Հեռուստադեմքերի պակաս կա մեզանում: Խելացի ու բանիմաց երիտասարդներ եմ ուզում տեսնել էկրաններից, որոնք թեմաների մեջ խորանալ գիտեն, գրագետ խոսել գիտեն, հետաքրքիր հարցադրումներ անել ու հարցերի պատասխանները լսել գիտեն: Գիտեն հարցազրույց վարել, այլ ոչ պարզապես լուրջ և խորհրդավոր դեմքով կարդալ նախապես գրված հարցերը, գիտեն «բացել» հյուրին ու ցույց տալ նրան ոչ այն տեսանկյունից, որից սովոր ենք նրանց տեսնել, գիտեն պարզապես զրուցել ու դա անել հետաքրքիր:
Ցավոք, մեր հեռուստադեմքերին ստեղծողների պատկերացումները հեռուստանախագծերի մասին սահմանափակվում է լոկ ռուսական մի քանի թոք շոուներով՝ Пусть говорят, Познер… Ու թվում է, որ ինչ էլ հորինեն մերոնք, ինչ էլ ստեղծեն, մեկ է, նոր պրոդուկտը չի դառնալու ավելին, քան այս շոուների էժանագին կապկում:
Ոմանք սկսել են հիանալ Սաթիկ Սեյրանյանի «Ռ-Էվոլյուցիայով» ու ասել, որ սա նոր խոսք է: Եկեք այս հաղորդմանը պայմանականորեն անվանենք Պոզների շոուի թիվ մեկ կապկում: Ի դեպ, վատ կապկում: Հաղորդումից հանում ենք Սաթիկի գրիմը, հագուստը, էլիտար հյուրերին, ճոխ կահավորումն ու բեքգրաունդը ու նայում, թե տակը ինչ է մնում: Մնում է մի կին, ով չի տիրապետում քննարկվող թեմաներին, վարժ կարդում է ինչ-որ կասկածելի ծագման թիմի կողմից գրված հարցերը ու շինծու խստությամբ, ապա իրեն խիստ հատուկ սեթևեթանքով հղում դրանք հյուրին: Եթե նույնիսկ հյուրը իր խոսքում խիստ հետաքրքիր դիտարկում է անում, որից նոր առանձին հաղորդում կարելի էր ստանալ, Սաթիկը դա չի զգում ու շտապում է կարդալ նոր տողից և մեկ մատ խորքից գրված հաջորդ նախադասությունը: Հետաքրքիր զրույցի համար պետք է շատ կարդալ, պետք է կարդալ շատ ու շատ պետք է կարդալ, որը Սաթիկը, ինչպես տեսնում ենք, չի անում: Ահավասիկ, Սերժ Սարգսյանի եղբոր հետ նրա հարցազրույցը: Անհետաքրքիր ու ոչինչ չասող: Հարցազրույցի միակ բոմբ պահը այն էր, որ Լևոնն ուղղակի եկել էր: Հաղորդման որակը բնավ չէր տուժի, եթե, ասենք, հարցաքննվողն ու հարցազրուցավարը լռեին 50 րոպե: Կամ Հովիկ Աբրահամյանի հետ հաղորդումը: Սաթիկը Աբրահամյանին նեղը գցելու տեղը նստել ու սեթևեթում էր նրա հետ: Գուցե ոչ թե Արմենիա TV-ում նստեիք, այլ սրճարանո՞ւմ:
Որքան էլ չեմ ուզում խոսել «Ազատ գոտու» մասին, որովհետև այն վաղուց արդեն անհետաքրքիր է ինձ համար, պետք է նշեմ, որ հաղորդավարը արդեն տարիներ շարունակ շեղվում է իր հիմնական ֆունկցիայից ու փոխանակ գեղեցիկ ու հնարամիտ կերպով խոսեցնի կողմերին, իր պարտքն է համարում անընդհատ ասել իր կարծիքը: Իսկ թե ում է հետաքրքիր նրա կարծիքը, գիտի միայն ինքը: Իսկ որքանով արժեքավոր կարող է լինել մի մարդու կարծիք, որը ամեն թեմայի մասին իր կարծիքն ունի ու ամեն թեմայից խոսում է, վստահորեն, գիտենք մենք:
«Երևանն է խոսում»: Եկեք այս հաղորդմանը պայմանականորեն անվանենք «Ազատ գոտու» թիվ մեկ կապկում: Չգիտեմ՝ Ալեքսանյան Արտակին ինչն է հուշել, որ այս տղային աշխատավարձ պետք է տա, բայց որ Վարդանյան Արտակը բացահայտ դատարկ է ու շոուի ժամանակ նման է սեղանի թենիսի նայող արբիտրի, դա պարզ է: Բացի «խոսքը տանք նրան, խոսքը տանք սրան» ասելուց, այս տղան ուրիշ ոչինչ չի անում: Ընդհանրապես չի կարդում, ընդհանրապես չի խորանում որևէ թեմայի մեջ ու ամենավատը՝ չի ամաչում երևալ դատարկ ու ծիծաղելի: Վերջիվերջո նման դեպքերում միշտ կարելի է ասել, եկեք ծափահարենք, ու սաղ ջրենք գնա:
Արտակ Ալեքսանյան: Ավելի վատ բան չկա, քան մարդը, որին նայելիս անմիջապես հասկանում ես, որ նա մեջն ուռած է: Իսկ թե ինչից է փչվել 4-րդական նշանակության այդ ալիքի ղեկավարը, հավանաբար գիտի ինքն ու հայելու մեջ կանգնած ինքը: Առհասարակ նման ուռած մարդկանց հանդիպելիս զգում եմ, որ Վահրամ Սահակյանի լուծումները որոշ մարդկանց հետ վարվելու մասով բավականաչափ տեղին են ու կարևորը՝ արդյունավետ: Այդքան մարդ ենք տեսնում դրսի շոուներում, բոլորը անտանելի համեստ են՝ գոնե եթերից, ու խոսում են պարզ ու համեստ: Իսկ Արտակը, որը, ի դեպ, իր կոլեգա Սաթիկի պես նույնպես խորշում է թեմաների մեջ խորանալուց ու միատոն հարցազրույցների մեծ սիրահար է, պետք է պարտադիր ցույց տա համայն հայությանը, թե ինչ ուժեղ դեմք է ինքը:
Մի խոսքով, դժգոհ եմ: Էլ դալշե չտամ:



