատասխանում, նաեւ ակնարկում է դատարան դիմելու մասին: Ինչ խոսք, դա իրենց իրավունքն է, մեր իրավունքն էլ հանրությանը փաստարկված ինֆորմացիա տալն է:
Մինչ «Յունիբանկի»՝ ներքին լսարանի համար նախատեսված հայտարարությունը, մենք պատրաստել էինք նաեւ երկրորդ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննված թիվ 62204013 քրեական գործը ներկայումս քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, որով նախաքննության ընթացքում ապացուցվել է, որ մեղադրյալ Արթուր Անդրեասյանը, ով այս պահին գտնվում է կալանքի տակ և առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, «Յունիբանկ» է ներկայացրել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գտնվող արտարժույթի փոխանակման կետերի ֆիսկալ հաշվետվությունները` որպես իր եկամուտ, և, գրավադրելով տուժողի գույքերը, ստացել, ընդհանուր առմամբ, 170 000 ԱՄՆ դոլարի վարկ:
Ի դեպ, ըստ քրգործի Արթուր Անդրեասյանը մանկուց շփվել և մտերիմ հարաբերություններ է ունեցել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի և վերջինիս ազգական, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանի ընտանիքի անդամների հետ, ինչն էլ ըստ որոշ լուրերի առիթ դարձավ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի պաշտոնանկության համար:
Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը բացարձակապես կապ չի ունեցել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում գտնվող արտարժույթի փոխանակման կետերի հետ, նրա կողմից «Յունիբանկ» ներկայացված ֆիսկալ հաշվետվությունները եղել են քսերոպատճեններ, չեն եղել կնքված և ստորագրված, եղել են կեղծ: Ավելին` քրեական գործով ապացուցված է նաև այն, որ վարկերը ստանալու պահին մեղադրյալը չի աշխատել ոչ մի տեղ, չի ունեցել ոչ մի եկամուտ: Սակայն բանկ ներկայացրած կեղծ փաստաթղթերում ցույց է տվել 1.5 միլիարդ դրամի շրջանառություն և 12 միլիոն դրամի շահույթ: Առաջին հայացքից այս ամենը թվում է ֆանտաստիկայի ժանրից, որովհետև բոլորին է հայտնի, թե ինչ դժվարությամբ են ՀՀ բանկերը վարկ տրամադրում և ինչքան փաստաթղթեր են պահանջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



