1in.am-ը գրում է.
Գրոհայինները հարձակման են ենթարկել Պակիստանի Կարաչի քաղաքի «Ջիննա» օդանավակայանի տերմինալներից մեկը: Զոհվել է 13 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով պակիստանյան իշխանություններին:
Հարձակման ժամանակ հնչել են երեք հզոր պայթյուններ, տերմինալը պատվել է ծխի սև ամպով: Զոհերի թվում կան անվտանգության ծառայության աշխատակիցներ: Փոխհրաձգությամբ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:
Հարձակման հետևանքով վնասվել են պակիստանյան ավիաընկերությունների երկու ուղևորատար օդանավեր և օտարերկրյա ավիափոխադրողի բեռնատար օդանավը: Բոլոր ուղևորները տարհանվել են, իսկ չվերթները չեղյալ են հայտարարվել կամ ուղարկվել այլ օդանավակայաններ:
Նշվում է, որ հարձակման մասնակից 10 գրոհայինները 5 ժամ տևած փոխհրաձգության հետևանքով ոչնչացվել են: Ներկայում Պակիստանի տարածքում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:



